Քիր Սթարմերը կարող է կամավոր հրաժարական տալ․ The Daily Telegraph
Բրիտանացի նախարարները կարծում են, որ եթե Մեյկերֆիլդի լրացուցիչ ընտրություններում հաղթի Էնդի Բերնեմը, ապա Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը կարող է դիտարկել պաշտոնից հեռանալու տարբերակը, հաղորդում է The Daily Telegraph-ը։
Վարչապետին հավատարիմ պաշտոնյաները, ովքեր վերջին օրերին Սթարմերի հետ քննարկել են առաջնորդության շուրջ ստեղծված հակամարտությունը, նշում են, որ առանձնազրույցներում նա շատ ավելի քիչ մարտական է տրամադրված, քան հրապարակավ, և այժմ դիտարկվում են «բոլոր հնարավոր տարբերակները»։
Այդուհանդերձ, թիմակիցները հորդորում են նրան հրաժարականի մասին չհայտարարել մինչև հունիսի 18-ին սպասվող լրացուցիչ ընտրությունները՝ մտավախություն ունենալով, որ դա իշխանության ներսում կհանգեցնի անվերահսկելի իրարանցման:
Սպասվում է, որ թե՛ Անջելա Ռեյները, և թե՛ Էդ Միլիբենդը կհրաժարվեն Լեյբորիստական կուսակցության առաջնորդ դառնալու սեփական հավակնություններից և կաջակցեն Բերնեմին, եթե վերջինս խորհրդարանի անդամ դառնա: Վարչապետը հայտարարել է, որ ցանկանում է խուսափել առաջնորդության համար բաց պայքարի հետևանքով առաջացած քաոսից։



