Գիտնականները նշել են սրտի հիվանդություններ առաջացնող մթերքը

Արհեստական քաղցրացուցիչները կապված են սրտի հիվանդությունների բարձր ռիսկի հետ և «չպետք է դիտարկվեն որպես շաքարավազի առողջ և անվտանգ այլընտրանք»: The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սորբոնի Փարիզ-հյուսիս համալսարանի մասնագետները՝ կատարած ուսումնասիրությունների հիման վրա։ Այս մասին գրում է shantnews-ը։

Բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար ավելացված շաքարի վնասակար ազդեցությունը վաղուց հաստատված է, ինչի պատճառով սննդամթերք արտադրող ընկերությունները ամենօրյա սպառման զանազան սննդամթերքի և ըմպելիքների մեջ շաքարի փոխարեն օգտագործում են արհեստական քաղցրացուցիչներ:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին դրանց օգտագործումը ենթարկվել է ավելի մեծ հսկողության, թեև ուսումնասիրության արդյունքները տարբեր են՝ կախված այն ազդեցությունից, որ դրանք ունեն տարբեր հիվանդությունների վրա:

Կատարված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս հնարավոր ուղիղ կապ արհեստական քաղցրացուցիչի ավելի մեծ սպառման և սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի միջև:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այս սննդային հավելումները, որոնք ամեն օր սպառվում են միլիոնավոր մարդկանց կողմից և առկա են հազարավոր սննդամթերքներում և ըմպելիքներում, չպետք է դիտարկվեն որպես շաքարավազի առողջ և անվտանգ այլընտրանք», – գրել են հետազոտողները BMJ-ում:

103,000 չափահաս ֆրանսիացիների շրջանում արված հետազոտության արդյունքներով՝ արհեստական քաղցրացուցիչները կապված են սրտանոթային, ուղեղային անոթների և սրտի կորոնար հիվանդությունների ռիսկի հետ: Մասնակիցների միջին տարիքը 42 էր, հինգից չորսը կանայք էին:

Քաղցրացուցիչի ընդունմանը հետազոտողների խումբը հետևել է սննդակարգի միջոցով: Մասնակիցները նշել են այն ամենը, ինչ կերել են 24 ժամվա ընթացքում, ներառյալ ապրանքանիշը, և նրանց սննդակարգի օրագիրը կրկնվում էր երեք անգամ վեց ամսվա ընդմիջումներով՝ երկու անգամ աշխատանքային օրերին և մեկ անգամ՝ հանգստյան օրերին: Նրանց մոտ 37%-ն օգտագործել է արհեստական քաղցրացուցիչներ։

Մոտ մեկ տասնամյակ հսկողությոունից հետո արձանագրվել է 1502 սրտանոթային միջադեպ, այդ թվում՝ սրտի կաթված, մինի ինսուլտ և անգինա:

Արհեստական քաղցրացուցիչի օգտագործումը կարող է 9%-ով մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Երբ հետազոտողները ուսումնասիրել են հիվանդության հատուկ տեսակները, նրանք պարզել են, որ արհեստական քաղցրացուցիչի օգտագործումը կարող է 18%-ով մեծացնել ուղեղի անոթային հիվանդությունների ռիսկը:

Քաղցրացուցիչի հատուկ տեսակը` ասպարտամը, կարող է 17%-ով մեծացնել ուղեղի անոթային միջադեպերի ռիսկը, մինչդեռ կալիումի ացեսուլֆամը և սուկրալոզը կապված են սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի հետ:

Հետազոտությունը դիտողական էր, ուստի չի կարող հաստատել պատճառները, ոչ էլ բացառել այն հավանականությունը, որ արդյունքների վրա կարող են ազդել նաև այլ անհայտ գործոններ: Այնուամենայնիվ, ինչպես ասում են հետազոտողները, դա մեծ հետազոտություն էր, որը գնահատում էր արհեստական քաղցրացուցիչի ընդունումը՝ օգտագործելով ճշգրիտ, բարձրորակ դիետիկ տվյալներ, և արդյունքները համահունչ էին այլ հետազոտությունների հետ, որոնք արհեստական քաղցրացուցիչները կապում էին թույլ առողջության ցուցիչների հետ: Ըստ հետազոտողների՝ լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

Տեսանյութեր

Լրահոս