Արդյոք Թուրքիա են մտնում թալիբաններից փախչող աֆղանցինե՞րը, թե՞ նրանց հետ՝ նաև թալիբանի գրոհայինները. Թուրքագետ

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները դիտարկում է ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության համատեքստում:

168.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ դեռ խորհրդային ժամանակաշրջանում ԱՄՆ-ի կողմից կար ԽՍՀՄ հարավում մուսուլմանական երկրների միջոցով «Կանաչ կիսալուսին» ստեղծելու ծրագիրը:

«ԽՍՀՄ-ը երբ քայքայվեց, նույն ծրագիրը շարունակվեց Ռուսաստանի դեմ, և դրա մեջ ուզում են ներառել ԽՍՀՄ-ից անջատված մուսուլմանական երկրներին, ու Աֆղանստանն էլ այդ ծիրում կարելի է տեսնել»,- ասաց թուրքագետը:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ թերահավատորեն պետք է մոտենալ հարցին՝ արդյո՞ք Թուրքիան և ԱՄՆ-ը պայքարում էին թալիբանի դեմ, թե՞ այն իրականում ձևական բնույթ էր կրում՝ թալիբանն ավելի ուժեղացնելու համար:

«Ամերիկայի միանգամից այդ երկիրը թողնել-հեռանալուց երևում է, որ դա ամենևին միանշանակ չէ, և գուցե թալիբանն ուժեղացնելու միտում ուներ: Այդուհանդերձ, ԱՄՆ-ը իր գործը կատարեց, և Աֆղանստանի այն քաղաքացիներին, որոնք թալիբանի դեմ էին պայքարում, նրանց բոլորին դավաճանեց և դուրս եկավ: Իհարկե, սա առաջին դեպքը չէ. նույնը կատարվեց Վիետնամում, ինչպես նաև՝ վերջերս Սիրիայում,- մանրամասնեց Տ. Լոքմագյոզյանը՝ հիշեցնելով,- Սիրիայում քրդերի հետ կապված նույն իրավիճակը ստեղծվեց. քրդերին ռուսներից պոկեցին, բերեցին իրենց կողմը, օգտագործեցին, հետո ԱՄՆ-ը դուրս եկավ, քրդերին և տարածաշրջանը թողեցին Թուրքիայի տնօրինությանը: Իսկ Թուրքիան, կարելի է ասել՝ Արևմուտքի և Թուրքիայի գործակատարն է»:

Նա չբացառեց նաև թալիբանի կողմից աշխարհագրության ընդլայնումը՝ նկատելով, որ նման մտահոգություններ արդեն կան. «Օրինակ, ՌԴ-ն մտավախություն ունի, որ դեպի Տաջիկստան կարող են տարածվել, մտավախություն կա նաև, որ դեպի Իրան կարող են տարածվել, Իրանից էլ՝ Հայաստան, Արցախ կարող են հասնել:

Ի դեպ, աֆղանցիների մեծ հոսք կա դեպի Թուրքիա: Ու թեև Թուրքիայում ժողովուրդն այդ առնչությամբ բողոքում է, սակայն գուցե Թուրքիան աֆղանցիներով լցնելը ծրագրի մի մասն է: Արդյոք Թուրքիա են մտնում թալիբաններից փախչող աֆղանցինե՞րը, թե՞ նրանց հետ՝ նաև ինչ-ինչ հատուկ գործարքների համար թալիբանի գրոհայիններ են մտնում՝ ինչպես Սիրիայի փախստականների հետ միասին Իսլամական պետության բազմաթիվ ահաբեկիչներ Եվրոպա լցվեցին»:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ Թուրքիան այս աֆղանցիների «օգնությամբ» փորձի ազատվել քրդական բեռից, թուրքագետը պատասխանեց. «Եթե Թուրքիան նման քայլի է գնում, ուրեմն հաստատ ինչ-որ հաշվարկներ ունի. Մի ժամանակ Դիրաբեքիրից վտարված քրդերի փոխարեն՝ Սիրիայից փախած արաբներին այնտեղ տեղավորելու ծրագրեր էին մշակվում: Գուցե նույն ծրագիրն ունեին, ինչ 100 տարի առաջ, երբ Բալկաններից կամ Հյուսիսային Կովկասից եկած մուսուլման փախստականներին տեղավորեցին հայկական գյուղերի արանքում՝ դրանով թուլացնելով հայերի դիրքը, ապա նաև օգտագործեցին իրենց հակահայ գործունեության մեջ»:

Ի պատասխան հարցին էլ, թե՝ Աֆղանստանում Թուրքիայի դերակատարման ակտիվացմամբ հնարավո՞ր է՝ ականատես լինենք մեր տարածաշրջանում թուրքական դիրքերի թուլացման, Տիրան Լոքմագյոզյանը նկատեց. «Չեմ կարծում. ընդհակառակը՝ ամեն մի կետ, որտեղ Թուրքիան մտնում է, իր ազդեցությունը փորձում է աստիճանաբար ավելացնել: Այսինքն՝ այնպես չէ, որ մի տեղ թուլանում է իր ազդեցությունը, եթե մի ուրիշ տեղ է ձեռքը երկարացնում: Բացի այդ՝ չլուծված խնդիր է՝ Թուրքիան այս գործընթացում ո՞ւմ հետ է և ո՞ւմ դեմ է իրականում՝ ինչպես ԱՄՆ պարագայում էր. հիշենք, որ Թուրքիան Պակիստանի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ Պակիստանն էլ աֆղանստանյան այս գործընթացում բավականին ակտիվ է»:

Հիշեցնենք՝ դեռ հուլիսին Տաջիկստանը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ Աֆղանստանի հետ սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար: «Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ օգնելու Տաջիկստանին սահմանին անվտանգության ապահովման գործում»,- հուլիսի 6-ին ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Երեկ արդեն տեղեկացանք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկաաֆղանական սահմանի մերձակայքում:

Ի դեպ, Mehr գործակալությունն էլ մեջբերել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի արձագանքը վերջին իրադարձություններին.

«ԱՄՆ-ի ռազմական պարտությունը և հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման և կայուն խաղաղության հաստատման համար այդ երկրում»:

Հիշեցնենք նաև՝ սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը:

Տեսանյութեր

Լրահոս