Էրդողանի իշխանությունը պատրաստ չէ խաղաղության, փորձում է Հայաստանի հետ Արցախի հարցը սակարկել, սակայն Հայաստանը Թուրքիայի հետ սակարկելու բան չունի. Բագրատ Էստուկյան
Շուրջ կես տարի սկսված հայ-թուրքական, այսպես կոչված, նորմալացման գործընթաց պաշտոնապես նոր պայմաններ են ներմուծվում: Եվ չնայած Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես հայտարարել են, որ սկսում են առանց նախապայմանների գործընթաց, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին իրենց խաղասիրական կեցվածքն են առաջարկում՝ պատրաստ լինելով միաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ ու բացել սահմանները: Սակայն դրա համար, ըստ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի, Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական և ադրբեջանական հողերի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից։
Հաջիևը նաև ասել է, որ Անկարան ու Բաքուն շարունակելու են Կովկասի նոր աշխարհագրության կերտումը։ «Ադրբեջանը կշարունակի իր պայքարը։ Եղբայրական Թուրքիայի հետ մենք ստեղծում ենք «Կովկասի նոր աշխարհագրություն»»,- ասել է Հաջիևը։
Հունիսի 9-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ՝ «ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանության հայտարարություններն այն մասին, թե իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բացել սահմանը»։
Մյուս կողմից, ըստ նրա, թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, իրենք կապ են տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև։
«Կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները փորձում են գտնել կամ ընդգծել յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Որոշակի տարբերություններ կան նաև տեմպի պահով»,- ասել էր նա։
Հունիսի 15-ին էլ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր իշխանությունը փորձում է ընթանալ համապարփակ խաղաղության ճանապարհով, սակայն կկարողանան, կստացվի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: «Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է:Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»,- նշեց Փաշինյանը, ով անձամբ էր երկար ամիսներ շարունակ քարոզում խաղաղության դարաշրջան:
Ստամբուլի «Ակօս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հաջիևի խոսքը պետք չէ ընկալել՝ որպես Թուրքիայի խոսք:
Ըստ նրա, իրականում Հաջիևն իրավասու չէ Թուրքիայի անունից խոսելու: «Բայց մենք Թուրքիայից ակնկալիք ունենք, քանի որ հարաբերություններն իբրև թե բնականոնացնել է ցանկանում, ստիպված է սահմանը բացել և շրջափակումը վերացնել: Թուրքիան պաշտոնապես շրջափակման մեջ է գցել Հայաստանին, այսօր Թուրքիայից դեպի Հայաստան առաքվող բոլոր ապրանքներն ուղարկվում են Վրաստանի միջոցով, միջնորդների միջոցով, դա էլ հանգեցնում է սակագների բարձրացման և ավելի լուրջ խնդիրների: Եվ այս ամենի պատճառը Թուրքիայի 30-ամյա շրջափակումն է: Բարոյական գտնվելու դեպքում նախ այդ շրջափակումը պետք է վերացվի: Հաջիևի հայտարարությունը տեղ չունի հայ-թուրքական կարգավորման ձևաչափի մեջ, Հայաստանը Թուրքիային պաշտոնապես որևէ հողային պահանջ չի ներկայացրել, դա հերյուրանք է, Թուրքիայի իշխանություններն էլ ժամանակ առ ժամանակ պարտադրում են հաստատել մեկ այլ համաձայնագիր՝ Կարսի պայմանագիրը, բայց Հայաստանը բազմիցս կրկնել է, որ հողային պահանջներ չկան: Իսկ Արցախի ինքնիշխանության ու ինքնավարության իրավունքը դա Արցախի խնդիրն է, և Ադրբեջանը համարձակության դեպքում թող արցախահայության հետ բանակցի: Չմոռանանք, որ Ադրբեջանի կազմում եղել են, որպես ինքնավար երկիր, այսօր եթե այդպես չէ, դրա գլխավոր պատասխանատուն Ադրբեջանն է, որը փորձեց վերջ տալ այդ պետությանը:
Ըստ իս, Արցախի օրինակը նմանություններ ունի Աբխազիայի ու Հարավային Օսիայի իրավիճակներին, նրանք Վրաստանի կազմում պայքարեցին իրենց ինքնորոշման իրավունքի համար, և Արցախն էլ նույն իրավունքների համար է պայքարում: Սա չափազանց արդար իրավունք է, արդար պահանջ է, այդ ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը պետք է ունենա»,- ասաց Էստուկյանը:
Նա գտնում է, որ իսկապես Թուրքիան հայ-ադրբեջանական բոլոր խնդիրները կապում է հայ-թուրքական օրակարգի հետ: էստուկյանը նաև գտնում է, որ Թուրքիայի գործող իշխանությունը պատրաստ չէ Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, այդպիսի նպատակ չունի, պարզապես օրակարգ է զբաղեցնում:
«Այս կառավարություններով չեմ հավատում խաղաղության դարաշրջանին, քանի որ Թուրքիայի ներկայիս կառավարությունն ամեն տեղ խռովություններ է ստեղծում և դրա կարիքն է զգում: Դա անում է թե Սիրիայի հյուսիս արշավելու իր մտադրությամբ, և վերջերս, երբ այդ դուռը փակվեց, այս անգամ էլ Հունաստանի դեմ հարձակողական դիրք բռնելով: Թուրքիան խաղաղություն կերտելու նպատակ ունեցող երկիր չէ: Գոնե այսօրվա իշխանության մասին է խոսքը»,- նկատեց նա:
Հայկական շահը, նրա խոսքով, պետք է ներկայացվի շատ լուրջ դիվանագիտությամբ, զուսպ, լուռ և լուրջ հեռանկարներ ունեցող դիվանագիտությամբ: «Անշուշտ, Ադրբեջանի հետ հաշտության կարիք ունենք, բայց ի՞նչ գնով պետք է կնքենք, Արցախին վնաս տալո՞վ, դա ընդունելի չէ, հետևաբար՝ Ադրբեջանը պետք է հարգի Արցախի ինքնորոշման իրավունքը, անվտանգության երաշխիքը, սահմանների բացում, ազատ առևտուր, միջազգային տրանսպորտի բացում, ցանկալի է, դրան հակառակ չենք, բայց գինը կարևոր է»,- ասաց Էստուկյանը:
Նա համաձայն է այն դիտարկումների հետ, որ Ադրբեջանը ու Թուրքիան նախապայման են դնում Հայաստանի առջև՝ եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, զուգահեռ կկարգավորեն հարաբերությունները, բայց թե որքանո՞վ է դա իրավացի ու որչա՞փ ընդունելի Հայաստանի համար, հարցական է, քանի որ անընդունելի է դա:
Ինչ վերաբերում է թուրքական արտաքին քաղաքականությանը, ապա Բագրատ Էստուկյանն այն կարծիքին է, որ աշխարհաքաղաքական համատեքստում Թուրքիան խաղաղությանը նպաստող որևէ քայլ չի անում, այդ ամենը Թուրքիան կազմակերպում է իր ներքին հեղինակությունը բարձրացնելու նպատակով: «Իշխանությունը օգուտ է տեսնում պատերազմի մթնոլորտից՝ կարծելով, թե ժողովրդին իր շուրջն է համախմբում: Ամեն ինչ այդ տրամաբանությամբ է տեղի ունենում, բայց չստացվեց, Սիրիայի մեջ գործողությանը կարծես դեմ կանգնեց թե՛ ՌԴ-ն, թե՛ ԱՄՆ-ը, ուստի Թուրքիան ժամանակավորապես դրանից հրաժարվեց: Հիմա էլ մարտահրավերներ են ուղղվում Հունաստանին, իսկ Արևմուտքի դիրքորոշումն ընդմիշտ երկերես է, ընդմիշտ իր շահերը հետապնդողն է և այս երկրի հետ կապված մեծ շահեր ունի, անվստահելի գործընկեր են Արևմուտքը, Եվրոպան, ԱՄՆ-ը և այլ մեծ երկրները: Նաև Հայաստանի հարցում մենք պետք է այդ փորձերն առած լինեինք, այլոց հետ հույսեր կապելու մեր այդ սխալ դիրքորոշումը, միամիտ մտայնությունը մինչ օրս շարունակվում է»,- ասաց Էստուկյանը՝ նշելով, որ նույնը վերաբերում է նաև իբրև թե դաշնակից Ռուսաստանին:
Խոսելով հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացից, նա նշեց, որ միայն այդ երկխոսությունը ոչ մի նշանակություն չունի, բացառությամբ տրամադրության, որ հայտարարվել է թե Հայաստանից, թե Թուրքիայից, երկուսն էլ հայտարարել են, թե կուզեն հարաբերությունները բնականոն ընթացք ստանան: «Թուրքիան է, որ սաբոտաժ է անում, միակողմանի որոշումով սահման է փակել, ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները մերժում է, բոլոր ակնկալիքները Թուրքիային են ուղղված, բայց ճարպիկ դիվանագիտությամբ փորձում է այս ամենը սակարկություններով բանակցության սեղանի վրա քննարկել, սա ընդունելի չէ, մենք սակարկելու բան չունենք Թուրքիայի հետ։ Ընդհանուր առմամբ իրավիճակը, ինչպես միշտ ու ներկայումս, դժվար է»,- ասաց Էստուկյանը: