«1991 թվականին ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են տարածքային ամբողջականությունը, Արցախի հարցից հրաժարվե՞լ են». Նիկոլ Փաշինյան
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ ՌԴ-ի առաջարկներին, պատասխանելով նաև հարցին, թե եթե Հայաստանն այս պահին գնա սահմանազատման ու սահմանագծման, դա չի՞ նշանակում հրաժարվել Արցախից, և ի՞նչ երաշխիք կա, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում թշնամու զորքերը դուրս կգան ՀՀ սուվերեն տարածքից։
«Տարածքային ամբողջականության հետ կապված՝ ես ասացի, որ 1991 թվականին, երբ մեր պետություններն անկախացել են, փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Այն ժամանակ դա նշանակե՞լ է, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է Արցախի իրավունքներից, նշանակե՞լ է սա, թե՞ չի նշանակել։ Դեմարկացիան և դելիմիտացիան գործընթաց է, որը պետք է մանրամասն բանակցվի, և Հայատանն իր շահերը, իրավունքները և տարածքային ամբողջականությունը պաշտպանի՝ սա աներկբա է։
Իմիջիայլոց, նման մի բան էլ կա, ես միշտ խուսափել եմ դրա մասին խոսելիս, մենք շատ հաճախ մեր ռիտորիկայում չենք էլ նկատում, որևէ մեկի հասցեին քննադատական բան չեմ ասում, էսպիսի կոնտեքստ մենք ունենք, և բոլորս ենք ինչ-որ ժամանակում տրվել դրան։ Մենք պետք է Հայաստանի Հանրապետություն ասելով՝ պետք է հասկանանք ինչ-որ ամորֆ բան, որը ձև ու սահման չունի, այլ պետք է հասկանանք շատ կոնկրետ տարածք, շատ կոնկրետ միլիմետրի ճշգրտությամբ։ Եվ սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու, ամենակարևոր անկյունաքարային երաշխիքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, շատ է քննարկվում, որ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը ինչ-որ թվականի քարտեզով ՀՀ տարածքում է։
«Ես պետք է ասեմ, որ որևէ դե յուրե նշանակություն ունեցող քարտեզով ոչ թե ամբողջ ճանապարհը, այլ ճանապարհի մի փոքր հատվածը ՀՀ տարածքում չէ։ Եվ մենք անում ենք ոչ թե պրոադրբեջանական հայտարարություն, այլ մենք այս հայտարարությունով ենք հիմնավորում, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Պարզ է, թե Հայաստանի սահմանն ու տարածքը որն է։ Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ չէ, այդքան էլ պարզ չէ, կներեք, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում