Երբ դիպլոմը, ավարտական հանդեսը, կոչումները, պարգևներն ավելի են կարևորվում, քան գործընթացը
Օրերս մամուլում հաղորդագրության եղավ «Բանդիվան» ընկերությունում կաթնամթերքի արտադրության անընդունելի պայմանների մասին։ Հետաքրքիրն այն է, որ արդեն մի քանի տարի է` այս ընկերության ապրանքատեսակները լավ փաթեթավորված վաճառվում են Հայաստանի բոլոր մեծ խանութներում, ինչը նշանակում է, որ դրանք ունեն պահանջարկ։ Այս ընկերության արտադրանքը շատ լավ փաթեթավորված է, բայց արտադրվում է անընդունելի սանիտարահիգիենիկ պայմաններում։ Այդպես է ստացվել, քանի որ ժամանակակից աշխարհում կարևորում են արդյունքը, փաթեթավորումը։ Իսկ գործընթացներն անուշադրության են մատնվում։
Նման խնդիրներ ունենք նաև կրթության ոլորտում։ Դիպլոմը, ավարտական հանդեսը, կոչումները, պարգևները կարևորվում են, իսկ գործընթացը քչերին է հետաքրքրում։ Վերջին օրերին բուհերում շրջանավարտներին հանձնվում էին դիպլոմներ։ Այդ գործընթացն ուղեկցվում էր մեծաթիվ սելֆիներով, շոուներով, փարթիներով, շրջանավարտները հատուկ հանդերձանք էին կրում։ Եթե համեմատենք մի քանի տարի առաջ տեղի ունեցող նմանատիպ հանդիսությունների հետ, ապա կտեսնենք, որ հսկայական առաջընթաց ունենք։ Իհարկե, նման երևույթներն անհրաժեշտ են։ Չորս տարի կամ երկու տարի բուհում սովորելն արժե նշել։ Բայց արդյո՞ք այդ ամենի տակ կա սովորելու ծանր, ժամանակատար գործընթաց։ Վստահ կարող ենք ասել, որ ոչ բոլոր դեպքերում։
Մագիստրատուրայի ուսանողների, բակալավրիատի 3-4-րդ կուրսերի ուսանողների զգալի մասն աշխատում է դասերի հաշվին։ Այսինքն՝ նրանք հազվադեպ են դասերի մասնակցում։ Նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, թե որքան է նվազել դասերի ժամին բուհում գտնվող ուսանողների թիվը։ Ուսանողների մեծ մասը դասի գալիս է առանց տետրի, գրքի, պայուսակի, ինչն ուսումնառության գործընթացի կարևոր ցուցանիշ է։ Ցանկացած հաստատության որակը պետք է չափել ոչ թե քննությունների արդյունքներով, առանձին օրերին տեղի ունեցող նախաձեռնություններով, այլ ամենասովորական օրը բուհում տեղի ունեցող առօրյա գործընթացներով։ Ինչպե՞ս է ընթանում ամենասովորական դասը, ինչպե՞ս է ուսանողների հետ աշխատում դասախոսը, առարկայական և մեթոդական պատրաստվածության ի՞նչ մակարդակ ունի դասախոսը, ինչպե՞ս են դասերին մասնակցում ուսանողները։ Շատ կարևոր է նաև այն, թե ինչ է տեղի ունենում դասերից հետո, դասերից դուրս։ Որքա՞ն ժամանակ ու ջանք են ներդնում ուսանողները սովորելու վրա։
Այս ամենը շատ ավելի բան է ասում կրթության մասին, քան քննությունների արդյունքները, դիպլոմների գույնը, ավարտական հանդիսությունների կազմակերպումը։ Մեր բարձրագույն կրթության համակարգում առկա է «կարգոյի պաշտամունք»։ Դա այն է, երբ դու չես կարողանում լիարժեք իրականացնել գործընթացը և տեսողական պատրանքներ ես ստեղծում, արտաքին էֆեկտներ ցույց տալիս, որպեսզի տպավորություն թողնես, թե իբր դու էլ ես անում այդ գործը։
Մեր կրթության գլխավոր քայլերից մեկը պետք է լինի գործընթացների շարունակական բարելավումը։ Դա է կարևորը։ Արդյունքը կարող ես կեղծել սուտ ասելով, բարձր թվանշան նշանակելով, մի քանի հոգու հաջողությունն ամբողջ բուհի վրա տարածելով, PR քայլերով։ Բայց գործընթացը կեղծելը դժվար է։ Եթե քո կողմից իրականացվող գործընթացներում կան կոռուպցիոն երևույթներ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ, անտարբերություն, ապա դու երբեք չես կարող լավ արդյունք ունենալ։ Կարող ես լավ արդյունքի պատրանք ստեղծել, որը շատ մեծ ու երկարատև ազդեցություն չի կարող ունենալ։
Կրթության համակարգում դիրիժորի կարիք կա։ Այսօր ուսումնական հաստատությունները նվագում են իրենց գործիքների վրա, բայց չկա այն դիրիժորը, որը կկարողանա այդ ամենից ստանալ երաժշտություն, այսինքն՝ կրթական միջավայր։ Առանց այդ երաժշտություն-միջավայրի կրթությունը չի արժևորվի և կշարունակի մնալ ճահճում։
Մեզ պետք են գործընթացների կառավարիչներ։ Իսկ դա դժվար գործ է, քանի որ պահանջում է տևական, աննկատ աշխատանք։ Գործընթացների կառավարումը պահանջում է աշխատանք մարդկանց հետ, արդյունքների հանդեպ համբերատարություն, բարձր պրոֆեսիոնալիզմ։ Մեզ մոտ դա գրեթե չկա։
Փոխարենը՝ կան հավակնոտ նպատակներ, խոստումներ, որոնք վերջում մնում են թղթի վրա, քանի որ չկա նվիրյալների թիմը, որը կկարողանա մինչև վերջ հասցնել բարեփոխումները՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների։ Եթե կողք կողքի դնենք կրթության ոլորտի պաշտոնյաների բոլոր տարիների խոստումները, ապա մենք հիմա պետք է շատ բարձրակարգ կրթություն ունենայինք, քանի որ բոլորը փորձել են հանրությանը զարմացնել իրենց նախաձեռնած փոփոխություններով։
Օրերս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն դարձավ Միլուոկի Բակս թիմը, որի կազմում հանդես էր գալիս Յանիս Անթեթոքուփոն։ Իր ասուլիսիներից մեկի ժամանակ Յանիսը հետաքրքիր բան ասաց, որի իմաստը հետևյալն էր։ Երբ մարդը կենտրոնանում է անցյալի վրա, ապա նրա էգոն է խոսում՝ ես այսպես եմ արել, այնպես եմ արել… Երբ մարդը խոսում է ապագայի մասին, ապա նա հպարտ, գլուխգովան է դառնում՝ տեսեք՝ ինչեր ենք անելու… Յանիսը սիրում է կենտրոնանալ ներկայի վրա, քանի որ դա իրեն համեստ է դարձնում։ Սա շատ հետաքրքիր դատողություն է, որը վերաբերում է մեր կրթությանը։ Կրթության ոլորտում մենք միշտ խոսում ենք անցյալի մասին (ի՞նչ կրթություն ենք ունեցել) կամ ապագայի (տեսեք այս բարեփոխումներից հետո ի՜նչ կրթություն ենք ունենալու, տեսեք ինչե՜ր ենք անելու)։ Բայց պետք է ունենանք խիզախություն խոսելու ներկայի մասին, որը շատ մտահոգիչ է։ Ներկայից փախչել պետք չէ։ Պետք է այն արձանագրել, գույքագրել, ընդունել և սկսել աշխատանքը։ Եթե չփոխենք կրթության առօրյան, ոչ մի իրական արդյունք չենք ունենա։