«Ռուսաստանի համար նշանակալի բոնուս կլինի՝ հաղթել Հայաստանի համար պայքարում»
Հարցազրույց Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնի (Արտաքին գործերի թագավորական ինստիտուտ) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և գիտաշխատող Ջեյմս Նիքսիի հետ
– Պարոն Նիքսի, հնարավոր համարո՞ւմ եք պատերազմի վերսկսումը Լեռնային Ղարաբաղում:
– Այս պահին չեմ տեսնում անհապաղ հավանականություն դրա համար: Իհարկե, կա հնարավորություն, որ զարգացումները տանեն այդ ճանապարհով, բայց դա այժմ չի համապատասխանում որևէ մեկի անմիջական շահերին: Նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը բավարարված չէ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյով, նա ինքը համոզված չէ, որ սկսելով պատերազմը` կարող է հաղթել: Հետո, կարծում եմ` հիմնախնդրի ներկայիս վիճակը ձեռնտու է Իլհամ Ալիևին` իր իշխանությունը պահպանելու համար:
– Հայաստանի նախագահը վերջերս բավական հաճախ սկսել է միջազգային մակարդակում խոսել Ադրբեջանի կողմից պատերազմական վտանգի մասին, իսկ Ադրբեջանի նախագահն, ինչպես գիտենք, միշտ է խոսում պատերազմի մասին: Միգուցե երկու երկրների ղեկավարներն ավելի շատ օգտագործում են պատերազմի սպառնալիքը` ներքին խնդիրներ լուծելո՞ւ և նախագահական ընտրություններին ընդառաջ` իրենց իշխանությունն ամրապնդելո՞ւ համար:
– Պատերազմական հռետորաբանության պատճառն այն է, որ գործելը միշտ վտանգավոր է, իսկ հռետորաբանությունն անցավ է: Եվ իրականում հռետորաբանությունը բավական տարածված երևույթ է: Եվ եթե կա ինչ-որ միջոց` ստանալու հասարակության աջակցությունը, մեծացնելու մարդկանց սերը և ստիպելու մարդկանց իրենց լավ զգալ, դա բոլոր հնարավոր և անհնար միջոցներով խոստումներ տալն է. ինչպես անգլիացիներն են ասում, «եթե ոչ մտրակով, ապա գավազանով», այսինքն` ուժով, եթե հարկավոր է:
Սա անցավ և պատասխանատվություն չպարտադրող միջոց է, քանի որ այն չի պարտավորեցնում ղեկավարին պատերազմ սկսել, բայց ցույց է տալիս նրան` որպես ուժեղ առաջնորդ, ով կարող է համախմբել մարդկանց: Ահա սա է հռետորաբանության, ինչպես և` գործողությունների բացակայության պատճառը:
– Հայկական մամուլում կա տեսակետ, որ ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների ելքը մեծապես կախված է գերտերությունների կողմից Հայաստանին արվող առաջարկներից: Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է միանալ Մաքսային և Եվրասիական միությանը, և նաև ընտրություններում իր աջակցության դիմաց Հայաստանի իշխանություններից պահանջում է լծակներ գործադիր կառավարությունում: Եթե Հայաստանի գործող նախագահը համաձայնվի, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, դեմ չի լինի ներկայիս իշխանության պահպանմանը: Բայց մյուս կողմից` Եվրոպական միությունը, որն, իր հերթին, Հայաստանին առաջարկում է եվրաինտեգրում, դեմ է Եվրասիական միությանը: Ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի մասին, և ի՞նչ դիրքորոշում կունենա Արևմուտքն այս պարագայում:
– Այս հարցին կա երկու պատասխան: Առաջինն այն է, որ Հայաստանը բավական փոքր երկիր է, և, եթե շատ անկեղծ լինեմ, բավական անկարևոր` այն իմաստով, որ նա չունի այն քանակության ռեսուրսներ, որն ուզում են այլ երկրները: Նկատի ունեմ` Հայաստանն օրհնված կամ անիծված չէ մասնավորապես ածխաջրածնային հանքերով կամ տարանցիկ ուղիներով: Եվ սա նշանակում է, որ մարդիկ կարող են հանգիստ ապրել իրենց երկրում և չունեն որևէ թուլացնող կամ պայմանավորող գործոններ: Սա ինչ-որ առումով Հայաստանին տալիս է անկախության մեծ աստիճան:
Մյուս կողմից` դուք մասնավորապես նշեցիք Ռուսաստանի մասին. կարծում եմ` դուք ճիշտ եք, և Ռուսաստանը խնդիր է, նա իսկական խնդիր է այն իմաստով, որ, ինչպես գիտեք, նա գնել է հայկական ենթակառուցվածքների զգալի մասը, ինչն այս պահին չունի նշանակալի ազդեցություն Հայաստանի ներքին և նույնիսկ արտաքին քաղաքականության վրա: Սակայն, երբ տեղի է ունենում նման չափի ձեռքբերում, և հանքային, հեռահաղորդակցության և այլ ենթակառուցվածքները դուրս են վերահսկողությունից, կա պոտենցիալ, որ նման վերահսկողությունը, որը Հայաստանը կորցրել է, հետագայում կարող է օգտագործվել:
Անդրադառնամ հարցի մյուս մասին, որը վերաբերում էր Եվրասիական Մաքսային միությանը: Իհարկե, Ռուսաստանի համար նշանակալի բոնուս կլինի` հաղթել Հայաստանի համար պայքարում: Հայաստանը մրցանակ է, իհարկե, ոչ այնքան մեծ մրցանակ, ինչպես Ուկրաինան, բայց ամեն դեպքում` լավ մրցանակ է: Ռուսաստանը բավական դանդաղ խաղ է խաղում:
Նա ուզում է, որ Եվրասիական Մաքսային միությունը հաջողություն ունենա, և գիտակցում է, որ այն չի կարող ունենալ արագ հաջողություն, ինչպես եղավ ԱՊՀ-ի հետ, քանի որ այն շատ արագ էր, շատ շտապողական և վերջիվերջո փլուզվեց: Ուստի Ռուսաստանն ավելի շատ ենթակառուցվածքներ է պահանջում Եվրասիական Մաքսային միության համար, և դա ավելի շատ ժամանակ կպահանջի: Այսպիսով, պետք է սպասենք:
Ինչ վերաբերում է Արևմուտքին, բացարձակ անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, Արևմուտքն այնքան էլ ներգրավված չէ Հարավային Կովկասի պետությունների կողմնորոշման մեջ: Հարավային Կովկասում տարբեր պետություններ կան տարբեր առանձնահատկություններով` էներգետիկ ռեսուրսներ Ադրբեջանում, Հայաստանի սփյուռքը և քաղաքական օրիենտացիան Վրաստանում, որը զգալի առաջընթաց ապրեց:
Եվրոպական միության պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընտրի Եվրամիության և Ռուսաստանի միջև: Անկեղծ ասած` դա իմաստուն հայտարարություն չէր, որովհետև դրանով դու ստիպում ես մարդկանց ընտրություն կատարել: Կարծում եմ` ԵՄ-ն կարող է հաղթել այս խաղը միայն գրավչությամբ, այլ ոչ թե սպառնալիքով: ԵՄ-ն ուժեղ չէ սպառնալիս, Ռուսաստանն է սպառնալիքի լեզվով խոսում: Դա կարող է փոքր հաղթանակ տալ նրան, բայց վերջիվերջո ԵՄ-ն ստիպված պետք է լինի ավելի երկար խաղ խաղալ, ուստի կարծում եմ, որ դա շատ տարօրինակ հայտարարություն էր: Չնայած հասկանում եմ լրատվության որոշակի ճշմարտությունը, որ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել մյուսի հետ, բայց չմոռանանք, որ Ռուսաստանն անդամակցում է և՛ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և՛ Մաքսային միությանը: Այնպես որ, մեկը մյուսով բացառել պետք չէ:
– Հայաստանը կարո՞ղ է մերժել Ռուսաստանի առաջարկը` Մաքսային միության և Եվրասիական միության վերաբերյալ, և ի՞նչ կլինի, եթե Հայաստանը մերժի:
– Նախ` Մաքսային միությունը այնքան էլ նույնը չէ, ինչ Եվրասիական միությունը: Մաքսային միությունն ավելի իրական երևույթ է, իսկ Եվրասիական միությունն ավելի շատ երազ է, ես կասեի` երևակայություն, հայտարարված ցանկություն: Լավ հարց էր, և հարցից չխուսափելու համար պետք է ասեմ, որ չեմ կարծում, թե Հայաստանը հաջորդն է Ռուսաստանի ցուցակում: Ռուսաստանը հետամուտ է Ուկրաինային ներգրավելու համար, և դրանից հետո հայացքը կթեքի Հայաստանի վրա: Եթե անկեղծ լինեմ, Հայաստանն ավելի փոքր խնդիր է Ռուսաստանի համար, քան Ուկրաինան: Եվ Հայաստանը պետք է սկսի ծրագրավորել իր քաղաքականությունը, երբ միությունը դառնա իրականություն, բայց չեմ կարծում, որ մոտ ապագայում այն իրականություն կդառնա:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ընդդիմության վիճակը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանն ունի՞ իրական մրցակից ընտրություններում:
– Չեմ կարող ասել: Հիմա Հայաստանի ընդդիմության համար այլ ժամանակներ են: Կան նախկին ղեկավարներ, ինչպես պարոն Քոչարյանը և պարոն Տեր-Պետրոսյանը, բայց նրանք դժվար թե կարողանան դառնալ առաջատար փարոսներ, չնայած որ Տեր-Պետրոսյանը վերջին ընտրություններում շատ մոտ էր հաղթանակին: Իսկ մյուս մրցակիցներն, ըստ իս, չունեն մեծ աջակցություն և ճանաչված չեն Երևանից դուրս, և նրանց համար շատ դժվար կլինի:
Հարցերի հարցն այն է, որ այն համակարգը, որն առկա է Հայաստանում, մեծապես կախված է երկրի ղեկավարից, իհարկե, ոչ այնպես, ինչպես Ադրբեջանում, որտեղ կա անձի լուրջ պաշտամունք և մի հոգու գերիշխանություն, բայց ամեն դեպքում` Հայաստանում նման կախվածություն կա:
– Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակից հետո սկսել են երբեմն համեմատություններ անել Հայաստանի իրականության հետ, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ երկրորդ Իվանիշվիլի, թե՞ նա կեղծ ընդդիմություն է:
– Լավ հարց է: Ես կարդացել եմ մի հոդված այդ մասին: Դա շատ գեղեցիկ մի ֆանտազիա է: Հետաքրքիր կլինի Հայաստանում տեսնել իրական, մրցակցային, քաղաքական պայքար, որը մենք տեսանք Վրաստանում: Եվ եթե ինչ-որ մեկն ունի հարուստ բարեգործներ, ապա դա հայկական սփյուռքն է, ով կարող է գալ և անել այն, ինչ արեց Իվանիշվիլին:
Բայց չեմ կարծում, որ դա ամբողջովին հնարավոր է Հայաստանում` մի շարք պատճառներով: Առաջինը` ենթադրում եմ, որ Սարգսյանը դաս կքաղի Սահակաշվիլիից, և այդպիսի մարդիկ կկանխվեն թեկուզ քաղաքացիության պատճառաբանությամբ, և միջոցներ կձեռնարկվեն կանխելու այդպիսի հեղաշրջումները: Երկրորդը` այո՛, ճիշտ է` Հայաստանում կան մի շարք բարերարներ, ովքեր բարեգործություն են իրականացրել այնպես, ինչպես Իվանիշվիլին Վրաստանում:
Մենք ոչինչ չգիտեինք Իվանիշվիլիի ձգտումների, մոտիվացիաների և ցանկությունների մասին մինչև ընտրություններից մեկ տարի առաջ, այնպես որ, կարող է լինել այդպիսի մեկը, ով սպասում է իր ժամին, ինչպես այն անձնավորությունը, ում անունը Դուք նշեցիք: Բայց պետք է նշել, որ դեռևս որևէ նախանշաններ չկան դրա համար, և այդ առումով շատ եմ կասկածում, որովհետև, անկեղծ ասած, Վրաստանի քաղաքական համակարգը մինչև Իվանիշվիլին ավելի բազմազանեցված էր, քան Հայաստանի քաղաքական համակարգն է: Այդ պատճառով, շատ դժվար կլինի Հայաստանում նույնն իրականացնելու համար, ուստի ես այնքան էլ լավատես չեմ:
– Այդ դեպքում ո՞վ կարող է մարտահրավեր նետել գործող նախագահին, միգուցե, այնուամենայնիվ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը:
– Չեմ կարծում, որ նա այս օրերին մեծ ժողովրդականություն ունի: Ինչպես ասացի, վերջին նախագահական ընտրություններում շատ մոտ մրցակցություն ծավալվեց, բայց նա պարտվեց, սակայն այժմ քիչ հավանական եմ դա համարում: Դա կարող էր ցանկալի լինել Արևմուտքի համար, քանի որ Տեր-Պետրոսյանը ճանաչված է եղել որպես ավելի հարմարվող ղեկավար, քան իր հաջորդները: Բայց չեմ կարծում, որ նա կստանա անհրաժեշտ օգնությունը, սակայն, միգուցե, ամեն ինչ հնարավոր է:
– Իսկ աշխարհաքաղաքական ուժերից ո՞ւմ աջակցությունը նա կարող է ստանալ:
– Չեմ կարծում, որ նա կարող է հույս դնել մասնավորապես Ռուսաստանի վրա, բայց այնքան, որքան ես ծանոթ եմ Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությանը, դա թույլ է տալիս ինձ ասելու, որ Ռուսաստանը չունի այն կարողությունը` դնելու իր թեկնածուին և նրան տանելու հաղթանակի:
Ռուսաստանը դեռևս չունի այդքան վերահսկողություն Հայաստանում: Եթե նա ունենա, չկա որևէ երաշխիք, որ դա Տեր-Պետրոսյանին ավելի մեծ ժողովրդականություն կհաղորդի: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա ԱՄՆ-ը հավանաբար կնախընտրեր Տեր-Պետրոսյանին, բայց ես քիչ հավանական եմ համարում, որ այժմ ամերիկացիները մտահոգված են դրանով, նույնիսկ հայկական լոբբին ԱՄՆ-ում թուլանում է:
– Եվ վերջին հարցը, որը մի փոքր հռետորական է. ո՞վ կհաղթի նախագահական ընտրությունների օրը Հայաստանում` Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը:
– Կարծում եմ` հստակ հաղթող չի լինի: Փաստն այն է, որ ընտրությունների ելքը, որը վերջիվերջո լինելու է Սարգսյանի հաղթանակը, դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Պայմանականորեն ասած` նրանք երկուսն էլ բավական երջանիկ են ոչ խնդրահարույց երկրներում առկա իրավիճակով: ԱՄՆ-ը Հայաստանում ուզում է նվազագույն խնդիրներ, և Ռուսաստանը բավարարված է իր ունեցած վերահսկողության աստիճանով` մինչև Եվրասիական միության կազմավորումը որոշակի քայլեր ձեռնարկելը:
Ուստի կարծում եմ, որ երկու կողմերն էլ զարմանալիորեն բավարարված կլինեն: Եվ, անկեղծ ասած, նրանք ոչինչ էլ չեն կարող դրա հետ անել:
«168 ԺԱՄ»