«ՄԻԵԴ-ը փորձում է չեզոք գտնվել ու չներխառնվել այնպիսի գործերում, որտեղ Եվրոպան հատուկ հետաքրքրություններ չունի». Սիրանուշ Սահակյան

Հայտնի է, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Միջանկյալ միջոց կիրառելու հայցի մեջ հայկական կողմը 3 պահանջ է դրել:

«Այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց»,- նշված էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ արդեն տեղեկություն ստացվեց, որ ՄԻԵԴ-ը ստացել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանի դիմումը:

168.am-ի հետ զրույցում, հարցին, թե ի՞նչ է հետևելու սրան, և ի՞նչ կարող է հայկական կողմն ակնկալել, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ նախ ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ն այդ դիմումը կոմունիկացնի Ադրբեջանի կառավարությանը:

«Ես չեմ հիշում նման դեպք, որ Կանոն 30-ի հիմքով կիրառվի միջանկյալ միջոց: Շատ դժվար է այստեղ կանխատեսել: Այստեղ ՄԻԵԴ-ը ոչ միայն իրավունքի ուժով հարցը կլուծի, այլև ուշադրությամբ կհետևի, թե էսկալացիա լինո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպե՞ս է զարգանում: ՄԻԵԴ-ի դատական քաղաքականության հարցն է նաև, միայն իրավունքի հարց չէ: Դրա համար չի կարելի ասել, որ ի սկզբանե կանխատեսելի է ամեն ինչ»,- նշել էր Արա Ղազարյանը:

Այսօր «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանին նույնպես 168.am-ը խնդրեց ներկայացնել գանգատի վերաբերյալ հնարավոր զարգացումները ու դրական ելքի մեր հնարավորությունները:

«Իրականում նման միջոցի կիրառման հնարավորություն առկա է, թեև որպես կանոն՝ ՄԻԵԴ-ը փորձում է չեզոք գտնվել ու չներխառնվել այնպիսի գործերում, որտեղ Եվրոպան հատուկ հետաքրքրություններ չունի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Նա նշեց, որ գործնականում միջպետական գանգատներով եղել են դեպքեր, երբ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել, ինչպես օրինակ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» և «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործերն են: Իհարկե կոնտեքստը եղել է այլ և Եվրոպական, Ամերիկան բոլոր ռեսուրսներով ճնշել են Ռուսաստանին:

«Հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ն միջանկյալ միջոցը կիրառել է ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև դիմող պետությունների նկատմամբ: ՄԻԵԴ-ը կոչ է հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, բնականաբար, ռազմական գործողությունների դադարեցումը միայն իրավական գործընթացներով չի պայմանավորվում, և օգտագործվել են մեծ քաղաքական և դիվանագիտական ռեսուրսներ, համակցվել այլ ատյանների գործընթացների հետ, որից հետո որոշ ժամանակ անց հնարավոր է եղել ռազմական գործողությունների դադարեցումը:

Սիրանուշ Սահակյանի խոսքով ՄԻԵԴ-ը Հայաստանի պահանջը բավարարելու դեպքում՝ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը կուղղի ոչ միայն Ադրբեջանին, ինչպես պահանջել է Կառավարությունը, այլ նաև Հայաստանին: Մինչդեռ ասյտեղ կարևոր է մի հանգամանք, որ ի տարբերություն Ուկրաինական և Վրացական գործերի հակամարտության կողմը ոչ թե Հայաստանն է, այլ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի ներգրավվածությունը բացառապես պայմանավորված է իր երաշխավորի դերով:

Հարցին, թե գանգատը բավարարելու դեպքում ի՞նչ մեխանիզմներ կան՝ Ադրբեջանին ստիպելու դադարեցնել կրակը, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը, իհարկե, կխուսափի հետևել ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին, և այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ԵԽ-ն ի՞նչ հետևողականություն կցուցաբերի:

«Միջանկյալ միջոցները ևս իրավաբանորեն պարտադիր են և պետք է կատարվեն պետությունների կողմից, բայց պրակտիկայում պետությունները փորձում են արհեստականորեն ձգձգել դրանց կատարումը: Նույն Ադրբեջանը նման վարքագիծ նախկինում դրևորել է, և ցավալիորեն արդեն Հայաստանն է համալրել այն երկրների շարքը, որոնք անհիմն կերպով ձգձգել են ՄԻԵԴ-ի հայցի ապահովման միջոցների կիրառումը: Հաշվի առնելով, որ հարցը քաղաքական տիրույթում է, կարծում եմ, որ դրական ելքի դեպքում էլ Ադրբեջանն փորձելու է շրջանցել դատարանի պահանջը: Այս դեպքում կատարումը կախված է եվրոպական կառույցների վճռականությունից. արդյոք եվրոպական կառույցները կգործադրեն անհրաժեշտ քաղաքական ճնշումները, թե՞ թեթև հայտարարությունների մակարդակում կհանդուրժեն պատերազմական վիճակը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Վերջինս նկատեց,, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջան գործն առաջին դեպքն է, որ Հայաստանը միջպետական հարթության մեջ իրավական վեճի մեջ է մտնում Ադրբեջանի հետ:

«Իհարկե, վեճն այնպիսի օղակում է, որը տարածքային միջպետական վեճեր լուծող կառույց չէ, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարդու իրավունքների հարցով միջպետական վեճ ստեղծելն արդեն էական քայլ է»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ մոտավոր ժամկետներում մենք կարող ենք որոշում ակնկալել ՄԻԵԴ-ից, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ որոշումը շատ արագ կլինի, 1-2 օրվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս