Եթե սա է ռեկորդը․․․
«Անցած տարի կրկին ներդրումների ռեկորդային աճ ենք ունեցել, մեր ներդրումների համախառն կուտակումը կազմել է 1 տրիլիոն 379 մլրդ դրամ, որը մոտ 3 մլրդ դոլար է։ Նման թիվ Հայաստանի տնտեսության մեջ չի եղել»,֊- կառավարության հերթական անասելի «ձեռքբերումների» վերաբերյալ օրերս հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ներդրումների ռեկորդային աճ ասելով, թե ինչ նկատի ունի էկոնոմիկայի նախարարը, իր գործն է։ Մինչև հիմա ներդրումների այդ ի՞նչ ռեկորդային աճեր են եղել, որ հիմա կրկին ռեկորդ է գրանցվում։ Այսպիսի ռեկորդային աճերի մասին նախկինում բազմիցս ենք լսել, բայց տեսնում ենք, որ իրականությունը բոլորովին այլ է։
Եթե ներդրումների այդպիսի ռեկորդային աճեր ունենք, ինչո՞ւ է մեր տնտեսությունն այսքան խղճուկ վիճակում։ 2020թ. անկումից հետո, բազմաթիվ երկրներ անցած տարի հասցրեցին վերականգնել կորուստները և առաջ շարժվել, իսկ մեր տնտեսությունը դեռևս վնասներն է հաշվում։
Բա ո՞ւր են այդ ռեկորդային ներդրումների արդյունքները։ Թե՞ կառավարությանը միայն օդի մեջ հայտարարություններ անելն է։ Կարևոր չէ՝ ինչ ունենք իրականում։
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է անցած տարվա օտարերկրյա ներդրումների տվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել այն ներդրումային պատկերը, որն ունեցել ենք 2021թ.։ Այդ հրապարակման համաձայն՝ ներդրումները, կամ, այսպես կոչված, ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնումը կազմել է 1 միլիարդ 159 մլն դոլար։ Թվում է, թե վատ արդյունք չէ։ Բայց դա բոլորովին այն չէ, ինչ ընկալվում է ներդրումների տակ։
Այդ թվի մեջ հազար ու մի բան է ներառված՝ վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք-ստացվելիք գումարները և այլն։
Դրանով հանդերձ, անցած տարի ֆինանսական պարտավորությունների զուտ ստանձնումը չի հասել նույնիսկ 2019թ. մակարդակին։
Պաշտոնական տվյալներով՝ 2019թ. դրանք կազմել էին 1 մլրդ 504 մլն դոլար։ Անցած տարի կազմել են 1 միլիարդ 159 մլն դոլար՝ 345 միլիոնով քիչ։
Եթե նախարարի ասած ռեկորդային աճը նախորդ տարվա կտրուկ անկման նկատմամբ է, ապա դա հպարտանալու ոչ մի առիթ չի տալիս։ Հատկապես որ, այս ամենի մեջ իրական ներդրումները շատ փոքր մաս են կազմում։
Տնտեսության համար կարևորն ուղղակի ներդրումներն են։ Իսկ ուղղակի ներդրումների առումով նույն տխուր վիճակն է։
Անցած տարի Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 378 մլն դոլար։
Սա չնչին թիվ է անգամ մեր փոքր տնտեսության համար։ Այն գուցե ռեկորդ է, բայց ռեկորդ է զուտ այս իշխանությունների կողմից անցած տարիներին արձանագրած չափազանց համեստ ցուցանիշների համեմատ։
Ուղղակի ներդրումներից տնտեսության իրական հատված մտել է ընդամենը 129 մլրդ դրամ։ Տարադրամի վերածելու դեպքում կստացվի գրեթե 260-265 մլն դոլար։
Ահա այն գումարը, որը տնտեսությունն իրականում ստացել է օտարերկրյա ներդրումների տեսքով։
Հիմա տեսնենք, թե ուր են գնացել դրանք։
Իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի կեսից ավելին գնացել է հանքարդյունաբերություն։
Մետաղական հանքերի արդյունահանման մեջ ներդրվել է 66 մլրդ դրամ կամ գրեթե 134 մլն դոլար։
Այդ գումարները եկել են 2 հիմնական երկրներից։ Դրանք են՝ Գերմանիան և Ռուսաստանը։
Մետաղական հանքաքարի արդյունահանումը մեր տնտեսության այն ճյուղն է, որը միշտ էլ հետաքրքիր է եղել ներդրողների համար։ Այստեղ ներդրումներ միշտ են եղել։ Թեև այն բանից հետո, երբ կառավարությունը սկսեց ռեպրեսիվ միջոցներ կիրառել որոշ ընկերությունների նկատմամբ, բացի այդ էլ՝ արտահանման տուրք մտցրեց, ավելացել են արտադրական և ներդրումային ռիսկերը։ Անցած տարվա երկրորդ կեսին արտադրության ծավալները սկսեցին նվազել, չնայած միջազգային շուկաներում ձևավորված չափազանց բարենպաստ գնային միջավայրին։
Այս տարվա սկզբին էլ անկումը պահպանվել է. հունվար-փետրվարին այն կազմել է 3,4 տոկոս։
Ներդրումային գրավչության առումով իրական տնտեսության հաջորդ ամենախոշոր հատվածը եղել է էներգետիկան, որտեղ անցած տարի կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը եղել են 50 մլն դոլարի շրջանակներում։ Այդ գումարները եկել են Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից և այլ երկրներից։ Մի մասը ներդրվել է գործող ենթակառուցվածքների մեջ, մյուս մասն էլ՝ հիմնականում արևային էներգետիկայում։
Ներդրողների համար որոշակի հետաքրքրություն է ներկայացրել նաև անշարժ գույքի հետ կապված գործունեությունը։
Անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը տնտեսության այս հատվածում կազմել են գրեթե 33 մլն դոլար։ 4,5 միլիոն եկել է Իտալիայից, 2,5 միլիոնը՝ Ռուսաստանից։ Գումարների մյուս մասի ստացման վերաբերյալ տվյալները չկան։ Դրանք վիճակագրական կոմիտեն ներառել է «այլ երկրների» մեջ և խնամքով թաքցրել։
Սրանք իրական տնտեսության այն հիմնական հատվածներն են, որոնք այս կամ այն չափով հետաքրքրել են ներդրողներին։ Բնական է, որ 2020թ. գահավիժումից հետո, անցած տարի ներդրումային որոշակի ակտիվություն, այսպես թե այնպես, լինելու էր։ Բայց դա չի նշանակում, թե ներդրումային իրավիճակում մեծ բան է փոխվել։
Մեր տնտեսության մեջ մինչև հիմա կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները նույնիսկ կրճատվել են. 2020թ. դրանք կազմել էին 2 տրիլիոն 26 մլրդ դրամ, 2021թ. կազմել են 1 տրիլիոն 950 մլրդ դրամ՝ 76 միլիարդով պակաս։
Գումարի գրեթե 42 տոկոսը ռուսական կապիտալն է։
Այս թիվը ցույց է տալիս, թե մեր տնտեսության համար ինչպիսի էական դեր ունեն ռուսական ներդրումները։ Ու հիմա, երբ Ռուսաստանի տնտեսությունը կանգնած է ծանր իրավիճակի ու ֆինանսական խնդիրների առաջ, դժվար չէ պատկերացնել, թե դա, այլ առումներից բացի, ինչպիսի ազդեցություն կունենա նաև այդ երկրից ստացվող ներդրումային հոսքերի վրա։
Հուսանք, որ էկոնոմիկայի նախարարը տեղյակ է սրա մասին ու ժամանակին քայլեր կանի ռուսական ներդրումների բացը լրացնելու ուղղությամբ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ