«Հեյդար Ալիևը Նախիջևանում քարտեզի վրա փնտրում ու ասում էր՝ բա մենք որտե՞ղ ենք․ հիմա պատմություն են կեղծում, որ երևան». Ազգագրագետը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանի մոտ Ադրբեջանի նախագահի՝ «Զանգեզուրը, Սևանը, Երևանը պատմական ադրբեջանական հող» համարելու վերաբերյալ հայտարարությունները զարմանք ու ծիծաղ են առաջացնում, քանի որ Ալիևը սեփական երկրի պատմությունը երևի լավ չի ուսումնասիրել և տեղյակ չէ, որ Ադրբեջանը որպես պետություն՝ ձևավորվել է 1918 թվականին։
«Ալիևն ամեն առավոտ, երբ արթնանում է, նման հայտարարություններ է անում, նման զառանցանքների մեջ է ընկնում, եթե նրան հակադարձենք, ամեն օր պետք է հակադարձենք։ Դեռևս 2013-2014 թվականին Ալիևն ասում էր, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է։ Մենք՝ ազագրագետներս, տուրք չենք տալու նրա զառանցանքներին, սա այն դեպքը չէ, որ մենք հերքենք, հերքելու բան էլ չկա։ Յուրաքանչյուր գրագետ մարդ գիտի, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականին։ Հիմա ես շատ կցանկանայի, որպեսզի Ալիևը, իր վարչակազմով, քարտեզի վրա ցույց տար, թե ո՞րն է Ադրբեջանը։ Նրանք անընդհատ խեղաթյուրում են փաստերը, ադրբեջանցի գոյություն չի ունեցել՝ մինչև 1918 թվականը իրենք կոչվել են Կովկասի թաթարներ։ Դա մենք չենք կոչել, մարդահամարներում «ադրբեջանցի» բառ գոյություն չունի, այդ բառը ստեղծվել է Խորհրդային Միության ժամանակաշրջանում, ինչի՞ մասին է խոսքը։ Ես Ալիևի ասածները համարում եմ զառանցանք, փաստեր կան, հայտարարելով չէ։ Էլ չեմ ասում, որ Բաքվում նավթարդյունաբերությունը սկսել ու զարգացրել են հայերը, և այնտեղ բավականին մեծ հայկական համայնք գոյություն ուներ, հիմա մենք ասենք, որ Բաքուն մե՞րն է»,- ասաց Սվետլաննա Պողոսյանը։
Ըստ նրա, կան ժողովուրդներ, որոնք ստեղծում են իրենց սեփականը, ժողովուրդներ էլ կան, որոնք չունեն սեփական ստեղծածը և յուրացնում են ուրիշներինը. տվյալ դեպքում՝ ադրբեջանցիները վերջինների դասին են պատկանում։ Այսինքն՝ եթե Կենտրոնական Ասիայից ժամանակին եկել են ինչ-որ ցեղեր ու հաստատվել այլ տարածքում՝ իրենց ինքնությունը հաստատելու խնդիր ունեն։ Մե՛կ ներկայանում են՝ որպես շումերներ, մե՛կ՝ աղվաններ։
«Այդ ժողովուրդը, ի վերջո, պետք է կողմնորոշվի, թե իրենից ինչ է ներկայացնում, թո՞ւրք է, աղվա՞ն է, թե՞ այլ ազգ։ Իրանական մշակույթը մի կողմից է յուրացնում, հիմա էլ փորձում են մեր մշակույթը յուրացնելով առաջ գնալ, որովհետև կրկնում եմ՝ երբ նայում ենք փաստերը, քարտեզները, որոնք եվրոպացի քարտեզագիրներն են գծել, այնտեղ այս զավեշտալի երկրի մասին որևէ բան չէր կարող լինել։ Հեյդար Ալիևը Նախիջևանում քարտեզի վրա փնտրում ու ասում էր՝ բա մենք որտե՞ղ ենք, և այդ պատճառով էլ հիմա պատմություն են կեղծում, որ իրենք երևան, իրենց երկիրը ցույց տան։ Հիմա մենք լուրջ խնդիր ունենք պահպանելու մեր մշակութային ժառանգությունը, մենք հնից եկող ժողովուրդ ենք, հսկայական մշակույթ ունենք, որը հայտնի է աշխարհին, իսկ երբ չեղած տեղից մարդը մի բան չի ունենում, շատ է երազախաբության մեջ ընկնում և սկսում իրեն վերագրել բաներ, որից առհասարակ տեղյակ չէ»,- ընդգծեց նա։
Ըստ նրա՝ դժվար է ասել, թե միջազգային հանրությունը Ալիևի զառանցանքներն ինչպես է ընդունում՝ լո՞ւրջ է ընդունում, թե՞ ոչ, սակայն զարմանում է, երբ խոսում են եվրոպական արժեքներից կամ ժողովրդավարությունից, մինչդեռ միջազգային հանրության կողմից բոլորովին այլ բան է տեսնում, օրինակ, հայ ռազմագերիների խնդիրը։
«Եթե հիմա հայ ռազմագերիների խնդրի փոխարեն՝ այլ բան լիներ, ապա միջազգային հանրությունը ժամերով մեր գլուխը կտանեին իրենց քարոզչությամբ՝ մարդու իրավունքներ, և այլն։ Սակայն այսօր հստակորեն տեսնում ենք, որ սա ըստ էության մեր դեպքում չի գործում։ Մի ազգ, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ պուրակ ստեղծել և ձեռք առնել այլ ազգի զինվորի և դրանով դաստիարակել իր մատաղ սերնդին, սա խոսում է տվյալ ազգի արժեհամակարգի մասին։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ եվրոպական տերությունները մի տեսակ ջայլամի քաղաքականություն են վարում, եթե դա իրենց չի կպնում, լռում են։ Սակայն սա այնպիսի բան է, որը ուռուցքի նման տարածվելու է, եթե դրա դեմը չառնեն։ Սա ամբողջությամբ պանթուրքական ծրագրի դրսևորումներից է»,- եզրափակեց ազգագրագետը։