«Պետք չէ ասել՝ մենք ամենալավն ենք. մենք ամենալավը չենք և կարող ենք չլինել»

Հարցազրույց «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի»
(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն Աշոտ Չիլինգարյանի հետ

– Խոսենք Ֆիզիկայի ինստիտուտի զարգացումների մասին, եթե կարելի է, համեմատենք, ինչ աշխատանքներ են իրականացվել, և ինչ վերելք է ապրում ինստիտուտը հիմա:

– «Վերելք» բառից ես կխուսափեմ, սակայն, այո, մեզ մոտ ինչ-որ նորություններ կան: Ներկայումս մենք զբաղվում ենք ֆունդամենտալ աշխատանքներով և սկսում ենք արդեն նաև կիրառական աշխատանքները զարգացնել` նորարարության ասպարեզում: Ֆունդամենտալ ֆիզիկայի աշխատանքներով մեր ինստիտուտը զբաղվում է 1943 թ.-ից: Հիմնականում երկու ուղղություններով` տարրական մասնիկների բարձր էներգիայի ֆիզիկա և կոսմիկական ճառագայթների ֆիզիկա:

Երկու ուղղություններով աշխատանքները մեզ մոտ ներկայում էլ շարունակվում են: Շուտով մեզ մոտ կտեղակայվի արագացուցիչը, որը նախատեսվում է գործարկել 2013թ.-ին: Այն կկիրառվի բժշկական նպատակների համար` կարճ ապրող իզոտոպների արտադրության համար: Այսպիսով, ժամանակակից դիագնոստիկ սարքերն առաջին անգամ մուտք կգործեն Հայաստան և կօգնեն բժիշկներին ախտորոշման հարցերում, իսկ մենք էլ կշարունակենք մեր փորձերը միջուկային ֆիզիկայի ասպարեզում. միգուցե նոր իզոտոպների ուսումնասիրություններ իրականացնենք, ոը նոր ուղղություն է և շատ արագ զարգանում է:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է կոսմիկական ճառագայթների աշխատանքների ուղղությամբ աշխատանքներին, ապա դրանք ներկայում շարունակվում են: Մեր Արագածի կայանում ունիկալ արդյունքներ են ստացվում: Ընդհանրապես ֆունդամենտալ գիտության մեջ որևէ ուղղություն զարգացնելու համար տասնյակ տարիներ են պետք: Այնպես չէ, որ այսօր փողը տվեցիր, և վաղն արդեն կարող ես արդյունք ունենալ: Որևէ ուղղության կայացումը բավական երկար է տևում:

– Խոսենք խնդիրների մասին, ի՞նչ խնդիրներ կան այսօր:

– Ամենացավոտ խնդիրն այսօր այն է, որ ուսանողներն այդքան էլ լավ պատրաստված չեն, կրթական մակարդակը չի բավարարում: Խաթարված է ուսումնական պրոցեսը, իսկ ուսումնական պրոցեսը միայն լեկցիաներ լսելը ու հիշելը չէ: Դա լաբորատոր աշխատանքներն են, իրենք պետք է ինքնուրույն հաշվարկներ և չափումներ կատարեն: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ հեքիաթի նման` ֆիզիկան լսում են, սակայն աբստրակտ գիտելիքից չեն կարողանում անցնել խնդիրների լուծմանը: Դա իսպառ բացակայում է, սակայն ամենակարևորը հենց դա է:

Համալսարանը պետք է սովորեցնի ուսանողին աշխատել, ոչ թե միայն վերարտահայտել ինչը որ լսել կամ անգիր է արել: Հիմա լավ սովորող համարվում է նա, ով լավ հիշություն ունի և կարողանում է պատասխանել, սակայն դա քիչ է, պետք է կարողանալ խնդիր լուծել: Մենք ունենք ժամանակակից սարքավորումներ` համակարգիչներ և ժամանակակից դետեկտորներ, որոնք ձեռք ենք բերել տարբեր դրամաշնորհներ շահելու միջոցով:

Սակայն կան չլուծված խնդիրներ, օրինակ` ինֆրաստրուկտուրայի մաշվածությունը, ավելի քան 20 տարի կապիտալ վերանորոգում չի կատարվել: Երկու շենք արդեն փակել ենք, քանի որ այնտեղ մտնել չի կարելի, ուղղակի վտանգավոր է: Այսինքն` այն ֆինանսավորումը, որ տրվում է գիտական ինստիտուտներին, օրինակ` մեզ նման, որոնք ունեն ահռելի քանակի մեծ շինություններ, դա բավարար չէ: Պետք է հատուկ ֆինանսավորում լինի, որպեսզի այդ ինֆրաստրուկտուրան կարողանանք պահպանել:

– Մեկ-երկու շինություններում եղանք, օրինակ` Իզոտոպների արտադրամասը, որը բավական լավ վիճակում է գտնվում:

– Եթե մի տարի առաջ մտնեիք` այնտեղ ավերակ էր, ախոռի նման շինություն էր, այդ ամբողջը մենք ենք վերանորոգել, իսկ վերանորոգումը հիմնականում միջազգային գրանտների հաշվին ենք կատարել: Հետագայում այդտեղ մի քանի արտադրամաս ենք ցանկանում կազմակերպել, որպեսզի լազերների տեխնոլոգիաները հայ ձեռներեցներին ցուցադրենք, տեխնոլոգիաների պարկ կազմակերպենք, որպեսզի ձեռներեցները գան տեսնեն, ձեռք բերեն դրանք և սկսեն աշխատել նոր տեխնիկայով:

– Արդեն երկու տարի է, ինչ վերանորոգումը կատարվել է, արդյոք ձեռներեցների կողմից հետաքրքրություն կա՞:

– Ոչ, դեռ նոր ենք աշխատեցրել Հայաստանում ամենահզոր լազերային տեխնոլոգիական համակարգը: Պատրաստվում ենք մարքետինգային հետազոտություններ կատարել և հետո գովազդել:

– Խոսեցինք խնդիրների մասին, Դուք նշեցիք բուհական կրթության որակի, հին ենթակառուցվածքների հետ կապված հարցերը: Խնդիրներն այդ երկո՞ւսն են:

– Քաղաքականության հետ առնչվող խնդիրներ էլ կան: Շատ է խանգարում այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս օրինական երկիր չէ: Միշտ ցանկանում են հափշտակել մեր սեփականությունը, և այդ ամենը գալիս է նրանից, որ ամեն մի պաշտոնյա իր պաշտոնն ընդունում է` որպես իր անձնական վիճակը լավացնելու միջոց, շատ-շատերի մոտ բացակայում է ազգային մտածողությունը:

Օրինակ` պետությունը վերցրել է մեր գիտնականի տունը` չնչին գումարով, 10 տարի առաջ յուրացրել են այդ շինությունը, և հիմա մենք չունենք մեծ դահլիճ, որտեղ կարող ենք անցկացնել մեր ընդհանուր ժողովները և միջազգային կոնֆերանսները: Բազմաթիվ ոտնձգություններն են կատարվում մեր անշարժ գույքի նկատմամբ, փորձում են մեր հողակտորները վերցնել: Նոր Ամբերդում պատշաճ պատասխան տվեցինք, 3 տարի տևողության դատավարություններից հետո վերջապես դուրս մղեցինք զավթիչներին: Սակայն միշտ չէ, որ կարողանում ենք մեր ունեցվածքը պահպանել:

Արագած տանող նոր էլեկտրասնուցման գիծը, որը կառուցվել է ինստիտուտի միջոցներով, դեռևս տարիների ընթացքում, հիմա ապամոնտաժվել է և հատուկ բարձրլեռնային պայմանների համար նախատեսված այդ սյուները ինչ-որ մի ձեռներեցի եկամուտ է բերում: Իսկ ՀՀ վարչապետի կողմից հնչեցված առաջարկությունը, այն է` Արագածում ստեղծել հակահրդեհային զգուշացման համակարգ (ադրբեջանական «Գաբալայի» փոխարեն)` այս ամենի արդյունքում կմնա առանց էլեկտրասնուցման:

Այստեղ` Երևանում` մեր ինստիտուտին պատկանող որոշ տարածքներ ապօրինի զավթել են և դուրս չեն գալիս: Արդեն յոթ տարի է` դատավարություն է ընթանում, դատական բազմաթիվ վճիռներ են կայացվել մեր` ինստիտուտի օգտին, բայց այդ մարդիկ տարածքը չեն ազատում: Այդ ամենը շատ նյարդայնացնող է. Եթե կայացած պետություն լինեինք` նման հարցեր չէին առաջանա: Եթե դատական վճիռ կա, որ այդ սեփականությունը` տարածքը, պատկանում է ինստիտուտին, ուրեմն դատական վճիռը պետք է կատարվի: Նման երևույթները խանգարում են գիտական մեծ հիմնարկների գործունեությանը:

– Ապագա ծրագրերի մասին խոսենք:

– Զարգացումներն ընթանում են երկու ուղղություններով: Առաջինը` բժշկական արագացուցիչն է, որը նաև ֆիզիկական փորձեր կատարելու հնարավորություն կունենա: Եվ դա կլինի ժամանակակից արագացուցիչ, որով մենք արդեն ծրագիր ենք պատրաստում և՛ բժշկական միջուկային ֆիզիկայի ասպարեզում, և՛ միջուկային ֆիզիկայի ասպարեզում: Որոշ փորձարկումներ կկատարենք, որովհետև իզոտոպների ֆիզիկան հիմա աշխարհում շատ մեծ վերելք է ապրել, և այս սարքի շնորհիվ կունենանք ժամանակակից մի գործիք` այդ աշխատանքներին մասնակցելու համար: Դա առաջին ուղղությունն է:

Երկրորդ ուղղությունը` բարձր էներգիայի ֆիզիկան է: Այդ աշխատանքները կատարվում են դրսի արագացուցիչներով, որոնք շատ մեծ արժեք ունեն, և շատ երկար ժամանակ է պահանջվում փորձարարական տվյալները ստանալու համար:

Նոր ստեղծված գիտելիքը տերաբայթեր և պենտաբայթեր է զբաղեցնում, որոնք պարունակում են ֆիզիկական ինֆորմացիան: Այդ ամենը մշակելու և նոր գիտելիքը կորզելու համար պետք է առաջին հերթին ունենալ շատ լավ հաշվիչ կենտրոններ և տվյալների մշակման նոր եղանակներ: Եվ եթե մենք հիմա հնարավորություն չունենք թանկարժեք արագացուցիչներ կառուցելու, ուրեմն ճիշտ կլինի այդ տվյալները բերել Հայաստան, մշակել նոր մեթոդներով և նոր գիտելիք ստանալ:

Այսինքն` նոր գիտելիքի ստացումը տվյալներից է բխում և շատ անգամ համադրելով տարբեր էքսպերիմենտների տվյալները` կարելի է նոր գիտելիք ստանալ` առանց նոր արագացուցիչ պատրաստելու կամ նոր արբանյակ թողնելու: Դա շատ կարևոր ուղղություն է, որը մենք ուզում ենք զարգացնել, և մեր հաշվիչ կենտրոնն արդեն կամաց-կամաց համալրվում է հզոր սերվերներով:

Երրորդ ուղղությունը կապված է Արագածում մեր փորձերի հետ: Ֆիզիկական նոր երևույթ ենք հայտնաբերել մթնոլորտում, այսինքն` բարձր էներգիայի ֆիզիկա ոչ թե տիեզերքում, այլ ամպրոպային ամպերում, և մենք առաջատար ենք այս ուղղության մեջ: Նոր էֆեկտները հայտնաբերելուց հետո անցանք մանրակրկիտ ուսումնասիրություններին` ամպերում էլեկտրականությանը և երկար տարիների գաղտնիքին` կայծակնային երևույթներին:

Մինչ օրս կայծակի առաջացման ֆիզիկական մոդել չունենք: Երբ դա ստեղծենք` կփորձենք լուծել նաև դրա հետ կապված կիրառական հարցերը: Մոնիտորինգ կանցկացնենք Հայաստանում ամպրոպների վերաբերյալ, կհետազոտենք Հայաստանում ամպրոպային և կարկտային ակտիվությունը:

– Ի՞նչ խնդիրներ կան այսօր Հայաստանում գիտության զարգացման համար:

– Պետք է կենտրոնացնել ֆինանսավորումը և անել պատշաճ փորձաքննություն: Գիտության կոմիտեն սկսել է այդ գործը, և պետք է հետևողական լինել և ավարտել: Պետք է լինի մեկ ֆինանսավորող մարմին, և իրենք պետք է որոշեն` ո՞ւմ և որքա՞ն ֆինանսավորել: Պետությունը գիտության խնդիրների նկատմամբ պետք է ունենա շատ որոշակի մոտեցում, ինչը հիմա շատ թերի է:

Գիտության պետական կոմիտեն քիչ թե շատ սկսում է արդեն հասկանալ և գնահատել կարևոր աշխատանքները և կայացած գիտական դպրոցները: Շատ հեշտ է հիմա գնահատել` ո՞վ է լավ գիտնական և ո՞վ` ոչ այդքան լավ գիտնական: Դա և համաշխարհային փորձն է, և համապատասխան կայքեր կան, որտեղ դու կարող ես տեսնել, թե ամեն մեկն ի՞նչ ռեյտինգ ունի համաշխարհային գիտության մեջ:

Միգուցե, օրինակ, հայագիտության դեպքում դա բարդ է, բայց բնական գիտությունների դեպքում հեշտ է, և մենք անցյալ տարի մեր ինստիտուտում ատեստավորում ենք արել` հիմնված այդ չափանիշների վրա: Հոդվածներ, հոդվածներին հղումներգ դրանք շատ կարևոր են: Դրանք շատ կարևոր արժեք ունեն, և այդպիսով դու` որպես գիտնական` արժեք ունես: Այնպես որ, կան համաշխարհային հստակ չափանիշեր:

Google-ը և ուրիշ այլ որոնող կայքեր գտնում են քո բոլոր գիտական հոդվածները և բոլոր հղումները: Այսինքն` ամեն ինչ պահվում է: Ցանկացած մեկի գիտական բնութագիրը հեշտությամբ կարող ես ձեռք բերել:

Ինչ վերաբերում է գիտության ֆինանսավորմանը, ապա շատ լավ կինի, եթե Հայաստանում գիտությունը ֆինանսավորվեր ՀՆԱ 1-3 տոկոսի չափով: Այժմյան 0,25 տոկոսը շատ քիչ է, դա ստրատեգիկ մեծ սխալ է, սակայն խնդիրը ոչ միայն ֆինանսավորման ծավալի մեջ է, այլև շատ կարևոր է, թե ինչպե՞ս են այն բաշխում: Պետք է ընտրել գիտական այն դպրոցները, որոնք անհրաժեշտ է խրախուսել և ֆինանսավորել: Հիմա հստակ հասկացողություն չկա, թե գիտության որ ուղղություններն են պետք մեր պետությանը: Ուսումնասիրություններ չեն կատարվել, և այդ իմաստով գոյություն չունի պետական քաղաքականություն:

Պետական Գիտկոմը կամաց-կամաց հասնում է այդ նպատակին, բայց պետք է այդ գործընթացն արագացնել: Օրինակ` մեզ հանձնարարել են միջուկային բժշկության ուղղությունը և որոշ գումարներ են հատկացրել: Դա լավ օրինակ է, պետությունն ասել է` դա ինձ պետք է, կա ֆինանսավորում` դուք դրանով զբաղվեք: Դա դրական օրինակ է, թե ինչպես պետք է պետությունը զբաղվի գիտությամբ: Մատենադարանին ասել է` թվայնացրեք ձեռագրերը, աշխատեք, սակայն նման մոտեցում պետք է ցուցաբերվի բոլոր ուղղություններով:

Բարձր ամբիոններից, երևի, լսել եք, որ չնայած գիտությանը հատկացված չնչին գումարներին` հայ գիտնականներն ամենալավ ցուցանիշներն ունեն, ԱՊՀ-ում առաջին տեղն են, Իսրայելից հետո երկրորդն ենգ Բայց դրանք խաբուսիկ թվեր են: Օրինակ` ես ձեզ կարող եմ ասել, որ եթե Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտական հոդվածները և հղումներն ընդհանուր հաշվից հանենք, ապա այդ առաջին տեղը կդառնա չորրորդը: Միջին թվերը և մեկ շնչին ընկնող թվերը շատ խաբուսիկ են:

Ես այսօր ուսանողներին ասում էի, որ չի կարելի ամեն ինչ միջինացնել: Այսօրվա սեմինարին նստած էին փորձառու գիտնականներ` 65-75 տարեկան, և 22-30 տարեկան ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ, դե, եկեք միջին տարիքը հաշվենք: Կլինի 40, բայց 40-55 տարեկան աշխատող մենք ընդհանրապես չունենք: Չկան, բացառվում է: Այսինքն` եթե միջինացնենք, ապա մենք ճիշտ ինֆորմացիա չենք ունենա: Պետք չէ միջինացնել, պետք է անհատական վերաբերմունք ցուցաբերել, հասկանալ` ինչ է տեղի ունենում: Պետք չէ ասել` մենք ամենալավն ենք, մենք ամենալավը չենք և կարող ենք չլինել ընդհանրապես: Պետք է անհատական ուշադրություն ցուցաբերել ցանկացած գիտնականի նկատմամբ: Կարելի է շատ լավ հասկանալ` ո՞վ` ո՞վ է այս հանրապետության մեջ, բայց դա ձեռնտու չէ:

– Երիտասարդ կադրերի հոսքն ինչպե՞ս է:

– Ներկայումս երիտասարդների հոսքը մեծ է, որովհետև պետությունը մեզ գումար է տվել հատուկ երիտասարդ գիտնականներին խրախուսելու համար: Դա համալիր ծրագիր է, որը մի քանի բաղադրյալ ունի: Առաջինը` ընդունում ենք մագիստրոսներին` 1 և 2 տարվա, 50 հազար դրամ աշխատավարձ ենք վճարում, ցանկացած ֆիզիկայի դպրոց-կոնֆերանսի մասնակցության համար տրամադրում ենք մինչև 400 հազար դրամ: Եթե լավ ամսագրերում տպագրվում են` միանվագ մեծ պարգևատրում ենք հատկացնում` մինչև 400 հազար դրամ: Եթե երիտասարդները էքսպերիմենտալ որևէ խմբի հետ մասնակցում են նորարարական կամ հետազոտական կարևոր աշխատանքներին, կրկին պարգևատրում ենք: Արտերկրից առաջատար գիտնականների ենք հրավիրում դասընթացներ անցկացնելու համար, և այլն: Վերջին երկու տարում մոտ 50 առաջատար գիտնականներ են եկել:

Տեսանյութեր

Լրահոս