Իրանաթուրքական հարաբերությունները և արտաքուստ ցուցադրվող արևելյան քաղցրախոսությունը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մարտի 19-ին Ստամբուլում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Հանդիպումից հետո Զարիֆը հայտարարել էր, որ քննարկել են երկկողմ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները, երկու երկրի հյուպատոսական խնդիրներն ու երկկողմ տարածաշրջանային համագործակցությունները, նա նաև Թուրքիայի արտգործնախարարին դիմել էր՝ որպես «սիրելի եղբոր»։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո թուրք-իրանական հարաբերություններում որևէ բան փոխվե՞լ է և առհասարակ այդ հարաբերությունները որքանո՞վ են հակասում հայ-իրանական հարաբերություններին։
168.am-ի հետ զրույցում պատասխանելով այս հարցին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերություններն ըստ էության արտաքուստ գտնվում են նորմալ դիվանագիտական արարողակարգային ծիրում։ Սակայն խորքային առումով երկու երկրների միջև կան մի շարք խնդիրներ, որոնց երկու պետությունները մոտենում են լիովին տարբեր դիտանկյուններից, որոնք կարող են պատճառ դառնալ ավելի լուրջ տարաձայնությունների։
«Արցախյան պատերազմից հետո վերը նշածին ավելացավ նաև Թուրքիայի ներգրավվածությունը Հարավային Կովկասում, քանի որ և Իրանը, և Թուրքիան տարածաշրջանային գերտերություններ են, մրցակցող պետություններ, և մեկի ազդեցության մեծացումը, բնականաբար, պետք է որ անհանգստացնի մյուս պետությանը։
Կարծում եմ՝ արևելյան այդ քաղցրախոսությունն իր տեղն ունի, այդուհանդերձ պետք է տեսնել խորքը և փաստել, որ Արցախի մի հատվածի օկուպացիան, Թուրքիայի և Ադրբեջանի տարբեր քայլերը, օրինակ՝ ահաբեկիչների տեղակայումը, հակոտնյա է Իրանի շահերին։ Վստահ եմ, որ թուրք-իրանական հարաբերությունների լայն սպեկտրում կան այլ կետեր ևս, դրանցից մեկը Թուրքիայի և Իրանի հակադիր պատկերացումներն են, շահերն են, որոնք, ի դեպ, վերջին շաբաթների ընթացքում որոշ դրսևորումներ ունեցել են»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, այս ծիրում ամպայմանորեն պետք է դիտարկել նաև Մեղրիով անցնող ճանապարհի հարցը, որտեղ նույնպես Իրանն ունի որոշ մտահոգություններ։
Ամփոփելով՝ թուրքագետն ասաց, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերություններն անպայմանորեն իրենց խորքում ունեն լուրջ տարաձայնություններ ու խնդիրներ։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ ասաց, որ թուրք-իրանական հարաբերություններում Արցախի 44-օրյա պատերազմից հետո որևէ փոփոխություն չի արձանագրվել։
«Եթե դիտարկենք հռետորաբանությունը, ապա բոլորս էլ հիշում ենք Էրդողանի՝ Բաքվի տխրահռչակ զորահանդեսում հնչած հակաիրանական ակնարկներից հետո իրանական կոշտ հայտարաությունները։
Ինչ վերաբերում է այս պահին երկու երկրների հարաբերություններին, ապա, չնայած հռետորաբանության մեջ արևելյան քաղցրածորությանը, կան իրանաթուրքական լուրջ հակասություններ, որոնք արձանագրվում են հենց այս պահին Սիրիայի տարածքում, Իրաքի տարածքում, մասնավորապես՝ կապված Սինջարի տարածաշրջանում թուրքական հնարավոր ներխուժման հետ»,- շեշտեց իրանագետը։
Շարունակելով՝ Վարդան Ոսկանյանն ընդգծեց, որ մյուս տարածաշրջանը, որտեղ իրանաթուրքական հարաբերությունները բախվում են՝ Եմենն է։ Թուրքական կողմը փորձում է եմենյան գործընթացում ավելի լայն ներգրավվածություն ունենալ, այդ թվում՝ թուրքական վարձկանները Սաուդյան Արաբիայի հովանու ներքո փորձում են Եմենում թուլացնել հութիների ազդեցությունը, որոնք նույնպես շիաներ են և վայելում են Իրանի համակրանքը։
«Այս համատեքստում գրեթե ոչինչ չի փոխվել։ Մեկ կարևոր հանգամանք կա, որը կարելի է շեշտադրել՝ եթե դիտարկենք Չինաստանի վերջին ակտիվությունը մեր տարածաշրջանում և չինական նոր Մետաքսի ուղու համատեքստում, ապա Իրանի ներսում նկատվում են նոր զարգացումներ, նաև Չինաստանի ակտիվությունը Թուրքիայի հետ հարաբերություններում, որը կարող է ուշագրավ լինել։ Հայաստանն անպայմանորեն պետք է հետևի բոլոր այդ գործընթացներին, որպեսզի հասկանալի լինի, թե Չինաստանն ինչպիսի քաղաքականություն է փորձում վարել մեր տարածաշրջանում»,- շեշտեց նա: