
Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի դեմ՝ պաշտպանական ծախսերը չմեծացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ Մադրիդը հրաժարվել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի մինչև 5%-ի։
«Ես շատ դժգոհ եմ Իսպանիայից։ Սա ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը պաշտպանական ծախսերը չի բարձրացրել մինչև 5%։ Մտածում եմ Իսպանիային մաքսատուրքերով պատժելու մասին», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն մեկ երկիր՝ Իսպանիան է, որ զգալիորեն հետ է մնում իր պաշտպանական ծախսերով։
«Մենք ունենք մեկ հետ մնացող։ Դա Իսպանիան է։ Պետք է զանգահարել և իմանալ, թե ինչու են նրանք հետ մնում», – ասել էր Թրամփը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Թրամփը նաև հնարավոր էր համարել, որ Իսպանիային հարկ լինի հեռացնել ՆԱՏՕ-ից։
Իսպանիայի իշխանություններն իրենց հերթին վստահեցնում են, որ ի վիճակի են կատարել ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված բոլոր նախաձեռնությունները զինված ուժերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար՝ ծախսերը չբարձրացնելով մինչև այդ նշագիծ։