Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները փորձում է հիմնավորել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ

Վերջին օրերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ի ձեռնարկած ոտնձգությունները միջազգային-դիվանագիտական արձագանք են ստանում:

Ադրբեջանցի զինվորականների ներթափանցմանը ՀՀ տարածք և դիրքային առաջխաղացմանը սկսում են անդրադառնալ՝ ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, այնպես էլ՝ առանձին երկրները:

Սա ստիպել է Ադրբեջանի ԱԳՆ-ին հանդես գալ որոշ մեկնաբանություններով, և ուշագրավն այն է, որ այն, ինչ այսօր իրականացնում է ՀՀ սահմաններին Ադրբեջանը, փորձում է հիմնավորել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ՝ նշելով, որ ադրբեջանական կողմը, ըստ այդ փաստաթղթի, վերականգնել է իր պետական սահմանը:

Ներկայացնում ենք հայտարարության որոշ հատվածներ.

«2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ օկուպացիայից ազատագրված Լաչինի և Քելբաջարի շրջանների՝ Հայաստանին սահմանակցող շրջաններում, ռելիեֆի բարդ լեռնային կառուցվածք և կլիմայական պայմաններ ունեցող կետերում եղանակային պայմանների բարելավմամբ՝ ադրբեջանական սահմանապահ ուժերը տեղակայվում են մեր երկրին պատկանող դիրքերում: Այս գործընթացը կատարվում է սովորական ռեժիմով և համակարգված: Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացվող սահմանների պաշտպանության համակարգի ամրապնդման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը որոշող քարտեզների հիման վրա»։

Ադրբեջանական կողմին նույնիսկ զարմացրել է հայկական կողմի արձագանքը.

«Զարմանք է առաջացնում, որ այս գործընթացի հետ կապված հայկական կողմը, ոչ ադեկվատ արձագանքելով, հանդես է գալիս սադրիչ հայտարարություններով։ Անթույլատրելի ենք համարում պաշտոնական շրջանակների կողմից այս հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ։

Մայիսի 12-ից Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը գտնվում է գործուղման մեջ, բանակցություններ են վարվում հակառակ կողմի սահմանապահների հետ և համապատասխան քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին խորհուրդ ենք տալիս խուճապի չմատնվել, ընդունել Ադրբեջանի Զանգելանի, Կուբաթլիի, Լաչինի և Քելբաջարի շրջանների երկայնքով միջպետական սահմանի ռեժիմի իրականությունը և չսրել չհիմնավորված իրավիճակը տարածաշրջանում: Նման իրավիճակները կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների միջև քննարկումների և փոխադարձ շփումների միջոցով։

Ադրբեջանն իր կողմից հավատարիմ է նշված տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մայիսի 13-ին ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, մատնանշելով ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածը՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս