«Moody’s»-ն իջեցրել է Հայաստանի սուվերեն վարկանիշի «կայուն» հեռանկարը` այն սահմանելով «բացասական»
«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ սուվերեն վարկանիշը թողել է անփոփոխ` «Ba3», սակայն իջեցրել է վարկանիշի «կայուն» հեռանկարը` այն սահմանելով «բացասական»: ՀՀ սուվերեն վարկանիշի նկատմամբ բացասական սպասումների ձևավորման հիմքում ընկած են հետևյալ 3 ազդակները.
1. Սպասվում է ՀՀ երկարաժամկետ տնտեսական աճի պոտենցիալի թուլացում:
Moody’s-ի կանխատեսումներով՝ Հայաստանում 2022-ին տնտեսական աճը կնվազի և կկազմի մոտ 1.8%, իսկ 2023-ին` մոտ 3%: Նախորդիվ 2022-2023թթ. համար կանխատեսվում էր տնտեսական աճի 5-5.5% մակարդակ:
Աճի կանխատեսվող կրճատման հիմնական պատճառը ՀՀ տնտեսության բարձր կախվածությունն է Ռուսաստանի տնտեսությունից (արտահանման և տրանսֆերտների տեսքով), ինչը Ռուսաստան-Ուկրաինա զինված հակամարտության սրման համատեքստում ենթադրում է մի շարք բացասական հետևանքներ:
Մասնավորապես, 2022-ին կանխատեսվում է Հայաստան մտնող տրանսֆերտների կրճատում 20-30%-ով, ինչը կհանգեցնի տնային տնտեսությունների սպառման կրճատման: Ավելին, ՌԴ-ում ներքին պահանջարկի սպասվող անկման ֆոնին ՀՀ-ից արտահանման ծավալները ևս կկրճատվեն` լրացուցիչ կերպով տուգանելով տնտեսական աճը:
Moody’s-ի կանխատեսումներով Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները կրելու են երկարաժամկետ բնույթ, ինչի հետևանքով սպասվում է, որ ՌԴ-ից ստացվող տրանսֆերտները և դեպի ՌԴ արտահանման ծավալները դեռևս երկար ժամանակ չեն վերականգնվի: Արդյունքում՝ ՀՀ երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունները ևս տուգանվելու են:
2. ՀՀ կառավարության պարտքը կշարունակի պահպանվել բարձր մակարդակում:
Moody’s-ի կանխատեսումներով՝ ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2022-2023թթ. կշարունակի պահպանվել ՀՆԱ-ի նկատմամբ 4-4.5% մակարդակում, այնինչ նախորդիվ ակնկալվում էր, որ պակասուրդը 2022-ին կկրճատվի` տատանվելով ՀՆԱ-ի 3%-ի սահմաններում: Պատճառը բացասական տնտեսական զարգացումների ֆոնին պետական եկամուտների կրճատման սպասումներն են:
Արդյունքում՝ ՀՀ կառավարության պարտքը նվազելու փոխարեն՝ 2022-2024 թվականներին կաճի և կպահպանվի ՀՆԱ-ի նկատմամբ 62-63%-ի միջակայքում` 2021թ. 60.3%-ի համեմատ: Ընդ որում, Moody’s-ի գնահատմամբ, թեև կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը միտված պետք է լինի տնտեսության խթանմանը (լրացուցիչ ծախսերի իրականացման միջոցով) և նպաստի տնտեսական աճին, այդ քաղաքականությունը կրկին հետաձգելու է հարկաբյուջետային կոնսոլիդացիան:
Մյուս կողմից՝ Moody’s-ի հաղորդմամբ, մտահոգիչ է կառավարության պարտքի արտարժութային ռիսկերի մակարդակը, քանի որ պարտքի 70%-ն արտարժույթով է: Ենթադրվում է, որ դրամի հնարավոր կտրուկ արժեզրկման պարագայում մի կողմից՝ ավելի կվատթարանա կառավարության պարտքի հետագիծը, մյուս կողմից` առևտրային բանկերի դոլարայնացվածության դեռևս բարձր մակարդակի պայմաններում` կաճեն բանկային համակարգի ռիսկերը:
3. Աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են խորանալ:
Moody’s-ի գնահատմամբ՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մակարդակը կարող է զգալիորեն ավելանալ` պայմանավորված ռուս-ուկրաինական զինված հակամարտության զարգացումներով: Դա կարող է բացասաբար ազդել սպառման և ներդրումների, ինչպես նաև՝ հարկաբյուջետային կայունության վրա, հատկապես, եթե ընդլայնվեն արժութային ճնշումները և/կամ շեշտակիորեն աճեն պաշտպանությանն ուղղվող ծախսերը: