Բաժիններ՝

«FAO-ի ինդեքսում մեզ համար հուսադրող բան չկա. մոտակա ամիսների ընթացքում գնաճային միջավայրը շարունակվելու է». ԿԲ նախագահ

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր առկա գնաճի տեմպերի վերաբերյալ պարզաբանումները սկսեց 2020 թվականից, ըստ նրա՝ երբ 2020 թվականին աշխարհում բարձրացավ կորոնավիրուսի ալիքը կենտրոնական բանկերի մոտ հիմնական հարցն այն էր՝ կանխատեսման առումով, արդյո՞ք գնաճային երևույթները կարող են երկարաժամկետ բնույթ կրել, թե դրանք կարճաժամկետ են։

«Հայաստանի Կենտրոնական բանկի տեսակետն այն էր, որ դրանք երևույթներ են, որոնք մեզ հետ լինելու են մոտ ապագայում ու երկար ժամկետով։ Կենտրոնական բանկերից մենք առաջինն էինք, որ 2020 թվականին տոկոսադրույքը բարձրացրեցինք, սա արեցինք այդ ժամանակ, երբ մեր գնաճը նպատակային ցուցանիշից ցածր էր։ Մենք գնացինք տոկոսադրույքի բարձրացման, որովհետև ակնկալում էինք, որ 2021 թվականին գնաճը բարձր է լինելու, այսինքն՝ մենք արեցինք պրոակտիվ քաղաքականություն այն պարագայում, երբ աշխարհի ԿԲ-ներից շատերը դեռ մինչև այժմ քաղաքականություն չեն իրականացնում»,- նշեց Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ այդ ամենի արդյունքում 2021 թվականի նոյեմբերին ունեցած 9,6 % պիկից հետո, նույն թվականի դեկտեմբերին եղել է 7,7 տոկոս գնաճ, իսկ արդեն 2022 թվականի հունվարին՝ 7,4, փետրվարին՝ 6,5 տոկոս։

«Մեր ունեցած բոլոր կանխատեսումներով մտնում էինք այդ միջակայք  և գալիս էինք դեպի ուղենիշ։  Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ 2022 թվականի փետրվարին  տեղի ունեցավ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի սրում, որի արդյունքում աշխարհում ստեղծվեց նոր գնաճային իրավիճակ։ Այսինքն՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գները սկսեցին կտրուկ բարձրանալ։ Ես FAO-ի ինդեքսն էի նայում, այնտեղ հուսադրող որևէ բան մեզ համար չունեմ։ Ցավոք, այս պահին հարցը ոչ այդքան տնտեսական է, որքան ռազմաքաղաքական։ Այսինքն՝ Ռուսաստանը կթողնի՞, որ ուկրաինական ցորենը մտնի միջազգային շուկա, որպեսզի տարբեր երկրներում սով չլինի, թե՝ չի թողնի։ Կուկուռուզի կամ արևածաղկի ձեթի խնդիրը, կամ շաքարավազի խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։ Նման խնդիրները բերում են այն մտքին, որ մոտակա ամիսների ընթացում գնաճային միջավայրը շարունակվելու է»,- շեշտեց Մարտին Գալստյանը։

Միաժամանակ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այսօրվա 9 տոկոս գնաճը գուցե մոտակա ամիսներին կարող է որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, և եթե արտասովոր բաներ տեղի չունենան, ապա տարվա վերջին եղած գնաճից ավելի ցածր գնաճ կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս