Պաղեստինցիների նկատմամբ սեռական բռնության մասին հոդվածը հիստերիա է առաջացրել Իսրայելի կառավարությունում․ Ալբանեզե
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն քննադատել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, որն «անհեթեթ ու աղավաղված սուտ» էր անվանել «New York Times»-ի հոդվածը և հայտարարել թերթի դեմ զրպարտության հայց ներկայացնելու մասին: Նշված հոդվածում փաստագրված են իսրայելական բանտերում պաղեստինցիների նկատմամբ կիրառված սեքսուալ բռնության դեպքերը:
X սոցիալական ցանցի իր էջում Ալբանեզեն հոդվածը որակել է որպես «ճշգրիտ, բայց խնդրի միայն մակերեսը շոշափող»՝ հավելելով, որ այն Իսրայելի կառավարությունում «հիստերիա է առաջացրել» ոչ թե բերված փաստերի, այլ լսարանի պատճառով:
«Ապարտեիդի մեջ գտնվող Իսրայելը վախենում է, որ NYT-ի ընթերցողները վերջապես կտեսնեն իրականությունը և կդադարեն աչք փակել դրա վրա»,- գրել է նա:
22 թվիթից բաղկացած իր շարքում նա հղում է արել մի քանի զեկույցների ու հետաքննությունների, որոնք արձանագրում են սեքսուալ բռնության դեպքերը (հատկապես՝ իսրայելական բանտերում պաղեստինցիների ապօրինի կալանավորման ժամանակ)։
Նա նշել է, որ այդ նյութերը ներառում են միայն 2023 թվականի հոկտեմբերից ի վեր արձանագրված բռնությունները, մինչդեռ «իրականությունն արմատներով շատ ավելի հետ է գնում»:
«Պաղեստինցիների նկատմամբ սեքսուալ բռնության դեպքերը փաստագրվել են իսրայելական պետության հիմնադրման հենց սկզբից, սակայն NYT-ն նման բանի մասին նախկինում երբեք չի գրել»,- նշել է նա:



