«Ես չեմ հիշում նման դեպք, որ Կանոն 30-ի հիմքով կիրառվի միջանկյալ միջոց: Շատ դժվար է այստեղ կանխատեսել». Արա Ղազարյանը՝ ՄԻԵԴ ուղարկված պահանջի մասին
Հայաստանի Հանրապետությունը երեկ դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Միջանկյալ միջոց կիրառելու հայցի մեջ հայկական կողմը 3 պահանջ է դրել:
«Այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց»,- նշված էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:
Այսօր արդեն տեղեկություն ստացվեց, որ ՄԻԵԴ-ը ստացել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանի դիմումը:
168.am-ի հետ զրույցում, հարցին, թե ի՞նչ է հետևելու սրան, և ի՞նչ կարող է հայկական կողմն ակնկալել, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն ասաց, որ նախ ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ն այդ դիմումը կոմունիկացնի Ադրբեջանի կառավարությանը:
«Երեք պահանջ է դրված: Ադրբեջանին հաղորդակցելուց հետո կամ 3 հարցով, կամ 2-ով, կամ 1-ով բավարարի՝ Ադրբեջանից պահանջելով ձեռնարկել միջոցներ: Կարող է նաև մերժել 3 կետերն էլ»,- ասաց Արա Ղազարյանը:
Հարցին, թե երկու տարբերակներից ո՞րն է ինքը հավանական համարում, միջազգային պրակտիկան ի՞նչ է ասում, և նման իրավիճակներում առհասարակ ՄԻԵԴ-ն ի՞նչ դիրքորոշում է ունենում, միջազգային իրավունքի մասնագետն ասաց՝ այնքան քիչ նման դիմումներ կան, և գրեթե բացառվում է, որ նման դիմում ընդհանրապես լինի, երբ որ պետությունը հայցում է ոչ թե իր տարածքի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել, այլ իր տարածքից դուրս ընկած տարածքի, որ դժվար է ասել՝ ինչ կլինի:
«Ես չեմ հիշում նման դեպք, որ Կանոն 30-ի հիմքով կիրառվի միջանկյալ միջոց: Շատ դժվար է այստեղ կանխատեսել: Այստեղ ՄԻԵԴ-ը ոչ միայն իրավունքի ուժով հարցը կլուծի, այլև ուշադրությամբ կհետևի, թե էսկալացիա լինո՞ւմ է՝ թե՞ ոչ, ինչպե՞ս է զարգանում: ՄԻԵԴ-ի դատական քաղաքականության հարցն է նաև, միայն իրավունքի հարց չէ: Դրա համար չի կարելի է ասել, որ ի սկզբանե կանխատեսելի է ամեն ինչ»,- նշեց Արա Ղազարյանը: