Բազմաշնորհ բուժարար կռատուկ
Բարդածաղկավորների (կամ աստղածաղկազգիների) ընտանիքի երկշաքիլավոր, երկամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Արմատը կարող է իջնել շատ խորը, ճյուղավորվել 20-30 սմ խորության վրա` առաջացնելով երկրորդական արմատներ։ Ցողունները ակոսավոր են, ուղղաձիգ, մինչև 80-150 սմ բարձրությամբ։ Չորանալուց հետո` բավականին ամուր։
Ներքևի տերևների երկարությունը և հիմքի լայնությունը հասնում է 50 սմ-ի։
Տերևները ներքևից դեպի վեր փոքրանում են` պահպանելով սրտաձև ուրվագծերը։ Նրանց վերին մասը մերկ է, վառ կանաչ, հակառակ կողմն պատված է բաց մոխրագույն մանր խավով։ Ծաղկազամբյուղների արտաքին կողմն ամբողջովին պատված է կեռ փշերով, ծաղիկները խողովակավոր են, երկսեռ, պսակը մուգ կարմիր է։
Գրեթե գնդաձև զամբյուղները հուրանատիպ դասավորված են ճյուղերի գագաթներին։
Սերմերը բարակ, նշտարաձև են` գորշ շագանակագույն։
Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, ծաղկման շրջանը երկար է` մինչև 40 օր։ Լավ մեղրատու է, ծաղկափոշին` սպիտակ, մեղրը` բաց դեղին կամ կանաչավուն երանգի։ Մեկ հեկտար կռատուկով ծածկված դաշտի մեղրատվությունն առնվազն 100 կգ է, երբեմն` մինչև 500։
Բազմանում է սերմերով, որոնք տարածվում են կենդանիների մազածածկույթին, մարդու շորին կպած փշոտ պտղապատյանի միջոցով, նաև փոխադրամիջոցներով։ Բույսի փշիկներով շատ են սիրում խաղալ երեխաները` «շքանշան» են փակցնում։ Մեխանիկական հարվածները նպաստում են սերմերի դուրս թափվելուն և բույսի բազմացմանը։
Առավել հայտնի են կռատուկ մեծը-Arctium lappa, խավոտը- A.tomentosum, և փոքրը` A. minus=Lappa minor։ Տարածված են Եվրասիայի բարեխառն կլիմայական գոտիներում, ՀՀ ցածրադիր և նախալեռնային գոտիների խոնավ վայրերում։ Աճում է գետերի ափին, այգիներում, բանջարանոցներում, երբեմն աղբոտում է հացաբույսերի դաշտերը։
Ըստ հնէաբանական տվյալների` բույսի հայրենիքը Ասիան է, որտեղից քոչվոր ազգությունների բազմաթիվ արշավանքների ժամանակ տարածվել է Արևելյան Եվրոպայի տափաստաններում և 19-րդ դարի սկզբում նոր հասել Եվրոպա` Նապոլեոնի բանակին հետապնդող ռուսական զորքի սայլախմբերի միջոցով։
Մեզ հայտնի չէ, թե երբվանից է կռատուկն աճել Հայաստանում կամ օգտագործվել բժշկության մեջ, սակայն 15-րդ դարի բժշկապետ Ա. Ամասիացին նկարագրել է, թե՛ բույսի տեսակները, և թե՛ բուժիչ հատկությունները, ընդ որում, բավականին հանգամանորեն. «Արախտիոն-կռատուկ, կոծոծ, կռոթուկ, օրոհունդ, մագարիկոն, կորոտնիճ, կիծուկ։ Այս խոտաբույսի պտուղները նման են քեմոնի, իսկ արմատը քաղցր համ ունի։ Եթե կռատուկի արմատը կամ պտուղները գինու հետ եփեն և այդ եփուկի ջրով ողողեն բերանը, ատամի ցավը կդադարի, իսկ եթե թրջոց դրվի այրված տեղին, կապաքինի վերքը։ Կօգնի նաև եղունգների տակ առաջացած վերքերի բուժմանը։ Մարմնի ցրտահարված մասերը թող լվանան այդ եփուկով. շատ օգտակար կլինի։ Կռատուկի եփուկը կօգնի միզակապության դեպքում։
Կռատուկի մի տեսակ էլ կա, որի տերևները նման են դդմի տերևներին, բայց ավելի խոշոր են և իրենց վրա սպիտակ փշիկներ ունեն։ Այս տեսակն օժտված է չորացնող ու տարրալուծող հատկությամբ։ Եթե դրա տերևները դնեն արմատացած ցանի վրա, կօգնի, եթե արմատները մանրացնեն, խաշիլ պատրաստեն և դնեն ցավոտ ոսկորների վրա, նույնպես կօգնի։ Կօգնի նաև, եթե մեխակի հետ խառնելով դեղ պատրաստվի և դրվի տաք ուռուցքի վրա։ Վերացնում է նաև բերանի տհաճ հոտը»։
Իր հուշերում փորձված բուսաբույժ Վլադիմիր Կիրիլովիչ Կուպչինը (ով կարողացել է ինքնաբուժվել փսորիազից) գրում է. «Չեռնոբիլի աղետի գոտում ռադիացիոն փոշու, ջրի և սննդի մեջ գտնվող ռադիոնուկլիդներն առաջացնում էին բազմաթիվ հիվանդություններ, հատկապես` քաղցկեղ։ Աղետի էպիկենտրոնում և մի քանի կմ տրամագծով ոչնչացել էր կենդանական աշխարհը, բազմաթիվ բույսեր վերացել էին կարճ ժամանակվա ընթացքում։
Կռատուկը, ընդհակառակը, գրավել էր ընդարձակ տարածքներ և հասել անսովոր մեծ չափերի, տերևի երկարությունը մեկ մետրից ավելի էր։ Չափումների արդյունքը զարմացրեց ինձ` ռադիոնուկլիդների բաղադրությունը բույսի արմատի, տերևի, ցողունի, փոշիացրած հումքի և հյութի մեջ թույլատրելիից ցածր էր։ Հետաքրքիր է, որ 1992թ. հրապարակված «Ճառագայթում, սնունդ և բուսաբուժություն» գրքում (Գ.Ի. Մոլչանով, Ի.Ֆ. Սուչկով, Մ.Ս. Լուկիանչիկով) գրված է, որ կռատուկի արմատը խորհուրդ է տրվում օգտագործել ռադիոակտիվ ճառագայթման դեպքում»։
Ամենայն հավանականությամբ, թեև ԽՍՀՄ իշխանությունները քրեական պատասխանատվության էին ենթարկում բուսաբուժությամբ զբաղվող բժիշկներին, այնուամենայնիվ, կատարվում էին բույսերի բուժիչ հատկությունների ուսումնասիրություններ։ 20-րդ դարի 50-ական թվականներին երկրում կատարվել են ատոմային զենքի մի շարք փորձարկումներ, հավանաբար, նաև ճառագայթումից բուժող բույսերի ուսումնասիրություններ, որոնց ինչ-որ մասը գաղտնազերծվել է։
Ինչպես արդեն նշել ենք, առաջին տարում զարգանում են արմատն ու մերձարմատային վարդակը։
Արմատը հավաքում են աշնան սկզբում կամ բույսի կյանքի երկրորդ տարում` ապրիլ-մայիսին։ Այս շրջանում բաց մոխրագույն արմատը հյութալի է, մսոտ, ցողունի և պտղի աճի և հասունանալու շրջանում օգտակար նյութերի քանակը զգալիորեն նվազում է։ Արմատի քիմիական նյութերի հետազոտությունը տասնամյակներ առաջ կատարվել է Երևանի բուսաբանական այգում` մինչև 68 տոկոս ինուլին, 12 տոկոս պրոտեիններ, եթերային յուղեր` 0,17 տոկոս, տանիդներ, պալմիտինի, ստեարինի թթուներ, դաբաղող, ճարպանման, դառը և խեժային նյութեր, ֆիտոստերին, անտոցիաններ։ Տերևը պարունակում է զգալի քանակությամբ ասկորբինաթթու, նաև ենթավիտամին A, եթերային յուղ, լորձ, դաբաղող նյութեր, ալկալոիդ։ Սերմը` ճարպային յուղ և արկտիին գլիկոզիդ։ Կռատուկի Arctium անվանումը հունարենում ունի արջ իմաստը, իսկ lappa=բռնվող։
Կռատուկ մեծը լայնորեն մշակվում է` որպես արմատաբանջարանային բույս, մի շարք զարգացած երկրներում` Ֆրանսիա, Ճապոնիա, ԱՄՆ, նաև Չինաստանում, Ռուսաստանում և այլուր։ Սննդի մեջ օգտագործվում են արմատը, տերևը և ցողունը։ Բույսի մատղաշ տերևներում C վիտամինի պարունակությունը չի զիջում նույնիսկ քաղցր պղպեղին, զգալիորեն գերազանցում է այլ բանջարեղեններին (կարտոֆիլ, դդմիկ, գազար, բազուկ) և ցիտրուսներին։ Բույսի արմատը քաղցր է, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ ինուլին, որը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին և նաև կարգավորում է աղիների միկրոֆլորան` նպաստելով օգտակար միկրօրգանիզմների գործունեությանը։
Կռատուկը լրջորեն ուսումնասիրվում և կիրառվում է որպես դեղաբույս` մի շարք եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում։ Տերևում հայտնաբերվել են նաև կաուչուկ, սապոնին, ֆլավոններ, ռուտին, շաքարներ, գիպերոզիդ։
Տերևը հանում է գլխացավը, այն կապում են ցավող հոդերի և վերքերի վրա։ Տրորած կամ ծամածը օգնում է քորի, եղնջատենդի, ալերգիկ էկզեմայի, որքինի, այրվածքի, չիբանի, կորյակների, միջատների խայթոցի դեպքում։ Հյութը ստանում են աղացած տերևից, այն ամրացնում է մազարմատները։ Ունի միզամուղ, լեղամուղ, քրտնամուղ, հակամանրէ և հակաբորբոքային հատկություն։ Օգտակար է ռևմատիզմի, շաքարային դիաբետի, ալերգիայի, երիկամների և լյարդի հիվանդությունների բուժման ընթացքում։ Հյութը կարգավորում է նյութերի փոխանակությունը, սպիտակուցի յուրացումը, արյան բաղադրությունը։ Նախատեսված է արտաքին և ներքին օգտագործման համար։
- Խմեք 1-2 ճ/գ, մինչև 100 մլ, նախքան սնվելը, չափաբաժինը ճշտեք բժշկի հետ։ Ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի դեպքում որպես օժանդակ միջոց` խմեք բույսի բոլոր մասերից քամած հյութը կամ ոգեթուրմը (1։1 հյութ և օղի), 2-ական ճ/գ` սնվելուց առաջ։
Սերմի մեջ պարունակվում են լինգաններ, դրանք կարևոր են այն դեպքում, երբ օրգանիզմը ենթարկվել է ռադիոնուկլիդների ազդեցությանը։ Այս նյութերը պարունակվում են նաև գիհու, նիվենու (էվկալիպտ) խեժի, քունջութի սերմի, կիտրոնաթուփ չինականի (Sohizandra chinensis Baill), էլեուտերոկոկի արմատի մեջ։ Լինգանները խթանում են փոխանակման գործընթացները բջիջներում։
- Երբ պտղի վերին մասը դեղնավուն երանգ է ստանում, հավաքեք և դրեք տուփի մեջ։ Պահեք չոր օդափոխվող տեղում, այդ պայմաններում սերմը վերջնականապես հասունանում է։ Օրը 3-4 անգամ սնվելուց կես ժամ առաջ դանդաղորեն ծամեք 5-ական սերմ, կուլ չտաք։ Օգտակար է հերպեսի դեպքում։
Կռատուկի արմատն իջեցնում է վահանաձև գեղձի ակտիվությունը և այդ իսկ պատճառով օգտակար է հիպերտիրեոզի դեպքում։ Նաև հեռացնում է օրգանիզմից հեղուկի ավելցուկը և վնասակար նյութերը, կարգավորում նյութափոխանակությունը։ Նույն հատկություններն ունեն տերևը և ծաղկաբույլերը։
- 10-15 իգական ծաղկաբույլերին ավելացրեք 400 մլ եռջուր։ 12 ժամ թրմեք տաք տեղում, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ։
Կռատուկի բոլոր մասերը օգտակար են քաղցկեղի բուժման ընթացքում, քանի որ բարձրացնում է դիմադրողականությունը։ Նաև ուժեղ միզամուղ է։ Հնարավոր է, որ կարողանում է հայտնաբերել «ճառագայթող» քաղցկեղի բջիջները. հայտնի է, որ դրանց ճառագայթման ֆոնն ավելի բարձր է` առողջ բջիջի համեմատությամբ։
Արմատը մթերելիս չի կարելի լվանալ։ Դրանք կախեք օդափոխվող ծածկի տակ, հողը առանձնացրեք այնպես, որպեսզի չվնասի կեղևը։ Բաժանեք մասերի, չորացրեք 40 C ջերմաստիճանի պայմաններում։
- Ատամնաքարի հետևանքով առաջացած վերքեր` գինգիվիտ. Ցայեք սերմը ջրով, մզեք հյութը, ավելացրեք մի փոքր աղ (2։1 կամ 3։1)։ Քսեք վերքին սնվելուց հետո և քնելուց առաջ։
Մաստոպատիա. Քնելուց առաջ ամրացրեք հիվանդ կրծքին կռատուկի տերև, առավոտյան մշակեք երիժնակի կամ կռատուկի արմատի յուղով։
Կրծքագեղձի ուռուցք. Խառնեք 100 գ թարմ արմատի մանր քերվածք, մեղր, գերչակի յուղ, 100 մլ կիտրոնի հյութ։ Երկու օր պահեք մութ, հով տեղում։ Խառնուրդը քսեք վուշե լաթի վրա և քնելուց առաջ տեղադրեք կրծքի վրա։ Առավոտյան հանեք լաթը և մշակեք «Ապիլակ» պարունակող դեղատնային քսուքով։ Շարունակեք 2 շաբաթ։
Արգանդի ուռուցքներ, միոմա. Մանրացրեք, խառնեք (չորացրած) կռատուկի տերևը, թոքախոտի, ճնճղկապաշարի, թթվիճի (Betonica), ուրցի խոտերը (5։4։4։4։3)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, 40 րոպե թրմեք ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 2 շաբաթ։
Արյունը և ավիշը մաքրող միջոց վարիկոզի և թութքի դեպքում. Լավ մանրացրեք (կամ աղացեք) կռատուկի և էխինացեայի արմատները, խառնեք (1։1)։ Հումքի 4 թ/գ-ն լցրեք 1,2 լ եռջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Վերցրեք կրակի վրայից, ավելացրեք 2թ/գ եղինջի տերև, եռացրեք ևս 10 րոպե։ Վերցրեք կրակի վրայից և անմիջապես լցրեք եփուկի մեջ 2-ական թ/գ երեքնուկ կարմիրի և դաղձի խոտեր և թանթրվենու ծաղիկ։ Ծածկեք տարան, 5 րոպեից քամեք։ Բուժումը փուլային է` առաջին 7 օրը խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, հաջորդ 7 օրը` 100-ական մլ` օրը 2 անգամ, ևս 7 օր` 100-ական մլ, օրը 1 անգամ։
- 3ճ/գ կռատուկի արմատը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում, տաք տեղում։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, գոլ վիճակում։
Կռատուկն ունի սնդիկի վնասակար ազդեցությունը վնասազերծող հատկություն։
Առողջության համար վնասակար է ոչ թե հեղուկ մետաղը, այլ դրա գոլորշիները։
Եփուկ. 10 գ չորացրած արմատի փոշին 8-10 ժամ թրմեք 200 մլ եռջրում, փաթաթեք տարան լաթով և դրեք տաք տեղ։ Քամեք։ Խմեք փոքր կումերով` օրվա ընթացքում։ Օգտակար է երիկամների բորբոքային հիվանդությունների բուժման ընթացքում։ Մաքրում է օրգանիզմը թույներից։
Երբեմն գրականության մեջ հանդիպում է այնպիսի տեղեկատվություն, որ չգիտես` հավատա՞լ, թե՞ ոչ։ Սակայն, եթե դա գրում է մարդ, որի համար թանկ է հեղինակությունը, ապա պետք է ընդունել այդ կարծիքը ի գիտություն. «Ծանոթներիցս մեկի մոտ ախտորոշվել էր 4-րդ կարգի լյարդի քաղցկեղ մետաստազներով։ Նա 54 տարեկան կին էր, և նրան որպես անբուժելի հիվանդ ուղարկեցին տուն։ 11 տարի անց նա մեզ հրավիրեց իր ամառանոցը, տնամերձ տարածքը ամբողջովին ծածկված էր փարթամորեն վեր բարձրացող կռատուկի թփերով։ Այս բույսը փրկել էր կնոջ կյանքը» (Վ. Կուպչին, Պրեդուպրեժդենի և+, 2009, թ. 10, էջ 50՛)։
Թարմ արմատի քերվածքը 20-30 րոպե եփեք բնական, առանց հավելումների կարագի մեջ (500-ական գրամ), կամ ավելի լավ է, որ 2 ժամ պահեք ջեռոցում (70-80C)։ Հովանալուց հետո ավելացրեք 1 տնական հավի հարած դեղնուց և լավ խառնեք։ Պահպանման ժամկետը 30 օր է, ջերմաստիճանը` 5-10C։ Կերեք 2-3-ական ճ/գ, օրը 4-5 անգամ։ Զուգահեռաբար խմեք ծաղկաբույլի թուրմը կամ ջրի հետ խառնած (1։1) կռատուկի հյութի ոգեթուրմը» (վերոգրյալ չափաբաժիններով)։
- Լվացեք խոտաբույսի տերևը և ցողունը, աղացեք (մսաղացով), քամեք քառատակ ծալած թանզիֆով։
Հայտնի է, որ կռատուկի մեջ պարունակվող նյութերը ավելացնում են լյարդի մեջ կուտակվող անհրաժեշտ գլիկոգենի քանակը և խթանում ենթաստամոքսային գեղձի ինսուլինաստեղծ գործունեությունը։
Շաքարային դիաբետ. Խառնեք հավասար քանակի կռատուկի արմատ, լոբու պատիճ, հապալասի տերև։ Հումքի 1 ճ/գ-ն տասը ժամ թրմեք սառը ջրում, հասցրեք եռման ջերմաստիճանի և 5 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ 2 ժամ թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 150 մլ, օրը 5 անգամ։
Քրոնիկ փորկապություն. 1 ճ/գ-ին ավելացրեք 400 մլ եռջուր։ 15 րոպե եփեք (փակ կափարիչով) ջրային բաղնիքի վրա։ Խմեք 1-2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ։