«Քանի՞ տարի պետք է երիտասարդը աշխատի, որ և՛ վարձով ապրի, և՛ գումար կուտակի, և՛ հիպոթեքով բնակարան վերցնի»
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 16-ին հանդիպել է անշարժ գույքի գործակալների հետ և քննարկել Հայաստանի անշարժ գույքի շուկայի կանոնակարգման, ոլորտում առկա իրավիճակի և զարգացմանն ուղղված հարցեր։
Կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը՝ պետական մակարդակով, շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելու և փոփոխությունները կանխելու նպատակով:
Քննարկմանը ներկա է եղել նաև «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը, ում խոսքով՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ոլորտում օրենսդրական բացերով:
«Մեր դաշտը լիցենզավորված չէ, ինչ-որ խաղի կանոններ չկան, հիմնականում 15-20 ընկերություն կա, որ պաշտոնապես գրանցված է, իսկ մնացած 95 տոկոսը բացարձակ ոչ մի տեղ գրանցված չէ: Տարբեր հարթակներում էլ՝ երբ հայտարարություններ են տեղադրում, ոչ մեկն իրենցից փաստ չի պահանջում, որ իմանա՝ իրավաբանական ա՞նձ է, թե՞ ոչ: Հարկային մարմինն էլ չի զանգում, թե՝ եղբայր, 100 հայտարարություն ունես տան վաճառքի ու վարձույթի մասով, ի՞նչ հիմքով ես այդ գործունեությամբ զբաղվում: Վարձակալության հանձնվող տների 90 տոկոսը ստվերում է, 10 տոկոս հարկ չի վճարում: Ընդհանուր առմամբ, ով օրենքով տուն է վարձակալության հանձնում՝ պետք է հարկային դաշտ մտնի»,- մեզ հետ զրույցում ասաց Անդրանիկ Հարությունովը:
Սակայն, նրա կարծիքով, այստեղ որոշ փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի վարձը չբարձրանա:
«Երբ հարկ վճարի, գուցե 100.000 դրամանոց տունը դառնա 110.000 դրամ: Այդ քննարկմանն առաջարկել ենք տոկոսը վերանայել, 60-70 տոկոսին բերել մաքուր դաշտ: Թող ֆիզիկական անձի դեպքում հարկը 10-ի փոխարեն՝ լինի 5 տոկոս: Քննարկման հիմնական հարցերից մեկն այն էր, թե գներն ինչո՞ւ են այսպես բարձրացել, և զսպման ի՞նչ մեխանիզմներ ունենք: Զսպելու բացարձակ ոչ մի մեխանիզմ չկա: Ուղղակի շատ տգեղ երևույթ է, երբ հին վարձակալին հանում ու նորին են բերում: Խնդիրը հեռվից է գալիս. պայմանագիր չունեն, ու սեփականատերը ոնց ուզում՝ վարվում է: Շատ դեպքերում սեփականատիրոջ իրավունքներն էլ պաշտպանված չեն. պայմանագիր չունի, վարձակալը կոմունալները չի մուծում, տունն էլ վնասում՝ գնում է:
Վերջերս էլ դեպք է եղել, որ ռուսներին 500 դոլարով տուն են հանձնել, մեկ շաբաթ հետո տան տերը եկել, ասել է, որ դարձնում է 1000 դոլար: Մարդն ասել է՝ 3 ամսով էի վերցրել, պատասխանել է, թե՝ ինձ չի հետաքրքրում: Այսինքն, հիմնական նպատակն այն էր, թե ո՞նց անենք, որ բացառենք նման իրավիճակները: Ռուսաստանից հիմնականում այս փուլում Հայաստան են գալիս գործարարներ, IT ոլորտի մասնագետներ: Եթե մնան՝ օֆիսներ կբացեն, հարկեր կվճարեն, աշխատատեղեր կբացվեն: Ի դեպ, նրանք հիմնականում բնակարաններ վարձում են 1000-2000 դոլարով»,- մանրամասնեց անշարժ գույքի գործակալության տնօրենը:
Անդրանիկ Հարությունովը ցավով նշեց՝ Հայաստանում բնակարան ձեռք բերելու սոցիալական ծրագիր չկա:
«Բոլոր երկրներում փորձում են երիտասարդներին պահել, որովհետև երիտասարդությունն է ստեղծում այդ շարժը: Շատ բարդ է հիպոթեքով բնակարան ձեռք բերել: 10 տոկոս կանխավճարը քչերը կարող են վճարել: Քանի՞ տարի պետք է երիտասարդը աշխատի, որ և՛ վարձով ապրի, և՛ գումար կուտակի, և՛ հիպոթեքով բնակարան վերցնի: Պետությունը չի ասում՝ երիտասարդ, եթե դու գույք ձեռք բերես՝ կանխավճարը պետությունը կտա, բայց դու պարտավոր ես 20 տարի չբացակայել Հայաստանից: Այնքան մարդիկ կան, որ տարիներով վարձով ապրեցին՝ չկարողացան բնակարան ձեռք բերել, թողեցին ու գնացին երկրից»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ անշարժ գույքի վարձակալության շուկայում աննախադեպ գնաճին անդրադարձել է նաև Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը. «Առաջանում են իրավիճակներ, որոնցում քաղաքացիների շահերի լավագույն պաշտպանությունը վարձակալության իրավունքի պետական գրանցումն է։ Նման իրավիճակները չէ, որ քաղաքացիներին պետք է սովորեցնեն իրավունքների պաշտպանության մեխանիզմները կիրառել, բայց սա իրավիճակ է, երբ բոլորը հետագա իրավունքները պաշտպանելու համար պետք է դրանք գրանցեն»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում մարտի 21-ին կառավարության ծրագրի կատարման 2021թ․-ի արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարը:
Քննարկմանը ներկա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին՝ շեշտել է, որ վարձակալության պայմանագրերը համատարած ստվերի դաշտում են: «ՊԵԿ-ը գրեթե չունի գործիքակազմ այստեղ։ Չենք կարող ստուգում անել և ֆիզիկական անձին լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել։ Մենք հիմա տեղեկատվություն ենք հավաքագրում, թե որտեղ կան վարձակալված բնակարաններ՝ հիմնականում խոշոր ծավալների, և վարձատուներին ծանուցելու ենք, որ հաջորդ տարի իրենք պարտավոր են գրանցել վարձակալության պայմանագրերը և վարձակալության գումարների մասով վճարել եկամտային հարկ։ Կադաստրի եռամսյակային տեղեկությունների հիման վրա ենք հիմա ծանուցում, թեև հիմա ինքներս ենք տեղեկություններ հավաքագրում․ վարձակալության պայմանագրերը ենթակա են գրանցման, և դրանցից գոյանում են հարկեր»,- aravot.am–ի փոխանցմամբ՝ ասել է Ռուստամ Բադասյանը: