«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական թիմը պարտության խորհրդանիշ են». Վարդան Ոսկանյան

168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ

– Պարոն Ոսկանյան, Նիկոլ Փաշինյանը Բաքվի զորահանդեսից մեկ օր առաջ հայտարարեց, թե շարունակում է մնալ այն կարծիքին, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Նախկինում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո ականատես եղանք կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանը, նորից նմանատիպ հայտարարության պնդումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, կամ առհասարակ, ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ է ասում Փաշինյանը:

– Մեղմ ասած՝ տարակուսելի է: Իրականում ճիշտ նշեցիք՝ դրա հետևանքները յուրաքանչյուրս զգում է իր մաշկի վրա, և հատկապես դա զգում է Արցախի բնակչությունը, մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները՝ Սյունիքում, Գեղարքունիքում և այլուր, ուստի՝ առնվազն տարօրինակ և կասկածելի է, թե ինչու է շարունակվում նույն ուղեգիծը: Ուղեգիծ, որ հանգեցրեց խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, և անհասկանալի ուղերձ է՝ ի՞նչ է նշանակում՝ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նաև երեկ իր զորահանդեսով հստակորեն ուղերձ հղեց, որ եղածով չի բավարարվելու, և այդ ուղերձը նաև թուրքական կողմից էր, այսինքն՝ ադրբեջանաթուրքական դաշինքը շարունակում է նույնիսկ հավակնություններ ներկայացնել ՀՀ տարածքի նկատմամբ: Բաքվի բռնապետը հստակ հայտարարեց, որ իրենք հավակնում են նաև այն տարածքներին, որոնք կազմում են ՀՀ զանազան մասեր՝ Երևանը, Սյունիքը և Սևանը: Այս ֆոնին, նաև այն ֆոնին, երբ Թուրքիայի նախագահը խոսում է ցեղասպան Էնվեր փաշայի պիղծ հոգու լուսավոր լինելու մասին, մեր կողմից գնում է նման ուղերձ, սա շատ տարօրինակ է և կասկածելի է, թե ինչ ենք մենք ուզում հաղորդել այս ուղերձով մեր թշնամուն, երկրորդ՝ մեր հասարակությանը: Մեր հասարակությանը այժմ փորձում են զանազան կեղծ կաղապարներով սնել՝ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ, այսպես կոչված, համակեցություն և այլն, այն դեպքում, երբ այս թշնամական դաշինքն ակնհայտ թշնամական գործողություններ է ծավալում ոչ միայն դաշտում, խոսքը սահմանազատման գործընթացի վերաբերյալ է, երբ մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Սոթքի հանքում, Սյունիքի տարբեր գյուղերում, և այս համատեքստում մենք շարունակում ենք վարչապետի շուրթերից լսել միևնույն սերտած հայտարարությունը, որը, կրկնում եմ՝ խիստ վտանգավոր է, որի վտանգավոր արդյունքները մենք տեսնում ենք հենց այսօր՝ չունենալով նաև ՀՀ-ում անվտանգության զգացում:

– Դուք խոսում եք Ալիևի և Էրդողանի հայտարարությունների վտանգավորության մասին, մեջբերում եք Ալիևի հայտարարությունը՝ Զանգեզուրի, Սևանի և Երևանի վերաբերյալ, բայց, օրինակ՝ իշխանական պատգամավորներն ասում են, որ Ալիևը նմանատիպ հայտարարություններ արել է նաև նախկինում և չպետք է այսօր դա լուրջ ընդունել:

– Տեսեք՝ նախկինում բազմաթիվ այլ հայտարարություններ էին հնչում Բաքվի բռնապետի կողմից, բայց դրանց չիրականանալու երաշխիք մենք դիտարկում էինք ՀՀ պոտենցիալը և ՀՀ ԶՈւ-ն: Այս պատերազմում անմիտ, տգետ և ապաշնորհ կառավարման արդյունքում մենք ունեցանք չափազանց տխուր արդյունքներ, ուստի այդ անվտանգության բարձիկը՝ ի դեմս մեր բանակի, որը քաջաբար իրականացրեց իր առջև դրված բոլոր խնդիրները և հիմնական խնդիրը՝ կառավարման ոլորտում էր, ընդ որում՝ քաղաքական մակարդակով կառավարման կամ այդ կառավարմանը միջամտելու ոլորտում՝ դատելով տարբեր հայտարարություններից, ապա ակնհայտ է, որ այժմ այս հայտարարությունները պետք է գնահատել՝ որպես ուղղակի սպառնալիք, ոչ թե՝ օդում ասված խոսքեր: Այդ սպառնալիքները հենց այժմ իրականացվում են գետնի վրա: Ակնհայտ է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի հաջորդ թիրախը, դատելով, այսպես կոչված, թուրանական ծրագրից, որին հետամուտ է թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, լինելու է Սյունիքը: Նման հայտարարությունները մեր հասարակությանը հերթական անգամ թմբիրի մեջ պահելու նպատակ են հետապնդում: Կրկնում եմ՝ ցանկացած հայտարարության գնահատական պետք է տրվի ժամանակի և տարածության մեջ: Եթե դա Իլհամ Ալիևի կողմից հնչում էր մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, մի քանի տարի առաջ, ապա ժամանակահատվածը բոլորովին այլ էր, այժմ  ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել Արցախը, որից մնացել է մի հատված ընդամենը, այժմ, ադրբեջանական ամենօրյա թիրախային հարձակման զոհ է դառնում նաև Հայաստանը՝ տարբեր գյուղերի և տարբեր շրջանների մակարդակով, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հոգեբանական պատերազմի թիրախ է ընտրվել նաև մեր հասարակությունը. զորահանդեսը և դրա ընթացքում հնչած «ճառերն» ուղիղ նպատակ ունեին թիրախավորել մեր հասարակությանը, խորացնել բարոյահոգեբանական ճգնաժամը, ստեղծել մեր հասարակության համար ընկճախտային տրամադրություններ, բայց ես կարծում եմ՝ մենք պետք է ապահովենք հակառակ արդյունքը: Այդ զորհանդեսը և դրանում հնչած «ճառերը» լսելիս՝ մեր մեջ ավելանում է ատելությունը թշնամու հանդեպ, և դա կարող է հենց թշնամու համար վատ հետևանքներ ունենալ:

– Բաքվի զորահանդեսին Ալիևի և Էրդողանի ռազմատենչ հայտարարություններին արձագանք եղավ ընդամենը Փաշինյանի խոսնակի մակարդակով: Արդյո՞ք այդ հայտարարություններն այնքան անկարևոր էին: Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցից հետո Փաշինյանն անմիջապես հանդես եկավ ուղերձով:

– Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչու արձագանք չի լինում Բաքվի բռնապետի հռետորաբանությանը և նրա գործողությանը: Այդ գործողության արձագանքը կարծես արդարացում լինի՝ GPS-ով սահման որոշելու վերաբերյալ է խոսքս, երբ Ադրբեջանն ուղղակի զավթում է տարածքներ, որոնք, որոշ փորձագետների պնդմամբ՝ անկասկած հայկական են, խոսվում է GPS-ով սահմանազատման մասին, կարծես թե արդարացում է գտնվում Բաքվի բռնապետի գործողությունների համար: Խոսվում է, որ Բաքվի բռնապետի հռետորաբանությանը չպետք է ուշադրություն դարձնել, կարծես կրկին արդարացում է: Սա առնվազն անընկալելի և անհասկանալի է, եթե ավելի խիստ բնորոշումներից այս պահին փորձենք խուսափել: Հետևաբար՝ նման հայտարարություններին, նման հռետորաբանությանն առնվազն պետք է պատասխան հնչեցվի ԱԳՆ մակարդակով, որովհետև այդտեղ հստակ սպառնալիքներ կային՝ ուղղված մեր պետականությանը և մեր ժողովրդին:

– Էրդողանը Բաքվի շքերթին ասել էր. «Եթե հայ ժողովուրդը դասեր քաղի ղարաբաղյան պատերազմից՝ տարածաշրջանում նոր դարաշրջան կմեկնարկի»։ Ավելի ուշ, Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ «Եթե տարածաշրջանային խաղաղությանն ուղղված դրական քայլեր ձեռնարկվեն, Թուրքիան կարող է բացել Հայաստանի սահմանին գտնվող դարպասները»: Հայաստանի իշխանություններն էլ, սրան զուգահեռ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական, առևտրային հարաբերություններ հաստատելու մասին են խոսում: Այս ամենը կարո՞ղ ենք դիտարկել մեկ տրամաբանության մեջ, և արդյո՞ք դրանցում վտանգներ տեսնում եք, թե՞ ոչ:

– Տեսեք, ըստ էության, հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ իրականացվում է մի արգահատելի սկզբունք՝ մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականություն. Մի կողմից՝ հռետորաբանության մեջ երևում է «մտրակը», երկրորդ հատվածից նման հայտարարություններով կարծես թե փորձ է կատարվում առաջարկել Հայաստանին «քաղցրաբլիթ»: Ըստ էության, փորձ է կատարվում մեզ պարտադրել, որ մենք պետք է այսուհետ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հավասարը հավասարի հարաբերություններ չկարողանանք կառուցել, մենք պետք է մշտապես ապրենք պարտվածի, ցեղասպանվածի հոգեբանությամբ, ինչ-որ առումով՝ բարձր հայացքով նայելով մեզ «հաղթողներին»: Ամենևին չի նշանակում, թե Հայաստանը չպետք է պատրաստվի գալիք փորձություններին, և միայն մեզանից ու մեր գործողություններից է կախված, թե այդ գալիք փորձությունների արդյունքն ինչպիսին կարող է լինել: Հետևաբար՝ իրականացվում է այդ քաղաքականությունը, որին պետք է տրվի համարժեք պատասխան: Կարծում եմ՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը նման պատասխաններ տալու ունակ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնկրետ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական թիմը պարտության խորհրդանիշ են, հետևաբար՝ ունեն բարդույթներ՝ արձագանքելու թշնամական կողմին. Այն կողմին, որն իրեն երևակայում է հաղթող: Որևէ հաղթանակ և որևէ պարտություն հավերժական չէ, բայց պետք են ուրիշ մարդիկ, որոնք կկարողանան արժանի ներկայացնել մեր պետությունը:

Հիմա խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին. ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական սահմանազատում: Վերջնական սահմանազատումը և դրա հաստատումը համապատասխան պայմանագրով՝ կնշանակի Արցախի խնդրի ուրացում, որովհետև եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն համատեքստում, ինչում այժմ փորձ է կատարվում ներկայացնել Բաքվի կողմից, ապա մենք ուրանում ենք Արցախի հիմնախնդիրը:

– Դա՞ է պատճառը, որ Իրանի արտգործնախարար Զարիֆն Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպումից հետո թվիթերում գրել էր, որ Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

-Ինչպես ասում են՝ հաղթողներին չեն դատում, Ադրբեջանը հանդես է գալիս՝ որպես հաղթող կողմ, և այս իմաստով ակնհայտ է, որ Իրանի քաղաքականությունն էլ, ելնելով գետնի վրա առկա իրողություններից, որոշակի փոփոխություններ կրում է, բայց այդ փոփոխությունները միայն դրանով պայմանավորված չեն: Արդյո՞ք մենք աշխատում ենք այս ընթացքում Իրանի հետ: Հրադադարի հայտարարության ընդունումից հետո արդյոք մենք աշխատե՞լ ենք Իրանի հետ. տեսանելի դաշտում այդ աշխատանքը չի երևում: Չենք աշխատում, կամ աշխատում ենք ոչ պատշաճ մակարդակով: Առնվազն պետք է տեղի ունենար արտգործնախարարների մակարդակով հանդիպում, գոնե հեռախոսազրույցներ, որպեսզի մենք այսպիսի արդյունք չստանանք իրանական կողմից: Ադրբեջանի արտգործնախարարը գտնվում էր Թեհրանում, և թվիրթերյան այս գրառումը տեղի է ունեցել այդ այցի համատեքստում: Հետևաբար՝ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը գերակտիվ քաղաքականություն է վարել մինչև պատերազմը և պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում՝ Իրանում փորձելով ամրապնդել իր շահերը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս