Սոցիալական լրագրությունն է լրատվամիջոցին լրատվամիջոց դարձնում

2011թ. Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» համատեղ ծրագրով սկսեց նոր և այլընտրանքային մեդիա էթիկական և իրավական խնդիրների շուրջ ուսումնասիրությունները:

Այնուհետև գիտաժողով, սեմինարներ, քննարկումներ և ուսումնասիրություններ իրականացան լրագրողների, լրագրություն դասավանդողների և ուսանողների մասնակցությամբ: Այս ծրագրի շնորհիվ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներմուծեց 2012թ. լույս տեսած «Նոր և այլընտրանքային մեդիա էթիկական և իրավական խնդիրներ» ուսումնական ուղեցույցով դասընթացը, որն, ի դեպ, բավական հետաքրքիր ձեռնարկ է նույնիսկ գործող լրագրողների համար:

Այս տարի «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը նաև առաջարկ է ստացել սոցիալական լրագրության դաշտն ուսումնասիրելու և դասընթաց մշակելու ուղղությամբ: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ծրագիրը բավական իրատեսական է:

«Մենք այն քննեցինք ֆակուլտետում՝ ամբիոնների մասնակցությամբ: Ֆակուլտետի ներկայացուցիչը Մոլդովայում մասնակցեց ծրագրի մեկնարկին և բավական լավ տպավորություններով վերադարձավ: Ինձ ոգևորեց նաև այն հանգամանքը, որ նախորդ ծրագրի դեպքում մասնակիցներն ասել էին, որ «Նոր և այլընտրանքային մեդիա էթիկական և իրավական մարտահրավերները» ծրագրի շրջանակներում ոչ Թբիլիսիում, ոչ Բաքվում տեղաշարժ չի գրանցվել, մինչդեռ, ինչպես տեսնում եք, մեր դասընթացը վաղուց կյանքի է կոչվել»:

Ինչևէ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում շուտով կներդրվի սոցիալական լրագրություն դասընթացը, որը նախատեսվում է մեկնարկել հաջորդ կիսամյակից: Փետրվարից մինչև մայիս ձգվող դասընթացն առայժմ փորձնական է լինելու, որը կունենա 32 ժամ ծավալ՝ 16 հանդիպում ուսանողների հետ: Ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ հանդիպումներից տասը կլինի դասախոսություն, իսկ վեցը՝ սեմինար կամ գործնական պարապմունք, որպեսզի ուսանողին փոխանցված տեսական գիտելիքները հնարավոր լինի ստուգել, հասկանալու համար, թե արդյոք նա կարողանո՞ւմ է իմացությունը պրակտիկ կիրառել:

«Դասախոսությունները կընթանան մի քանի ուղղություններով. Կհստակեցվեն սոցիալական առանձին խմբերը՝ աղքատության շեմին գտնվող մարդիկ՝ մուրացկաններ, թափառաշրջիկներ, անօթևաններ, կամ՝ փախստականներ, տեղահանվածներ, ծերանոցներ, մանկատներ, դատապարտյալներ, և այլն: Պետք է անպայման լուրջ անդրադարձ լինի նման թեմաներով գրող լրագրողի էթիկական պատրաստվածությանը, օրենքների իմացությանը»,- ասում է Ն. Մարտիրոսյանը:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի կարծիքով՝ սոցիալական լրագրություն դասընթացը չի կայանա և չի ամբողջանա, եթե համալսարանը չներգրավի լրատվամիջոցներում գործող պրոֆեսիոնալ լրագրողներին:

«Գոնե յուրաքանչյուրը մեկ-երկու դասախոսություն կանցկացնի, որպեսզի իրենց գործնական իմացությունները կամ աշխատանքի ընթացքում ձեռք բերած գիտելիքները կարողանան ուսանողներին փոխանցել: Ընդ որում, սխալ եմ համարում միայն տեսական պատրաստվածություն ունեցող դասախոսի մասնակցությամբ այս դասընթացը վարելը, քանի որ նաև գործնականում ձեռք բերած մասնագիտական գիտելիքները շատ կարևոր են»,- վստահեցնում է ֆակուլտետի դեկանը՝ ավելացնելով, որ շուտով նաև կմշակվի սոցիալական լրագրության ուսումնական ուղեցույցը: Ձեռնարկում պարտադիր տեղ կզբաղեցնեն թիրախային խմբերի, ինչպես նաև՝ էթիկական և իրավական խնդիրների լուսաբանման մասին գիտելիքների ողջ տեղեկատվությունը: Պարտադիր անդրադարձ է կատարվելու միջազգային փորձին:

«Առաջիկայում տեղի կունենա գիտաժողով, որտեղ զեկույցներ կկարդացվեն, և այդ զեկույցներից յուրաքանչյուրը կառնչվի սոցիալական ոլորտին, լրագրությանը: Այդ գիտաժողովում կիմաստավորվի նաև այն փորձը, որն առկա է մեր մեդիադաշտում, մասնավորապես տպագիր պարբերականները կամ հեռուստատեսությունը, ռադիոն ինչպես են անդրադառնում սոցիալական խնդիրներին:

Այդ ամենի իմաստավորմամբ կհրատարակվի ուղեցույցը: Ըստ էության, դա ոչ այնքան փորձագիտական, որքան՝ ժուռնալիստիկայի տեսությամբ ու պրակտիկայով զբաղվող մարդկանց և միջազգային փորձագետների ասելիքի ընդհանրացումը կլինի»,- ասում է Ն. Մարտիրոսյանը:

Վերջինս վստահ է, որ սոցիալական թեմաներով պրոֆեսիոնալ լրագրողներին մեր լրատվամիջոցներն անմիջապես կլանելու են. «Սոցիալական թեմաներն ու դրանց մասին գրելու անհրաժեշտությունն առկա և տեսանելի են: Մեր լրատվադաշտում սոցիալական թեմաներով քիչ են գրում ոչ թե այն պատճառով, որ այդ խնդիրների մասին խոսելու անհրաժեշտություն չկա, այլ՝ չկան այն պրոֆեսիոնալները, որոնք այդ խնդիրները համակողմանի և ճիշտ կներկայացնեն: Օրինակ՝ ամենահեշտ բանը փաստն արձանագրելն է՝ կա արտագաղթ, կա մուրացիկություն, անօթևաններ և այլն, բայց քիչ են համակողմանի, խորքային մոտեցումները»:

Ինչևէ, փետրվարից սոցիալական լրագրություն կամընտրային սկզբունքով իրականացվող դասընթացների միջոցով այսուհետ համալսարանը «կպատրաստի» սոցիալական ոլորտը լուսաբանող ապագա «նեղ մասնագետներին»: Այս դասընթացի շրջանակներում ուսանողները նաև պետք է գիտելիքներ ձեռք բերեն մեր երկրի սոցիալական քաղաքականության վերաբերյալ, որին գուցե կմասնակցեն կառավարման համակարգի այն ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե առնչվում են սոցիալական ոլորտի հետ:

«Հայաստանի նման աղքատ երկրում չի կարող անտեսվել սոցիալական թեմաների լուսաբանումը»

Նոյեմբերի 24-25-ին «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան»` «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի հետ համատեղ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Սոցիալական խնդիրների ժուռնալիստիկա» թեմայով դասընթաց էր կազմակերպել լրագրություն դասավանդողների, լրագրողների, փորձագետների և ուսանողների համար: Բավական հետաքրքիր էին ոչ միայն տեղական, այլև՝ հատկապես միջազգային փորձագետների ելույթները:

Լոնդոնի Հաղորդակցության դպրոցի Մեդիայի ֆակուլտետի նախկին դեկան Գարի Նեյլորը ներկայացրեց Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում սոցիալական խնդիրների լուսաբանման մասին հետաքրքիր մանրամասներ:

«Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների» ասոցիացիայի նախագահ, «Մեդիամաքս» գործակալության խմբագիր, ԵՊՀ դասախոս, վերոնշյալ ծրագրի ղեկավար Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ սոցիալական խնդիրների լուսաբանման ժուռնալիստիկան շատ կարևոր թեմա է, որը, ցավոք, մեր լրատվամիջոցների կողմից անտեսված է: Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները վերջերս հանդիպելով քննարկել են, թե լրատվական դաշտում ո՞ր ուղղությունը կարող է առավել արդիական լինել, և ո՞րն է անտեսված լրատվամիջոցների կողմից:

Քննարկումներից հետո մասնակից երկրներին առաջարկվել է իրականացնել սոցիալական լրագրության պիլոտային ծրագիր, հետևաբար` ԵՊՀ-ում այդ առարկան կներդրվի` որպես առանձին մասնագիտական ուղղություն: «Քանի որ մեր ֆակուլտետը բոլոր նորարարություններին դրական է վերաբերվում՝ մենք անմիջապես այդ գաղափարին հավանություն տվեցինք: Տարբեր միջազգային կազմակերպություններ, կառույցներ իրականացնում են ժուռնալիստիկայի տարբեր տեսակների՝ հետաքննական, նոր մեդիաներ և այլ ուղղություններով սեմինարներ, սակայն սոցիալական լրագրությունն անտեսված է, ինչն անարդար է:

Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ սոցիալական խնդիրների լուսաբանումն այն երևույթներից մեկն է, որը ժուռնալիստիկան դարձնում է չորրորդ իշխանություն: Ծրագրի բացման իմ ելույթում ասացի ու հիմա էլ եմ կրկնում, որ Հայաստանի նման աղքատ երկրում մարդիկ արդարությունն ուրիշ տեղ չգտնելով՝ անմիջապես գնում են լրագրողների մոտ»,- ասում է Դ. Ալավերդյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում հաճախ հենց լրագրողներն են դառնում այն ատյանը, որը կարողանում է մարդու խնդրի մասին բարձրաձայնել և օգնել դրանց լուծումը գտնելու հարցում:

Մինչև անգամ, լրագրողները կարողանում են պետական կառույցներին ստիպել համապատասխան գործառույթները պատշաճ կատարել: Այնուամենայնիվ, Դ. Ալավերդյանը փաստում է, որ ուսանողներից շատերը նաև մասնակցելով տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ սեմինարին` որոշում են կայացրել ընտրել սոցիալական լրագրությունը: Քանի որ այն պիլոտային ծրագիր է, առայժմ մագիստրատուրայում ներդրված է` որպես կամընտրական, մինչդեռ, ըստ Դ. Ալավերդյանի՝ ծրագրի հաջողությունից կախված` հաջորդ տարի հնարավոր է` սոցիալական լրագրությունն ընդգրկվի հիմնական առարկաների ցանկում:

«Մենք սոցիալական թեմայով լրագրության վերաբերյալ հատուկ ուսումնասիրություն ենք անցկացրել: Բանն այն է, որ ամեն տարի մեր շրջանավարտները 4-րդ կուրսում գրում են ավարտական աշխատանք, արդեն մագիստրատուրայում երկու տարվա ընթացքում գրում են մագիստրոսական թեզ: Եվ մագիստրոսական թեզ գրող մի քանի ուսանողներ ուսումնասիրելով ասպարեզը` պարզել են, որ հայաստանյան լրատվամիջոցներից շատերը լիովին անտեսում են սոցիալական թեմատիկան:

Հիմնականում լուսաբանելիս հիմնվում են պաշտոնական հաղորդագրությունների վրա կամ ներկայացնում են կառավարության որոշումները սոցիալական ոլորտի վերաբերյալ:

Օգտագործում են թվեր, որոնց ետևում չեն երևում սովորական մարդիկ: Այնպիսի տպավորություն է, կարծես մենք գործ ունենք անշունչ առարկաների հետ, այլ ոչ թե մարդկանց մի ստվար զանգվածի, որոնց համար այդ որոշումները ճակատագրական են»,- ասում է Դ. Ալավերդյանը: Նրա համոզմամբ՝ մեր հասարակությունն այնքան քաղաքականացված է, որ թիրախային խմբերի՝ հաշմանդամություն ունեցող, սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող մարդկանց խնդիրները մեր ԶԼՄ-ներում գրեթե չեն արծարծվում:

Այնուամենայնիվ, Դ. Ալավերդյանը համոզված է, որ սոցիալական լրագրությունը ժուռնալիստիկայի այն տեսակն է, որը լրատվամիջոցին լրատվամիջոց է դարձնում:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս