Հայաստանում կհնչի Ջոակինո Ռոսինիի «Stabat Mater» հանրահայտ ստեղծագործությունը
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարտի 31-ին հանդես կգան համատեղ համերգով, որը կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը: Երեկոյին, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կհնչի Ջոակինո Անտոնիո Ռոսինիի «Stabat Mater» ստեղծագործությունը։
Որպես մենակատարներ հանդես կգան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր), Բողոս Բիազբեկյան (բաս):
«Stabat Mater»-ը հոգևոր քրիստոնեական երգ է՝ լատիներենով, որը պատմում է խաչված Որդու խաչի առջև սգացող Աստվածամոր մասին: Անվանումն առաջացել է հիմնի առաջին տողից «Stabat Mater dolorosa», ինչը նշանակում է «Կանգնած էր սգավոր մայրը»։ Ռոսինին, վատառողջ լինելու պատճառով, գրել է պարտիտուրայի միայն մի մասը: Մնացած 6 լրացուցիչ մասերն ավարտել է նրա ընկեր Ջովանի Թադոլինին։
Ամբողջական ստեղծագործության բաց պրեմիերան տեղի է ունեցել 1842 թվականի հունվարի 7-ին Փարիզի իտալական թատրոնի դահլիճում՝ իտալացի օպերային երգիչների կատարմամբ։ Ականատեսները պատմում են, որ Փարիզը մեծ փառքով է ընդունել ստեղծագործությունը, իսկ հանդիսատեսը բուռն ծափահարություններով բացականչել է «Ռոսինի՜, Ռոսինի՜»։