«Նիկո՛լ, էդ վարկս տվել ես, 0% ես տվել, լավությո՞ւն ես արել ինձի, բա ո՞նց տանեմ, փակեմ». ոռոգման ջրի խնդիր՝ Արմավիրում

Նախորդ շաբաթ՝ հունիսի 26-ին, Արմավիր մարզի 13 գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ավտոմայրուղին ու պահանջում էին ոռոգման ջուր տալ: Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն ասում էին, թե  մարզում մի քանի օր ջրի չլինելու պատճառը վնասված թունելն է, որով ջուրը  հասցվում է գյուղացիներին: Երկու օր առաջ գերատեսչությունների ներկայացուցիչները վստահեցնում էին, թե նույն  օրը երեկոյան գյուղացիները կկարողանան արդեն ջրել իրենց այգիներն ու դաշտերը:

Այսօր արդեն ոռոգման ջրի խնդիր էր առաջացել Արմավիրի մարզի մյուս գյուղերում, որտեղ, ինչպես պարզվեց, դաշտերում ջուր չկա, քանի որ հիմա էլ  ջուրը տվել են  նախորդ շաբաթ բողոքի ակցիա կազմակերպած գյուղացիներին:

«Հիմա, որ դուք ստեղ եք, ջուրը կուժեղացնի, հենց որ դուք էթաք, ջուրը էլի չկա… Հիմա նրանց ջուրը տվին, նրանք ակցիա էին արել, տվին նրանց, մերը կտրին: Հիմա ձեր հետ խոսում ենք, նրանցը կկտրի, կտա մեզ»,- հեգնում  էին էջմիածնեցիները:

Նրանք վստահեցնում էին, թե «Էջմիածին» ջուրօգտագործողների ընկերության(ՋՕԸ) տնօրեն Արամ Սարգսյանը չի կարողանում կառավարում իրականացնել, ինչի արդյունքում էլ գյուղացիների մշակաբույսերը մնում են առանց ոռոգման:

«Էս տարի մենք նորմալ ջուր չենք օգտագործել: Ամեն ջուր անելուց գնացել ենք Ջրմուղ, ջուր ենք ուզել, մի քիչ ջուր են տվել, եկել ենք, յոլա ենք տարել: Էդ մարդը չի կարում կառավարի: Չի հասկանում ջրից: ՋՕԸ-ի պետը ջրից պիտի հասկանա: Չի հասկանում, ոչ մի բան չի հասկանում: Չի հասկանում, որ կարելի ա ջրբաժանի մատյան պահել»,- 168.am-ին պատմում էր էջմիածնեցի ջրօգտագործող Վիկտոր Զարգարյանը:

Գյուղացիների խոսքով՝ մեկ այլ խնդիր է նաև դաշտերը ոռոգելու դիմաց վճարման կարգը: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ 3 տարի առաջ կատարվել է փոփոխություն, և դաշտը ոռոգելու համար ոչ թե վճարում են իրականացրած ոռոգման ժամը հաշվի առնելով, այլ դաշտի կամ այգու հեկտարը:

«Ժամավճար չի սարքում, որ փողերը ուտի… Փոխել են, որ իրենց համար հեշտ լինի կառավարումը: Ժամավճարի դեպքում իրանք պիտի չարչարվեն, աշխատեն»,- պատմում էր գյուղացիներից մեկը:

Անդրանիկ Քեշիշ-Ղուկասյանի սոխի դաշտում, որի հարակից տարածքում իրականացնում էինք նկարահանումը, անգամ անզեն աչքով էր տեսանելի ջրի պակասը. հողն ամբողջապես ճաքերով էր: Բերք ստեղծելու ու երեխաներին ապահովելու համար Անդրանիկ Քեշիշ-Ղուկասյանը գյուղացիական անտոկոս վարկ է վերցրել ու այսօր կանգնել խնդրի առաջ: Դաշտը չոռոգելու հետևանքով նախատեսած քանակով բերք չի ստանա, ստացածն էլ, ինչպես կանխատեսում էր, բարձր որակով  չի լինի:

«Սենց դաշտ ոչ մեկ չի ունեցել: Հըմի ամենահարամ, զզվելի դաշտն ա դառել… Էս սոխը սարքեցին զիբիլ… Եթե պիտի ստանայի 60տ, հըմի կստանամ 30-40 տոննա, ու զիբիլ սոխ կստանամ, անորակ սոխ կստանամ, չեմ կարա ծախեմ, վարկերն էլ կգա, կչոքի վզիս, էդ 0%-ը պիտի տամ, ի՞նչ կապ ունի տոկոսը, 5 միլիոնը պիտի փակեմ, կգա կասի՝ «տունը ծախի», երեխեքիս ո՞վ պիտի պահի: Ի՞նքը պիտի պահի: Չէ: Պիտի թողեմ, գնամ էս երկրից…

Էդ վարկս, լավ, Նիկո՛լ, էդ վարկս տվել ես, 0% ես տվել, լավությո՞ւն ես արել ինձի, բա ո՞նց տանեմ, փակեմ: Էդ 0%-ը ուզում էի՝ ինչ անեի»,- վրդովված պատմում էր Անդրանիկ Քեշիշ-Ղուկասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս