
Ադրբեջանական ԶԼՄ-ները տոնում են քահանաների «որսը» Հայաստանում

Այսօր վաղ առավոտից տարածվող լուրերը Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ քահանաների՝ ՀՀ Քննչական կոմիտե բերման ենթարկելու և Արագածոտնի թեմի առաջնորդարանում խուզարկության մասին, պայթեցրել են ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ու ԶԼՄ-ները:
Ադրբեջանական ռեսուրսները մեծ ոգևորությամբ տարածում են բոլոր լուրերն այն մասին, որ հայաստանյան իշխանությունները «որս» են սկսել ՀԱԵ քահանաների դեմ՝ անուղղակիորեն կատարելով Ադրբեջանի պատվերը: Ադրբեջանական «Девичья башня» տելեգրամյան ալիքը գրում է. «Սա իմ անձնական պատվերն էր»:
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հայաստանյան իրավապահ համակարգը քահանաների և թեմի առաջնորդի է բերման ենթարկում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ՀԱԵ հասցեին արած հերթական «հարձակումներից» երկու օր անց:
Հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը Փաշազադեն կրկին մեղադրանքներ էր հնչեցրել Հայ Առաքելական եկեղեցու հասցեին՝ այն ներկայացնելով՝ որպես «Հայաստանի արտաքին քաղաքականության գործիք»։
Նրա խոսքով՝ կրոնական առաջնորդները միշտ կոչ են անում խաղաղության. «Սակայն մենք տեսնում ենք, որ մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր առճակատման»։
Փաշազադեի այս հայտարարություններից անմիջապես հետո մի շարք հայաստանյան վերլուծաբաններ կանխատեսում էին ՀԱԵ-ի դեմ արշավի հերթական ալիք ու հռետորական հարց էին ուղղում, թե ի՞նչ է հաջորդելու Փաշազադեի հայտարարություններին Երևանում:
Եվ, ըստ էության, ինչպես Փաշազադեի՝ ՀԱԵ-ի դեմ վերջին ամիսներին յուրաքանչյուր զազրախոսությունից հետո, իշխանությունն ակտիվացնում է գրոհները Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների դեմ:
Անհնար է չնկատել, որ ՀԱԵ-ի դեմ ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի պետական քարոզչությունը համընկնում են: