Բաժիններ՝

Պաղեստինի ղեկավարությունը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում իրականացված մահապատիժները

Պաղեստինի նախագահական գրասենյակը խստորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից վերջին օրերին Գազայի հատվածում տասնյակ քաղաքացիների նկատմամբ իրականացված օրենքից դուրս և առանց արդար դատավարության ​​մահապատիժները։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։Նախագահական գրասենյակն այս հանցագործությունները որակել է «նողկալի և անընդունելի՝ ցանկացած պատրվակով»։

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքի լուրջ խախտում։ 

«Այն արտացոլում է շարժման համառությունն՝ իր իշխանությունն ուժի և ահաբեկչության միջոցով պարտադրելու հարցում, այն ժամանակ, երբ Գազայի ժողովուրդը տառապում է պատերազմի, ավերածությունների և շրջափակման հետևանքներից», – նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ցանկացած նման գործելակերպ խաթարում է պաղեստինյան ժողովրդի միասնությունը և լիովին անհամատեղելի է ազգային և բարոյական արժեքների, ինչպես նաև պաղեստինյան պետության ինստիտուտները մեկ իշխանության, մեկ օրենքի և մեկ զենքի ներքո միավորելու շարունակական ջանքերի հետ։

Գրասենյակը կոչ է արել անհապաղ դադարեցնել այս խախտումները, պաշտպանել անպաշտպան քաղաքացիներին և ապահովել, որ այս հանցագործությունների մեջ ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն պաղեստինյան օրենքի և արդարադատության շրջանակներում։

Նախագահական գրասենյակից նաև ընդգծել են, որ Գազայի հատվածը Պաղեստինի Պետության անբաժանելի մասն է, և որ օրենքի գերակայության և օրինական ինստիտուտների վերականգնումը քաոսային իրավիճակին վերջ դնելու և ազգային վստահությունը վերականգնելու միակ միջոցն է՝ հիմնված արդարադատության և պաղեստինյան ժողովրդի արժանապատվության հարգանքի վրա։Նախագահական գրասենյակը ՀԱՄԱՍ-ին լիովին պատասխանատու է ճանաչել այս հանցագործությունների համար, որոնք վնասում են ժողովրդի գերագույն շահերը։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի անդամների և մրցակիցների միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել ու մահապատժի ենթարկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս