Տղամարդը ներկայանում էր հարկային ծառայության աշխատակից ու փող հափշտակում
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակիչ քաղաքի տարբեր վաճառակետերից, աշխատողների վստահությունը չարաշահելով, գումար է հափշտակում:
Խարդախության եղանակը հետևյալն էր. հանցավորը նախապես ճշտում էր սեփականատիրոջ անունը, մտնում խանութ կամ դեղատուն, ձևացնում՝ իբր հեռախոսով նրա հետ է խոսում, ներկայանում էր որպես հարկային ծառայության աշխատակից և սեփականատիրոջ անունից վաճառողից փող էր վերցնում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ 43-ամյա տղամարդն ապրիլի 30-ին Վանաձորի Թատերական փողոցի մի դեղատնից նման եղանակով փող էր հափշտակել:
Փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո մայիսի 5-ին Բազումի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին: Պարզվեց, որ նա ապրիլի 30-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի նվերների խանութից նույն եղանակով դարձյալ փող էր հափշտակել: Վարդանանց և Տիգրան Մեծի փողոցների վեց խանութից ևս փորձել էր խաբեությամբ գումար հափշտակել, բայց աշխատակիցները հրաժարվել էին գումար տալուց: Խարդախության փորձի ու խարդախության տասից ավելի հանցադրվագների հանգամանքները քննությամբ պարզվում են: