Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր հրաժարականի հիմքերը

Նիկոլ Փաշինյանի երեկվա խորհրդարանական ելույթը բազմաթիվ ականներ է պարունակում Հայաստանի ու Արցախի, բայց նաև, որքան էլ զարմանալի է՝ սեփական իշխանության համար։ Նա լեզվական ձեռնածություններով ու իրեն բնորոշ մանիպուլյացիաներով, գիտակցված կամ ոչ, երեկ ներկայացրել է իր հրաժարականի հիմքերը՝ առանց հրաժարականի մասին հայտարարության, բնականաբար։ Չնայած Նիկոլ Փաշինյանի կողմից «մեղք», «մեղադրանք», «մեղավորություն», «դավաճանություն» հասկացությունների սեփական մեկնաբանությանը, այդուհանդերձ երեկ նա խոստովանել է ոչ միայն սեփական մեղքն ու մեղավորությունը, այլ նաև ի լուր աշխարհի հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարելու իր ամեն մի օրը սպառնալիք է պետության ու հասարակության համար։

«44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է»,- սա Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի առանցքային կետն է, քանի որ ողջ ելույթը նվիրված էր 3825 զոհի, 3825 մարդու մահվան մեղքից մաքրվելու փորձին։ «Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, և թե պարտության համար: Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով՝ նաև դավաճանության մեջ»,- իր բառախաղն այսպես է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը՝ իր մեղքը համարելով ոչ թե հողեր հանձնելը, այլ հողեր չհանձնելը:

«Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում: Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»,- ասում է «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսի հեղինակն ու «Նոր պատերազմ, նոր տարածքներ» ավանտյուրայի պատվիրատուն։

Մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները տարբեր ժամանակներում զոհերի տարբեր թվեր են ներկայացրել և մինչ օրս պաշտոնապես չեն հրապարակել զոհերի անվանացանկը. «Զոհերի թիվը կլինի 4 հազարի կարգի՝ պլյուս-մինուս 50»,- ուղիղ մեկ տարի առաջ նույն ամբիոնից հայտարարում էր նույն Փաշինյանը:

Երեկ ԱԺ ամբիոնից նա պնդում էր, թե մեղադրանքի նման ձևակերպումն ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը. «Դրանով ավելի եմ սրում, որովհետև հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եվ, թերևս, նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է՝ դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ, ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»։

«Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Նրա երեկվա ելույթում կան բազմաթիվ դրվագներ, որոնք իրավական պետության պարագայում պետք է արժանանան ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ նաև քրեաիրավական գնահատականի։ Բայց մինչև նման պետություն ունենալը, պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, անկախ իր մեղմասացություններից ու լեզվական մանիպուլյացիաներից, հայտարարում է՝ ինքը կատարել է սխալ, որն ավելին է, քան դավաճանությունը, և ինքը կարող էր կանխել պատերազմը, որ կունենար նույն ելքը, սակայն, «իհարկե, առանց զոհերի»։

Այսպիսով, Հայաստանը ղեկավարում է մարդ, որը դավաճանությունից ավելի մեծ սխալ է գործել, և որը կարող էր առնվազն 3825 (իր հրապարակած տվյալներով) մարդու կյանք փրկող որոշում կայացնել, բայց չի արել։ Անձնային ու քաղաքական բարոյականության նվազագույն նշաձող ունեցող մարդն այս հայտարարությունից հետո պետք է մի վերջին անգամ ներողություն խնդրեր, հրապարակեր սեփական հրաժարականի տեքստը և սպասեր, լավագույն դեպքում, Աստծո, նորմալ պետությունում՝ դատարանի դատաստանին։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը բարոյականության հետ ունի նույնքան աղերս, որքան Հայաստանը՝ իրավական պետության, նման բան տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ հերթական ամեն օր Հայաստանում կարող են արձանագրվել դավաճանությունից ավելի կշռող սխալներ և կայացվել որոշումներ, որոնք կարող են հազարավոր կյանքեր արժենալ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս