Բաժիններ՝

Միֆ էր. ոչ միայն Օպերան, այլև ԿԳՄՍ նախարարությունը պետք է լուրջ մտածեն. Բարսեղ Թումանյանը՝ ակադեմիա հիմնելու խոսակցությունների մասին

2021թ. դեկտեմբերին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Օպերային թատրոնում կհիմնվի ակադեմիա՝ թատրոնի բազայի հիմքով՝ ընդգծելով.

«Այո, ակադեմիան շատ կարևոր է, որովհետև ակադեմիան պետք է լուծի այն հարցերը, որը կապված է Օպերային թատրոնի ապագայի հետ: Մենք պետք է երիտասարդների հետ աշխատանք տանենք, որպեսզի ավարտած ուսանողը մինչև Օպերա մուտք գործելը նախապատրաստական մի փուլ անցնի: Երիտասարդներին պետք է կարողանանք նախապատրաստել՝ վաղվա օրն ավելի պրոֆեսիոնալ և ավելի գրագետ լինելու համար, որ մուտք գործեն թատրոն: Որովհետև թատրոնն ունի իր ռեպերտուարը՝ փոքր կամ մեծ, բայց այդ նախապատրաստական աշխատանքը պետք է լինի: Իմ ցանկությունը եղել է, որ Բարսեղ Թումանյանը լինի այս ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը, և մենք պետք է փորձենք կազմակերպել ռեժիսորների, դիրիժորների, երիտասարդ պարողների, նվագախմբի, երգչախմբի և այլ օղակների աշխատանքը, որպեսզի կարողանանք վաղը-մյուս օրը թատրոնը հանձնել երիտասարդներին, այդ հողը նախապատրաստենք իրենց համար, որ իրենց համար ավելի հեշտ լինի»:

Աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս գաղափարն իրականություն դարձա՞վ, վերջինս բացասական պատասխան տվեց՝ նշելով.  «Միֆ էր, որից հետո ինչ էլ ուզենան անել՝ չգիտեմ՝ իմաստը որն է, ինչը ինչ է, ով ինչ պետք է անի: Ոչ միայն Օպերան, այլև ԿԳՄՍ նախարարությունը պետք է լուրջ մտածեն: Միևնույն է, այսպես թե այնպես, մենք չենք կորցնում տաղանդավոր երեխաներին, որովհետև վերջիվերջո, ինչքան էլ ակադեմիան լինի լավագույնը՝ ամբողջ աշխարհում, վերցնողն է ստանում: Շատերն իրենց վրա աշխատում են: Բայց խնդիրն այն է, որ կեղծարարներ շատ կան, դիլետանտները շատ են մտել մեր ասպարեզ, խառնում են ամեն ինչ, և դրա համար թացը չորի հետ է խառնվում, և մենք ռեալ պատկեր չունենք»:

Օպերային երգիչն ընդգծեց՝ ընդհանրապես առանց ունենալու ազատ, անկախ Հայաստանի զարգացման տեսլականը, ոչինչ չենք կարող անել:

«Միայն ստից խոսքեր ասել, որ ազատ խոսքի իրավունք ենք տալիս՝ պետք չէ, ազատ խոսքն առանց փիլիսոփայական հիմնավորման չի կարող լինել. ով ինչ ուզի՝ կարող է բեմադրվել, պարզապես գունավոր ինչ-որ ներկայացում լինի, որ փող բերի, դա արվեստ չէ, ասելիք չունի: Իսկ մեզ մոտ քննադատություն արդեն չկա. ունենք մասնագետներ, բայց բոլորը լռում են, կարծես ամեն ինչ լավ է: Արվեստը երբ չի տալիս ամենակարևոր հարցի պատասխանը՝ հանուն ինչի՞ ենք ապրում, այնտեղ արվեստ չկա»,- եզրափակեց Բարսեղ Թումանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս