«Իշխանությունն իր մնալու գրավականը տեսնում է այս վիճակը». Վահե Հովհաննիսյան
«Հայկական օրակարգը հետպատերազմյան Հայաստանի վերելքի բանաձևն է, ճանապարհային քարտեզը: Եղել է աղետ, և ի՞նչ՝ մենք պետք է հավերժ մնանք այս աղետի մե՞ջ: Ինչ-որ մեկը պետք է ձևակերպի նոր օրակարգը»,- «Հետպատերազմյան Հայաստան. Հայկական օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը երբեք չի ձևակերպելու այդ բանաձևը, քանի որ նոր օրակարգում նա տեղ չունի, իսկ ընդդիմությունն ունի ռեսուրս, սակայն չի անում, որովհետև ընդդիմության ձևաչափերն այսօր դիսֆունկցիոնալ են:
«Դրա լուծումը շատ պարզ է՝ նոր ձևաչափեր, նոր քաղաքական ուժեր՝ հների ռեֆորմացիայի պարագայում նաև, և նոր քաղաքական հոսանքների առկայություն: Նոր քաղաքական հոսանքների առանցքային բանաձևերից մեկը, ըստ իս, «0-ից՝ պետություն» գաղափարն է:
Մենք այն պահին ենք փլուզման, որ շատ բաներ զրոյից ենք սարքելու. զրոյից մենք պետք է սարքենք ներքին հարաբերություններ, արտաքին հարաբերություններ, անվտանգային հարաբերություններ, տնտեսական մոդելը, հայկական աշխարհի տեսլականը և, ինչո՞ւ չէ՝ նաև ՝ 0-ից քաղաքացին: Մենք 0-ից կառուցելու շատ բան ունենք, որովհետև 2018 թվականից մինչև 2020 թվական և դրանից հետո՝ շատ խոշոր են եղել փլուզումները»,- մանրամասնեց Վահե Հովհաննիսյանը:
Հարցին, թե ի՞նչ ռեսուրսներով է հնարավոր հասնել այս օրակարգի ձևավորմանը, նա պարզաբանեց.
«Առաջին ռեսուրսը հաջողության հիշողությունն է. մեզ մի անգամ հաջողվել է կայացնել պետականություն և ունենալ հաջողություն, հաղթանակ՝ բոլոր պրոբլեմներով, սխալներով հանդերձ:
Եվ երկրորդը մարդկային ռեսուրսն է: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչ է կատարվում. և՛ անտարբերությունը, և՛ ապատիան, և՛ արտագաղթի միտում, և այլն, այդ բոլորը կան, բայց դա բնական ռեակցիա է: Սակայն, եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որը խնդիր է դնում նորից կայացնել պետություն, այդ պետությունը կայանալու է: Իսկ ես վստահ եմ՝ կա: Մենք ունենք համախոհների հսկայական մոտիվացված բանակ, հասարակության շերտ, որն ի զորու է լինելու այս ծայրահեղ պայմաններում լուծել այդ խնդիրը, զրոյից կայացնել պետականություն:
Հայաստանի նոր օրակարգը պետք է ներառի շատ հստակ կետեր՝ Հայաստանի և Արցախի անվտանգությունն է (եթե դա չեղավ, մնացյալը տեսություն է), Արցախի հայաթափության կասեցում: Այս պահին դա է պետք: Հաջորդը՝ Սյունիքի ռիսկերի թեմայի փակում, հայկական աշխարհի փլուզման խնդիր՝ եռամիասնության համակարգը փլուզվել է, առաջացրել է լուրջ ճգնաժամ, և արդեն Սփյուռքում են գնում փլուզումներ. այսինքն՝ Հայաստանը՝ որպես պետություն, արժեզրկվում է հայկական աշխարհում:
Նոր օրակարգի երկու հենասյուն եմ տեսնում. արժանապատվության գաղափարը՝ ազգային և անհատական արժանապատվության, և սառը պրագմատիզմի, որովհետև հակառակն արկածախնդրություն է: Դու չես կարող կառուցել պետություն, վերականգնել պետականություն՝ առանց սառը պրագմատիզմի»: