Ես չեմ կարող ձեզ երջանիկ դարձնել, ես կարող եմ ձեզ մոտեցնել երջանկությանը. Հրանտ Բագրատյան (լուսանկարներ)
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում այցելել էր Տավուշի մարզի երեք սահմանամերձ գյուղեր` Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ: Սահմանամերձ այս գյուղերի ընտրությունը պատահական չէ. Բագրատյանը Երևանի Կոնյակի գործարանի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այս գյուղերի այգեգործների հետ, գյուղացիները ճանաչում են Բագրատյանին, Բագրատյանը՝ գյուղացիների մի մասին:
Ի՞նչ են պահանջում գյուղացիները Բագրատյանից կամ ընդհանրապես նախագահի թեկնածուից: Ամենամեծ և համընդհանուր դժգոհությունը գյուղացիների աշխատանքը որպես աշխատանքային ստաժ չհաշվելն է: Գյուղացիները հիշում են, որ խորհրդային կոլտնտեսություններում, երբ իրենք զբաղված էին գյուղատնտեսությամբ, հող էին մշակում, իրենց աշխատանքը հաշվվում էր աշխատանքային ստաժ, իսկ հիմա, երբ կատարում են նույն աշխատանքը, նաև հողի և ջրի վարձ են մուծում, իրենց աշխատանքը պետությունը չի գնահատում, և իրենց զրկում են կենսաթոշակ ստանալուց: Հրանտ Բագրատյանը պատասխանում էր, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքն անպայման գյուղացիների աշխատանքը հաշվելու է որպես աշխատանքային ստաժ:
Մյուս կարևոր խնդիրը գյուղացիների վերցրած վարկերն են, որը նրանք չեն կարողանում վերադարձնել, և բանկերը գյուղացիներից վերցնում են նրանց ունեցած հողը, տունը, և իրենք ստիպված են լինում արտագաղթել:
Օրինակ, Չինարի գյուղում հիշում էին, որ 1985թ. իրենց գյուղում ապրում էր 1500 մարդ, իսկ այսօր՝ 720 մարդ, այն ժամանակ գյուղի դպրոցում սովորում էր 500 աշակերտ, իսկ այսօր՝ ընդամենը 127-ը:
Հրանտ Բագրատյանը խոստանում էր, որ նախագահ ընտրվելու դեպքում պետությունն իր վրա է վերցնելու այդ վարկերի տոկոսների սպասարկումը: Այդ վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 95 միլիարդ դրամ: Բագրատյանը նաև խոստանում էր, որ իր նախագահ ընտրվելու դեպքում ստեղծվելու են փոքր գյուղացիական բանկեր, որի փայատերերը լինելու են իրենք՝ գյուղացիները, ստեղծվելու են փոքր արտադրական ձեռնարկություններ, որպեսզի ավելացված արդյունքը մնա գյուղացիներին:
«Ես կողմնակից եմ ժողովրդական կապիտալիզմին, ես դեմ եմ խոշոր կապիտալիզմին»,- ասում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Արծվաբերդի գյուղացիներն ասում են, որ իրենց գյուղում 300 մեքենա կա, բայց դրանցից միայն տասն են, որ քաղաք են գնում, մնացածը ծառայում են գյուղացիներին՝ դաշտ գնալու համար. «Մեր բահն ու փոցխն ենք դնում, դաշտ գնում, բայց ստիպում են, որ մեքենաները ԱՊՊԱ անենք կամ տեխասմոտր: Շատ մարդիկ ստիպված էշի են անցել, ի՞նչ են ուզում, որ գյուղում մեքենան վերանա՞»,- ասում էին գյուղացիները:
Հրանտ Բագրատյանն այս հարցում ևս խոստացավ ընդառաջել գյուղացիներին՝ հայտարարելով, որ, ինչպես գործարանի մեքենասարքավորումների համար գույքահարկ չի վճարվում, այնպես էլ՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող մեքենաների և սարքավորումների համար գույքահարկ չպետք է գանձվի, հնարավոր է, որ դրանք չապահովագրվեն, սակայն այդ դեպքում վթարների ժամանակ գյուղացիները պետք է փոխհատուցում ստանալուց հրաժարվեն:
Միակ հարցը, որի վերաբերյալ Հրանտ Բագրատյանը չէր կարողանում իշխանության տեսակետից տարբերվող տեսակետ հայտնել, Ղարաբաղն էր: «Այս հարցում ես նորություն չունեմ. ես կողմ եմ խաղաղությանը, բայց դա պետք է ցանկանան նաև Ադրբեջանում, այնպես որ, եթե պատերազմ սկսվի՝ պետք է պատերազմենք»,- հայտարարում էր Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ ինքը կողմ է բանակը դարձնել վճարովի և զինվորներին վճարել 140 հազարին մոտ գումար:
Գյուղացիներն այլ դժգոհություններ ևս ունեին՝ կապված սոցիալական վիճակի, աշխատանքի բացակայության, գների բարձր լինելու հետ: Այդ բոլոր ընդհանրական դժգոհություններին Հրանտ Բագրատյանն ուներ ընդհանրական պատասխան. «Ես չեմ կարող ձեզ երջանիկ դարձնել, ես կարող եմ ձեզ մոտեցնել երջանկությանը»:
Հ.Գ. Նախընտրական հանդիպումների մասնակիցները մի քանի հետաքրքիր դիտարկումներ էին անում նախագահի թեկնածուների վերաբերյալ: Մասնավորապես՝ Չինարի գյուղի մի բնակիչ ասում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հոլովակից ինքը տեսնում է, որ Հայաստան գալուց հետո նա տարեցտարի նիհարել է, երևի՝ դիետա պահելով: Դրան ի պատասխան՝ գյուղացիներից մեկը նկատեց, որ, եթե մի քիչ էլ մնա Հայաստանում՝ իրենց օրին է հասնելու. «Կաշին ու ոսկորն է մնալու»: Իսկ արծվաբերդցի մի գյուղացի էլ ասում էր, որ նախագահի թեկնածուներից մեկը ոչ մի բան չի ասում, միայն հացադուլ է անում, երևի ուզում է ասել, որ եթե նախագահ ընտրվի՝ ամբողջ ժողովուրդն է այդպես սոված ապրելու: