ՍԴՀԿ ուզում էր սատարել նախագահ Սարգսյանին, բայց չսատարեց
Քիչ առաջ Կառավարության Նիստերի դահլիճում ավարտվեց ՍԴՀԿ 125-ամյակին նվիրված պաշտոնական նիստը: ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը դեռևս օգոստոսին խոստացել էր, որ նոյեմբերին իրենց կուսակցությունն անակնկալ է մատուցելու: Սպասվում էր, որ այդ անակնկալը կարող էր լինել այն, որ Սեդրակ Աճեմյանը կհայտարարի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Աճեմյանը նման հայտարարություն չարեց՝ ասելով, որ իրենք առայժմ ձեռնպահ կմնան սատարման մասին հայտարարություն անելուց, բայց շեշտեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի գործողությունները լավատեսություն են ներշնչում, և իրենք համակրանք ունեն այդ գործիչների նկատմամբ:
Բայց մինչ Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի նկատմամբ իր համակրանքն արտահայտելը՝ Աճեմյանը հայտարարել էր, որ Հայաստանից շարունակվող արտագաղթն ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Աճեմյանը դրա պատճառը համարում է ոչ միայն տնտեսական վատ պայմանները, այլև հիասթափությունն ապագայի նկատմամբ: Ըստ Աճեմյանի՝ Հայաստանում կան մարդիկ, խմբավորումներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից: Շարքային քաղաքացիները զգում են, որ պաշտպանված չեն օլիգարխիայի ամենաթողությունից, և այդ պատճառով հեռանում են հայրենիքից: Նրա բնորոշմամբ՝ իշխանությունները որոշ քայլեր անում են վիճակը փոխելու համար, բայց գնահատելով այդ քայլերի արդյունավետությունը, Աճեմյանն արձանագրեց, որ այդ քայլերն անբավարար են:
ՍԴՀԿ 125-ամյակին նվիրված պաշտոնական նիստին ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ավանդական կուսակցություններին համարեց ազգային հարստություն և, հայտարարեց, թե միշտ չէ, որ ՍԴՀԿ-ի հետ նույն գաղափարներն են կիսում, միշտ չէ, որ համաձայն են իրար հետ, սակայն պատրաստ են համագործակցել այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնց նպատակը սևացնելը չէ: Այնուհետև Տիգրան Սարգսյանն ընդդիմությանը բաժանեց երկու մասի`իրական և ոչ իրական: Իրական ընդդիմությունը, ըստ վարչապետի՝ քննադատում է իշխանությանը, մատնացույց է անում սխալները, իսկ ոչ իրական ընդդիմությունը երկիրը գլորում է ձորը: Սարգսյանը խոստացավ նաև, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք ապահովելու են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
Ընդհանուր առմամբ, ՍԴՀԿ կազմակերպած միջոցառումն իսկական խայտառակություն էր: Խայտառակություն էր թեկուզ այն առումով, որ այս 125-ամյա կուսակցությունը չէր կարողացել լցնել 500 տեղանոց դահլիճը: Բայց այդ կուսակցության սակավամարդությունը նրա ամենամեծ ողբերգությունը չէ: Ընդամենը մի քանի տարի առաջ ՍԴՀԿ-ն արմատական ընդդիմություն էր և պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ՍԴՀԿ համագումարների ժամանակ Սեդրակ Աճեմյանի կողքին վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն՝ նստում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, և Աճեմյանը բոցաշունչ ճառեր էր արտասանում՝ ընդգծելով Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրենց կուսակցության ունեցած հավատի ու վստահության մասին:
Ի՞նչ փոխվեց Հայաստանում մի քանի տարվա ընթացքում, որ Աճեմյանը որոշեց թունդ ընդդիմադիրից վերածվել իշխանության սատարիչի: Ընդամենը մեկ բան. իշխանությունը հնարավորություն տվեց Աճեմյանին Հանքավանի հանգստյան տներից մեկը վերակառուցել և դարձնել բարձրակարգ հանգստյան տուն: Իհարկե, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Նույնիսկ շատ գովելի է, որ սփյուռքահայ գործարարը միլիոնավոր դոլարների ներդրում է անում Հայաստանի տնտեսության մեջ և իր նպաստն է բերում հայրենիքի շենացմանը:
Բայց սարսափելի է, երբ այդ նույն սփյուռքահայը՝ հանուն իր կատարած ներդրման ապահովության, հանուն իր բիզնեսի անձեռնմխելիության, փոխում է ոչ միայն իր քաղաքական հայացքները, այլև ստիպում է, որ իր հայացքները փոխի մի ամբողջ կուսակցություն, այն էլ՝ ամենածերը, ամենաավանդականը: Չնայած ծերերի վրա ազդելը միշտ էլ ավելի հեշտ է. նրանք կորցնում են հետաքրքրությունն ապագայի նկատմամբ, և նրանց համար այնքան էլ էական չէ, թե ինչ կլինի մեկ կամ հինգ տարի հետո:
Այսքանից հետո կարո՞ղ ենք ասել, որ կա ՍԴՀԿ կուսակցություն. դժվար թե: Ավելի ճիշտ կլինի ասել, որ կա «Հանքավան ռիզորթ» հանգստյան տան քաղաքական սպասարկման բաժին, ինչպես որ այդ հաստատությունը կարող է ունենալ մարքեթինգի բաժին կամ լվացքատուն:
Հ.Գ. Սփյուռքում տպագրվող հնչակյան պարբերականները լցված են Հայաստանի իշխանությունների մասին քննադատական հոդվածներով: Նրանք վերատպագրում են Հայաստանի ընդդիմադիր մամուլի ցանկացած հրապարակում, որտեղ իշխանության հասցեին ուղղված որևէ մեղադրանք կա: Ինչո՞ւ է ՍԴՀԿ-ն սփյուռքում այդքան ընդդիմադիր, իսկ Հայաստանում՝ իշխանության սատարիչ: Պատճառը դարձյալ նույնն է, սփյուռքում կատարած ներդրումների պաշտպանության խնդիր չկա:
Հ.Գ. 2. ՍԴՀԿ-ն հպարտանում է իր 125-ամյա գոյությամբ, մինչդեռ արժանապատիվ մահն ավելի գերադասելի է, քան անպատիվ գոյությունը: