«Սա միանգամայն խոցելի տարածություն է փողային հրետանու համար, էլ չենք խոսում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին»
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո ներկայիս կապիտուլիանտները կորցված շուրջ 450 հեկտար հողը (շրջանառվում էր 800, բայց դա սխալ թիվ է) դարձրին քաղաքական կապիտալ ու պիտակավորեցին որպես պարտություն։ Դրա հաշվին էլ 2018թ. զավթեցին իշխանությունը։
Իսկ այժմ, այդ նույն մարդիկ շարունակում են թշնամուն բառացիորեն նվիրել մեր սրբազան հողի նորանոր հատվածներ։ Ահա մի նմանատիպ հաշվարկ Գեղարքունիքի մասով։
Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։
3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։
Գրավված հատվածում է գտնվում ամենաբարձր կետը՝ Ծարասար լեռը, որը հայ-ադրբեջանական սահմանի բաժանարար կետ է, 2021-ի մայիսից հայտնվել է թշնամու թիկունքում 3,8 կմ խորությամբ:
Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները Ծարասարի հատվածում ուղիղ գծով առաջ են եկել մինչեւ 3,8 կմ: Լեռնագագաթից դիտարկվում է ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը, այդ թվում՝ Սեւանա լիճը, որի ափից մինչեւ Ծարասար 29 կմ է, իսկ ահա Վարդենիս քաղաքի կենտրոնից հեռավորությունը 22 կմ է: Սա միանգամայն խոցելի տարածություն է փողային հրետանու համար, էլ չենք խոսում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին (աղբյուրը՝ «Հետք»)»։