«ՌԴ սահմանապահները կարող են Նախիջևանի և մեր կողմից մեզ հետ միասին կանգնել, բայց մեր վերահսկողությամբ. դա միջանցք չի լինելու». Դավիթ Շահնազարյան

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր նոյեմբերի 10-ից հետո պաշտպանում են Փաշինյանին, կոլոբորոցիոնիստներ են, իսկ դրանք այն մարդիկ են, ովքեր կամավոր և գիտակցված թշնամու հետ համագործակցում են պետության դեմ: Այս մասին նա հայտարարեց «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ:

«Փաշինյանն արդեն համաձայնել է, որ Արցախն իր Զինված ուժերը չի ունենալու: Ինքն արդեն ընդունել է, որ Արցախը գտնվում է Ադրբեջանի կազմում: Պատահակա՞ն է, որ այսօր նա Արցախ Սփյուռքի հանձնակատարին է ուղարկում, այսինքն՝ դա այսօր իր համար ադրբեջանական Սփյուռք է: Իսկ եթե այսպես գնաց, շատ շուտով այդ համատեղ բնակության գոտիները կստեղծվեն, ադրբեջանցիները կփորձեն վերադառնալ Արցախի այն տարածքները, որոնք մնացել են, իսկ դրանից մի քանի տարի հետո ուղղակի կհայաթափվի, ինչպես եղել է»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանն իր հաղորդակցության ուղիների հարցը լուծում է Հայաստանի տարածքով՝ Սյունիքով, որը պետք է կապի Նախիջևանն Ադրբեջանին:

«Սա մեր ապագայի համար կենսական հարց է: Ոչ մեկը դեմ չէ այդ հաղորդակցության միջոցներին, բայց բարբաջանքներ են, որ ասում են՝ տնտեսության վրա կազդի: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հստակ գրված են, որ այդ հաղորդակցության ուղիները չեն աշխատելու, որովհետև այնտեղ նշված է, որ, օրինակ, Շուշին շրջանցող ճանապարհ պիտի բացվի, եթե հաղորդակցության բոլոր ուղիները բացվեն»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը:

Վերջինս կարծում է, որ նույնիսկ գերիների հարցի լուծումից հետո այդ հարցն օրակարգից պետք է ընդհանրապես հանել: Օրինակ, քանի դեռ չի աշխատում Հայաստան-Իրան երկաթուղին Նախիջևանի միջով, այս հարցն ընդհանրապես չպիտի քննարկվի:

«Երկրորդ և ամենակարևոր հարցն այն է, որ սա ոչ մի դեպքում չպետք է լինի Ռուսաստանի սահմանապահների վերահսկողության ներքո, և բացառապես ՀՀ ինքնիշխանությունը պետք է տարածվի այդ ուղիների վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանը չի կարող սա պնդել, որովհետև նրա տերերն իրեն թույլ չեն տա դա անել:

Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ այս հարցում մենք պետք է բանակցենք Ռուսաստանի հետ:

«Սա աշխարհաքաղաքական կարևորագույն հարց է: Թող շատերն ինձ ներեն՝ գուցե Արցախի հարցից ավելի կարևոր: Սա պետություն երբևէ ունենալո՞ւ, թե՞ չունենալու հարց է: ՌԴ սահմանապահները կարող են Նախիջևանի և մեր կողմից մեզ հետ միասին կանգնել, բայց մեր վերահսկողությամբ: Դա միջանցք չի լինելու: Սա կարևորագույն հարց է, բայց մեր քաղաքական ուժերի մեծ մասը փորձում է սրանից խուսափել»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս