Բաժիններ՝

Դեմ հանդիման Տապիեսի հետ (էսսե)

Տապիեսի յուրաքանչյուր կտավը` հանց հարված մտրակով: Մեկեն, առանց այլևայլությունների, ուղիղ: Այն մեխում է տեղում, փլվում է վրադ, չի թողնում շրջվել: Աչքը աչքին և առանց որևէ ձայնի: Անշրջելի և անթաքույց, ինչպես պատի կտորը` աղոտ զանգվածից պոկվող մեծաբեկորը` վերցնելով դրա էներգիան և մարմնավորելով դրա ուժը: Անշրջելի և անթաքույց:

Բախումը հենց իրականության հետ` չմաղած, չվերացած, կառուցված գեղագիտական սխեմայի ներքո: Ակնհայտ իրողությունը ամենակոնկրետ, համընդհանուր և անորսալի տեսքով` մատերիայի տեսքով: Տապիեսի արվեստն այն է, որ վերադարձնի, վերածնի մատերիան, ազատագրի նրա էներգիան և տարածականությունը, թույլ տա նրան ապրել և պահել իրեն իր սեփական կանոններով կամ քմայքներով, ոչնչի վրա չբռնանալով և ամենից առաջ` նկարչի կամքի: Ասես թաքնված կտավի ետևում (ուր և դնելու է իր ստորագրությունը), նա սպասում է, թե երբ մատերիան կբացվի: Տապիեսի արվեստը` այն է, որ կողմ քաշվի, թաքնվի մարդու համար ամենամոտից և ամենաանհասանելիից, որ հրաժարվել է ցանկացած միջամտությունից, բացի նրա ազատության երաշխիքից` նկարի սահմաններում: Բայց հենց այստեղ էլ արվեստագետի խոցելի տեղն է:

Անհնազանդ մատերիան չի տեղավորվում երկչափ կտավի վրա` այն քլթքլթում, դուրս է հորդումգ Այստեղից էլ ռելիեֆայնությունը` փոսորակները, ուռուցիկ տեղերը, երկաթները, կտրվածքները, փորվածքները, որ երբեմն խոցոտում են կտավը և միշտ մատնում են մակերևույթի վրա դուրս պրծնելու ցանկությունը: Տարածությունն ու մատերիան այստեղ խորունկ բախման մեջ են, այն կարելի է հետաձգել, բայց անկարելի է լուծել փխրուն համաձայնագրով: Իր ողջ համրությամբ և անշարժությամբ հանդերձ, ներքին ճնշումը շարունակում է էներգիա ճառագել, այն հասնում է մեզ, գրավում է հանդիսատեսին, ով ակամա սարսռում է նկարի պլաստիկ և բանաստեղծական անհերքելիության առջև:

Հասնել մատերիային կարելի է տարբեր կերպ: Կարելի է և նույնիսկ պետք է, և խույս տալն այստեղ իմաստ չունի` տրվել, զիջել, թույլ տալ նրան շամփրել և տանել քեզ, հանց ալիք, հանց երաժշտություն: Նրա գործը ցանկացած տարածություն ի չիք դարձնելն է, ցանկացած խոչընդոտ տապալելը: Այն անդառնալիորեն հմայում է բանականությունը, որը ծածուկ կամենում է միախառնվել, ինչը թաքուն ծարավի է ձուլվելու այն բանին, ինչը որ լիովին դիմակայում է նրան, լուծվելու դրանում, ինչը որ նրան ամբողջովին ժխտում է: Այն պահանջում է ողջ էությունը, քեզ լիովին կլլում է։ Քաշվում ես այդ կարծրացած գետերի շրջապտույտների, սաղարթների հանկարծահաս ծալքերի, հառնած լեռնազանգվածների մեջ:

Սողում ես լեռնանցքներով` մեկ շրջված, մեկ շողափայլ քարերի միջով: Դիպչում ես ջրհորների, դարպասների, շեմերի կոպիտ ուրվագծերին, դաջված հրահեղուկի մեջ, կամ էլ հանկարծ խառնակույտի միջից հորդող: Տեսողությունը կուտակում է բոլոր ճեղքերը և կտորտանքները, բոլոր խզվածքներն ու քերծվածքները, բոլոր թեքվածքներն ու ծերպերը, որին ունակ են երկիրն ու պատը, մոխրագույնն ու օքրան: Թվում է, թե մոտիկն ու հեռուն այդ տենդագին երազում միաձուլվում են, միահյուսվում են հենց մատերիայի ծանր և համառ աղմուկին, նրա լեռնացած մերկությանը կամ անապատային լերկությանը, բացվելով ի հանդիման աչքին, ձեռքին, քո ողջ մարմնի մղմանը:

Սակայն կա այլ հայացք: Այն չի ջնջում այն` առաջինը, այլ լրացնում է այն, այդպես բառը լրացնում է երաժշտությունը: Տեսողությունն այստեղ ասես ուշքի է գալիս, իր և աշխարհի միջև սահման է դնում, և, ուրեմն, տարածությունը հարցական է դարձնում և հարցական նշան է դնում:

Այստեղ նաև հմայվածությունն է, այստեղ ընթերցումն է: Թվում է, անդադար նկարչի կողմից հարցադրվող մատերիան միևնույն համառությամբ մի պատասխան է տալիս, տարված մի ցանկությամբ` ընկնել մարդու ոտքերի առաջ, հպվել նրան: Այն, ինչ նրան տագնապեցնում է, այժմ նրանից է բխում: Ցանկացած իրադարձություն, ցանկացած նշան թաքուն ուղղորդում են առ մարդը: Յուրաքանչյուր կտավում տեսնում ես նրա ձեռքի, եղունգի, գործիքի հետքը, մարմնի շարժման թափը` հաշվարկված կամ անփույթ: Երբեմն մարդկային բնույթը մատնում է ձևերի խստությունը, դրանց կատարյալ երկրաչափությունը, խիստ համաչափությունը: Երբեմն` բծերի ռիթմիկ գծանկարը, դրանց կրկնությունները, զուգահեռականությունը, քանոնով հավասարեցումը: Կամ էլ թե` գրաֆիտիի կպչուն մոտիվը կամ էլ անընթեռնելի տառերով, անհայտ լեզվով ձեռագրերը:

Կտավը` դա Տապիեսի առանցքային թեման է, որ պատի տեսք է առնում` խարխլված, քարուքանդ պատի: Դրանում այնքան ավելի կյանք կա, որքան այն ավելի դրսևորված է, կեղտոտ, քրքրված, ասես այն շնչում է իր վերքերով, կարծես հենց ինքը` կտավը, գրունտ է արված այդ բորակով և բորոտությամբ: Մեզանից յուրաքանչյուրն օրեցօր անվերջորեն անցնում է այդպիսի պատի երկայնքով, կպչելով, քերծելով այն, բայց միշտ բնազդաբար: Տապիեսը ստիպում է քարանալ այն բանի առաջ, ինչը սովորաբար ընկալվում է հընթացս, որպես պեծկլտող և հանգչող պատկերների շարան, որ անհայտ են մնում, որովհետև ոչ մեկի համար նորություն չեն:

Բավ է. որ պատռես ադ արագավազ տպավորությունների շղթան, հանկարծ մի բանի վրա սևեռես հայացքդ, որ այժմ որսում է այն մասը, որ տարածություն է դարձել, դարձել է նկար, և դու դեմ առ դեմ ես իրողության հետ, որն օրը օրին տեսել ես, բայց ոչ մի անգամ չես նկատել: Այդ պատը` բոլոր նշանների ծաղկաքաղն է, որ թողել է մարդը, ցանկացած մարդը, փողոցի անցորդը` բազմադեմ և մենավոր, նրա բոլոր տարբերակիչ հատկանիշները ջնջվել են, սպառվել են ճանապարհի ընթացքում` անկախ տեղից ու ժամանակից:

Այդ պատը` հիմքն է, բավականաչափ ընկալունակ և դրա հետ մեկտեղ` ամրապինդ, որպեսզի դրոշմի նրանց իրենց ողջ իսկությամբ և հաղորդի ողջ անկեղծությամբ: Պատը` պալիմպսեստ է, զգայուն առ այն, թե ինչպես է բախվում անանուն շարժմունքը, հալչում ոչ մեկի հոգոցը, որ զգայուն է առ անընթեռնելի գրաֆիտիները, առ թռչող ստորագրությունն անհետացած ականատեսի: Հենց մատերիայի երկակի, խաչասերված ազդեցությունը` էներգիայի ակտիվությունը, այդ մարդկային նշանների և հանկարծահաս փոփոխությունների ծաղկաքաղում, դրանց հետ նույնացած, քարացած մի ամբողջության մեջ, ինչը ստիպում է համարյա ֆիզիկական աննահանջությամբ զգալ բացակայողի ներկայությունը, նրա վաղանցուկ քայլը, այրող հեռացումը` անխուսափելի վերադարձը:

Վերադարձը, որին սպասում են, արթնացում, որ կանխագուշակում են` վերջին կտավները կարծես թե կամենում են փութացնել նրանց: Հայտնվում է գույնը` երկնագույնը, նարնջագույնը, կարմիրը ճեղքում են օքրայի, գորշագույնի, մոխրագույնի ամրապինդ միեղենությունը: Երևում են առարկաները, ֆիգուրները, կահ-կարասու և կահավորանքի հետքերն ու ռելիեֆները, մարմնի մասերը կամ էսքիզները, որ միաձուլվում են սպիտակեցված պատին կամ պոկվում են նրանից: Դրանք աղերսներ չեն առ իրականությունը, որից Տապիեսը մի ժամանակ հրաժարվել էր: Նրա նկարելաեղանակում, նրա ստեղծագործական ձեռագրում ոչինչ չի փոխվում: Նա առաջվա պես ոչինչ չի պատկերում, չի հաղորդում` գլխարկը, ակնոցը, ձեռքը: Խիստ ասած, ձեռքը, ակնոցը կամ գլխարկը նրա համար լոկ միևնույն մատերիայի հանկարծահաս փոփոխություններն են: Դիպվածով բերված նրա գլխապտույտ հոսքի, նրա կույր ամբոխի մեջ, նրանք լոկ պարտ են իրեն ծավալայնությամբ, աճի էներգիայով:

Երբեմն Տապիեսը դա շեշտում է վերնագրում` ոչ թե արգելանիվ, ոչ թե ոտնաթաթ, այլ «մատերիան` ոտնաթաթի ֆորմայով» կամ «Մատերիայի ծալքերը արգելանիվի ֆորմայով»: Առարկան ոչ թե տեղադրված է տարածության մեջ, այլ գրավում և շամփրում է այն: Այն նկարված չէ, գրված չէ, այլ փորված է ի խորք, կամ արտաբերված է ռելիեֆով, բարձրանում է լցվածքից կամ պաստոզային կեղանքներից, աճում է գրաֆիտիի գծերից: Դա մատերիայի ավատարներից կամ ֆանտազիաներից ևս մեկն է, նրա կերպարանափոխությունների կանգնեցված ակնթարթը:

Եթե չլիներ այդ հավասարակշռող նեցուկը և այդ պահող ձեռքի բորբոքումը, Տապիեսի «գլխարկից» դուրս կպրծներ նրա ողջ պլաստիկ հզորությունը, թողնելով օգտագործման միջին մակարդակի անեկդոտը: Նրա «ակնոցը»` որպես երկնագույնի վրա քսված լուսանցույց, հանդիսատեսին ետ են շպրտում` ստիպելով զննել կտավի տեքստուրան և կենդանի տեսնել դրա խարանները: Իսկ «Մերկ կինն» ասես մատերիայի երազը լինի, կնոջ տեսքով մարմնավորված ուրվական:

Մատերիայի կալանավորները, որ գոյում են միայն նրանում և սոսկ նրա շնորհիվ, ֆիգուրներն ու առարկաներն այստեղ միևնույն բնույթի են, ինչ որ պատի նշաններն ու հանկարծահաս փոփոխությունները, դրանք բոլորը հայացքը վերադարձնում են առ կտավի միաձուլությունը: Դրանք անհասանելի ներկայության հետքերն են, տենչանք առ գոյություն, այլ ոչ թե կտավի վրա արտաքին աշխարհի պատկերների վերարտադրությունը, ցանկացած տարածականություն, ցանկացած անթափանցություն դրանք միայն մարում են: Այն հաստատվում է, որպեսզի ինքնաոչնչացվի, կորցնի ամենայն դեմք և ժայթքեցնի ներքին ճնշումն այն էներգիայի բաց տեղի տեսքով, որից Տապիեսի գեղանկարչության մեջ նրա բացությունն ու հզորությունն է, նրա տարրալուծումն անհայտում, նրա ամբողջականությունը:
Աշխատանքի ավարտը` պատի և ճեղքվածքի նույնականությունն է:

Ռուսերենից թարգմանեց
ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս