
Դամասկոսի հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն հակասում ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. Սիրիայի նախագահ

Սիրիան Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերություններ է կառուցում ռազմավարական շահերի հիման վրա, իսկ Մոսկվայի հետ հարաբերություններ չեն հակասում այլ երկրների շահերին։
Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։
«Սիրիան այժմ հանգիստ հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ ռազմավարական շահերի հիման վրա, – ասել է նա։ – Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն հակասում Արևմուտքի կամ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին»։
Աշ-Շարաան հավելել է, որ Դամասկոսի նոր իշխանությունները «դրական ազդանշաններ» են ստացել Մոսկվայից և Պեկինից։
SANA գործակալության տեղեկացմամբ՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։Սիրիայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ այցի ընթացքում նախագահ աշ-Շարաան կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումները և երկու երկրների ընդհանուր շահերին ծառայող համագործակցության զարգացման ուղիները։
Նախագահը նաև հանդիպում կունենա Ռուսաստանում սիրիական համայնքի հետ։
Նախագահ աշ-Շարաան փետրվարին հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում նախագահ Պուտինը հաստատել է իր երկրի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կայունությանը։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ վերանայելու նախկին իշխանության հետ կնքված համաձայնագրերը և Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը։