«Անկասկած, սա ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է․ Հայաստանը պետք է հստակեցրած լիներ իր սահմանները»․ ռուս ռազմական վերլուծաբան

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հրադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանն առաջին անգամ օրերս խախտեց հրադադարը՝ սադրանք նախաձեռնելով Արցախի Շուշիի և Հադրութի շրջաններում հայկական տիրապետության տակ գտնվող անկլավային գյուղերի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմական սադրանքների հետևանքով նույնիսկ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ են գերեվարվել, գյուղեր հայտնվել շրջափակման մեջ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։
«Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»,- գրել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է տվյալ սադրանքին՝ ասելով, որ իրենց տեղեկություններով՝ Հին Թաղերի, Խծաբերդի հատվածում շրջափակման մեջ հայտնված ռուս խաղաղապահներ ևս կան, կա կապի խնդիր, տեղանքի ու իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, դրանք ունեն նաև ռուս խաղաղապահները։ «Այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք»,- նշել է Փաշինյանը՝ հաստատելով նաև նոր գերիների մասին տեղեկատվությունը։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը փորձեց պարզաբանել, թե ինչպե՞ս է ստացվում, որ հրադադարի պայմաններում նման սադրանքներ են տեղի ունենում, և ո՞վ է պատասխանատու այս ամենի համար։ Ըստ նրա՝ նման իրավիճակներ են առաջանում, քանի որ հստակորեն չի որոշվել նոր սահմանը, և այն ըստ էության չի համաձայնեցվել։

Նրա խոսքով՝ եթե այն ի սկզբանե համաձայնեցված չէ, ուրեմն առաջանալու են նման միջադեպեր։ «Հասկանալի է, որ Ադրբեջանը Ղարաբաղի ողջ տարածքն է համարում իրենը, իսկ Ռուսաստանի համար հեշտ ու ձեռնտու է պահել կարճ պերիմետր, քան մեկուսացված անկլավներ՝ անհասկանալի կոմունիկացիաներով։ Այդ դեպքում հարց է ծագում, թե Հայաստանն ունա՞կ է պահել այդ անկլավները, և պարզ է դառնում, ակնհայտորեն՝ ոչ։ Պետք է հրադադադի կնքման ժամանակ՝ սկզբից հստակեցվեր, թե որտեղով է անցնում ուժերի տարանջատման նոր գիծը։ Այսինքն՝ այն պետք է սկզբից հստակեցված լիներ ամբողջապես, և ոչ թե՝ հստակեցվեր ընթացքում։ Եթե նման անհասկանալի հատվածներ ու չհամաձայնեցված հարցեր են մնում, ստեղծվում են նման իրավիճակներ, և կողմերից յուրաքանչյուրն իր օգտին է մեկնաբանում իրավիճակը։ Ռուսաստանն ակնհայտորեն պետք է արագ աջակցի այդ հստակ գծի ձևավորմանը և հայտարարության իրագործմանը։ Սակայն, բնականորեն, ՌԴ-ն ձգտելու է, որ այդ գիծը լինի կարճ ու առանց անկլավների, քանի որ դա մեծ խնդիրներ է առաջացնում և դժվար վերահսկելի է ընդհանուր առմամբ»,- ասաց Խրամչիխինը։

Նրա կարծիքով՝ անկասկած Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածում ևս կարող են լինել նման միջադեպեր, քանի որ կրկին այդտեղ էլ սահմանը ներհայաստանյան էր, իսկ հիմա միջպետական է դարձել և պետք է հստակեցվի։

«Անկասկած, սա ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է, խոսքը Հայաստանի մասին է, և Ադրբեջանը կամ որևէ այլ կողմ այն չէր կարող հստակեցնել։ Հայաստանը պետք է հստակեցրած լիներ իր սահմանները»,- ասաց Խրամչիխինը։

Մեզ հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ պետք չէր ակնկալել, որ այս հայտարարությամբ հրադադարը վերջնական կլիներ, քանի որ խնդիրները շատ են, խաղաղապահ և տեղի ռեսուրսը՝ սահմանափակ, տեղանքը՝ բարդ, անհասանելի, որտեղ ինքնին բարդ է պահել խաղաղապահ, և այդ մասով հայտնի չէ, թե ինչ որոշումներ են կայացվել ու ինչու, ինչ քննարկումներ և ինչպես են անցկացվել։

«Սպասելի է, որ խնդրահարույց հատվածներում են ստեղծվում նման իրավիճակներ, ու դրանց պետք էր պատրաստ լինել։ Սա ռազմական գործում հստակ բան է, հատկապես, երբ այդ գյուղերը կտրված են հայկական հիմնական տիրապետությունից։ Այստեղ այլ զգոնություն էր հարկավոր։ Սակայն կա նաև քաղաքական բաղադրիչ, փորձարկվում է ռուսական, հայկական ամրությունը, խնդիրներ լուծելու պատրաստականությունը։ ՌԴ-ն փորձելու է հարթել իրավիճակը, առանց կտրուկ քայլերի, սակայն անելիք ունի նաև հայկական կողմի իր սահմանները, գոտիները պահելու հարցում։ Սրանք հետպատերազմյան սպասելի ու բարդ խնդիրներ են»,- ասաց նա։

Ըստ Ֆելգենգաուերի՝ այս ամենը հնարավոր էր ինչ-որ չափով բացառել։ Հարցին, թե սա չի՞ նշանակում արդյոք, որ Ադրբեջանը չի հարգում ՌԴ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը և խախտում հրադադարը, փորձագետը պատասխանեց, որ իրավիճակը տարածաշրջանում բարդ է ու դժվար է նաև միանշանակ գնահատականներ հնչեցնել։ «ՌԴ-ն հրադադարի համար ջանքեր է ներդրել, բանակցել նաև Թուրքիայի հետ, ու հասկանալի է, որ ցանկանում է պահպանել ձեռք բերվածը, և քայլերը կլինեն այդ ուղղությամբ։ Թեև հայկական կողմը ևս պատասխանատու է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս