Բաժիններ՝

Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն

Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմեց քաղաքացիներին: Կոչում, մասնավորապես, ասվում է, որ կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով, այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք:

«Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին: Սիրելի՛ ժողովուրդ, խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին` դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց` վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Թույլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ»,- գրել է նախարարը և եզրափակել հորդորով՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ձեռքերի հիգիենան:

Օրեցօր աճող թվերը կասկած են հարուցել նաև մեր քաղաքացիների շրջանում: Շատերը պնդում են, որ կասկածում են՝  ինչպես վարակակիրների, այնպես էլ՝ հոսպիտալացվածների մասին հայտարարվող թվերի հավաստիությանը:  Հանրության կասկածները փարատելու, նրանց  առավել որոշակի ինֆորմացիա հաղորդելու համար զանգահարեցինք Առողջապահության նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին՝ իմանալու, թե որ հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված քանի հիվանդ կա հոսպիտալացված, որ հիվանդանոցում քանի մահճակալ է ազատ այս պահին:

«Ես հիմա տանն եմ, այդ տվյալները ես ունեմ աշխատանքային օրերին, եթե գործի տեղը լինեմ»,- ասաց Բաբախանյանը:

Մեր հարցին, թե ո՞ր հիվանդանոցներն են այժմ զբաղվում կորոնավիրուսի բուժմամբ, Բաբախանյանը պատասխանեց.

«Ես ընդհանուր կարող եմ ասել, որ քովիդի բուժումով զբաղվող արդեն 20 հիվանդանոց է վերապրոֆիլավորված, բայց բոլորի անունն այս պահին չեմ կարող թվարկել, քանի որ ցանկն աշխատավայրում է: Նույն հիվանդանոցներն են, որոնք հունիս-հուլիսին սպասարկում էին, հիմնականում նույնն են: Մեզ մոտ ամառվա ամիսներին, երբ թվերը նվազեցին, այդ հիվանդանոցները հետ վերապրոֆիլավորվեցին, նպատակ չկար, կարիք չկար, բայց թվերի աճմանը զուգընթաց՝ նորից իրենք անցան քովիդ բուժելու»,- ասաց Բաբախանյանը և ևս մեկ անգամ կրկնեց, որ կարող ենք զանգահարել աշխատանքային օր, այդ օրերին են տրամադրվում տվյալները, այս պահին ձեռքի տակ չունի:

Մենք զանգահարեցինք մի շարք հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում չպատասխանեցին այն համարին, որը մեզ տրամադրեցին ընդունարանից, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի այն մասնաճյուղում, որը վերապրոֆիլավորվել էր կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար: Չհաջողվեց կապ հաստատել նաև «Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակի հետ: «Իզմիրլյան» և «Աստղիկ» ԲԿ-ների մամուլի պատասխանատուներն ասացին, որ կկարողանան ինֆորմացիա տրամադրել աշխատանքային օրերին:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում այժմ հայտարարված է ռազմական դրություն, իսկ «Ռազմական դրության մասին» օրենքի հոդված 8-ի ժզ կետում ամրագրված է, որ Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պահանջով ենթադրում է աշխատանքային այլ ռեժիմ՝ անկախ կառույցի սեփականության ձևից:
Մեզ հաջողվեց ինֆորմացիա ստանալ միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի պատասխանատու  Ծովինար Խաչատրյանից, ով 168.am-ի հետ զրույցում ասաց.

«Մենք թիվ չենք կարող ասել, բայց կարող եմ ասել, որ համարյա 100 տոկոսով զբաղված է: Մեր մահճակալային ֆոնդը 500 է, 490-ից ավելին զբաղված է: Գերբեռնված ենք աշխատում, համարյա 100 տոկոսով ծանրաբեռնված է: Կորոնավիրուսով հիվանդներից մոտ 60-ը ծանր և ծայրահեղ ծանր են»:

Մենք կապ հաստատեցինք նաև Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, ով հեռախոսազանգին կարճ  պատասխանեց, որ մարզում շրջայցի էր նախարարի հետ, ապա հեռախոսային կապի միջոցով ուղարկեցինք մեր հարցերը,  որոնց  ի պատասխան՝ Ալինա Նիկողոսյանն առաջարկեց պաշտոնական հարցում ուղարկել նախարարություն.

«Հարցում ուղարկեք: Դա շարժ է, որն ամեն րոպե փոխվում է, չունեմ նման տվյալներ»:

Բացի այդ, Նիկողոսյանը հավելեց.

«Մենք բանավոր նման տվյալներ չենք հայտնում: Նման տվյալներ ես բանավոր չեմ հայտնում: Ինքս չեմ տիրապետում: Առհասարակ չեմ էլ տրամադրել: Նման տվյալներ կարող են փոխանցել միայն գրավոր հարցման պարագայում, եթե մասնագետները գտնեն, որ հրապարակման ենթակա տվյալներ են»:

Մենք համաձայնեցինք առաջարկին, միայն օպերատիվությունը՝ հանրությանը ժամանակին տեղեկություն փոխանցելու նպատակով, խնդրեցինք ապահովել, որ  յուրաքանչյուր օր՝ առավոտյան գրավոր հարցումն ուղարկելուց  հետո, երեկոյան ստանանք մեր հարցման պատասխանը, Ալինա Նիկողոսյանն արձագանքեց.

«Ոչ, հնարավոր չէ: Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն: Նախարարությունը շատ տվյալներ է ստանում, բայց հրապարակման ենթակա տվյալներն ամեն առավոտ հրապարակվում են»:

Կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս