«Եթե իշխանությունից որևէ մեկն ունի ասելիք, թող գա, ես պատրաստ եմ ցանկացած տաղավարում բանավիճել, ու այդ մարդը 3 րոպեում դուրս կգա տաղավարից». Տիգրան Թորոսյան
«Վերջերս՝ մարտ ամսվա սկզբին, ես մի աշխատանք հրապարակեցի, 50 էջանոց, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որտեղ ակնհայտորեն երևում է, որ, դժբախտաբար, ամբողջ այս 3 տարվա ընթացքում արտաքին հարաբերություններում ամեն ինչ կառուցված է ստի, կեղծիքի, տգիտության և աճպարարության վրա: Դա միջազգային հետազոտություն է՝ հիմնավորումներով ու փաստերով: Եթե իշխանությունից որևէ մեկն ունի ասելիք, թող գա, ես պատրաստ եմ ցանկացած տաղավարում բանավիճել, ու այդ մարդը 3 րոպեում դուրս կգա տաղավարից»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հողորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախյան բանակցային պրոցեսից քաջատեղյակ Տիգրան Թորոսյանը:
Վերջինս նշեց, որ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովն է հայտարարել, թե ի՞նչ էր դրված Արցախյան բանակցությունների սեղանին, և ի՞նչ էր առաջարկվում Նիկոլ Փաշինյանին մինչև 2020թ. գարուն:
«Պոպովն ուղիղ ասեց, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում: Նման բան ընդհանրապես չի լինում միջազգային դիվանագիտական հարաբերություններում: Պոպովն ասում էր՝ այն բանաձևը, որը եղել էր սեղանին, հետևյալն էր. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը համաձայնում են Ադրբեջանին վերադարձնել հարակից 5 շրջանների տարածքները: Դրանից հետո ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը շատ ավելի բարձր էր, քան մինչ պատերազմը: Դրանով ճանաչվում էին ԼՂ ղեկավարությունը, մարմինները և այլն: Այդ միջանկյալ կարգավիճակը սահմանվում էր այնքան ժամանակի համար, որ դրանից հետո ԼՂ-ում իրականացվեր հանրաքվե, բնակչությունն ինքը որոշեր իր քաղաքական կարգավիճակը»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Վերջինս նշեց, որ միջազգային իրավունքը սահմանում է քաղաքական կարգավիճակի 4 տարբերակ՝ անջատվում է և ստեղծվում է անկախ պետություն, անջատվում է և միանում է մեկ այլ անկախ պետության, անջատվում է և այլ անկախ պետության հետ ստեղծում է ասոցիացված կարգավիճակ և ցանկացած այլ կարգավիճակ, որը կորոշեր տվյալ ժողովուրդն ազատ կամարտահայտման արդյունքում:
«Շատ կարևոր հանգամանք է այն, որ նշվում էր՝ չի խախտվելու հայերի և ադրբեջանցիների այն հարաբերակցությունը, որը գոյություն ուներ 1988թ.: Այսինքն՝ անգամ, եթե փախստականները վերադառնային, Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը լինելու էին հայերը: Այսինքն՝ ակնհայտ էր, որ սա լինելու էր անկախություն, որովհետև պարզ էր, թե ինչի օգտին հանրաքվեի ժամանակ կքվեարկեին հայերը: Ընդ որում, միջազգային հանրության միջոցով նման հանրաքվե կազմակերպելուց հետո ՄԱԿ-ում ճանաչումը, այսինքն՝ միջազգային լիարժեք ճանաչումը, դառնում էր անխուսափելի»,- ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահը:
Ըստ նրա՝ դրանից հետո նոր պետք է որոշվեր և Լաչինի, և Քարվաճառի հետ կապված տարածքների խնդիրը, և վստահաբար չէր լինելու այնքան կապող հատված, որ այսօր կա, և որի եզրերով կանգնած են ռուս զինվորականները:
«Ավելին ասեմ. այն ժամանակ խնդիր էր առաջանալու՝ հաշվի առնել, որ Շահումյանի շրջանի, որը 95%-ով բնակեցված էր հայերով և ամբողջությամբ կողմ էր քվեարկել 1991թ. հանրաքվեի ժամանակ, փոխհատուցման խնդիր կար: Մարտակերտի, Մարտունու շրջանների որոշ հատվածներ 1994թ.-ից հետո անցել էին Ադրբեջանի ենթակայության տակ: Այս տարածքների փոխհատուցումը ևս պետք է ստացվեր: 5 տարածքների հետ կապված փոփոխությունը պետք է արվեր ժամանակի ընթացքում: Այսինքն՝ մենք ոչ թե ինչ ունեինք-չունեինք՝ դիրքեր, հենակետեր, պետք է թողնեինք իրենց ու դուրս գայինք, այլ պետք է կարողանայինք նորմալ անցում ապահովել: Եվ ամենակարևորը՝ 5000 զոհերը, 10.000 վիրավորներն ու գերիները չէին լինելու»,- ասաց Տիգրան Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այս փաստաթողթը հենց այնպես չի կազմվել:
«Ոչ մեկը Հայաստանին ոչ առաջարկել է մի մազի օգուտ, և ոչ էլ առաջարկելու է: Սա միջազգային հարաբերությունների հիմքն է: Յուրաքանչյուրը պայքարում է իր դիրքերի, իր շահերի համար»,- եզրափակեց Տիգրան Թորոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում