Բաժիններ՝

Խստացվելու են կեղծ սննդամթերքի համար նախատեսված տուգանքները՝ նախագիծը բխում է նաև Արմավիրում ալկոհոլից թունավորման դեպքից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանը, Արփի Դավոյանը, Սերգեյ Ատոմյանը և Կորյուն Մկրտչյանը  հեղինակել և ԱԺ Պետաիրավական հանձնաժողովին են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ։

Այսօր հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրենքի նախագիծը, Արթուր Դավթյանը նշեց՝  նախատեսած հոդվածը, որը պետք է ներառվի Քրեական օրենսգրքում,  բխում է նաև վերջերս Արմավիրի մարզում տեղի ունեցած ալկոհոլից թունավորման դեպքից։

«Եթե չեք մոռացել, մի քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին, այսօրվա տարածվող լուրը դա է, որ կեղծ ալկոհոլից է։ Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելը, իրացնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Սակայն սննդամթերքի վերաբերյալ նման դրույթ չի պարունակում, ինչն այս նախագիծը նախաձեռնող պատգամավորների կարծիքով՝ բացթողում է, ուստի ձեռնամուխ եղանք ԱԺ-ին առաջարկելու այս փոփոխությունը։ Կարծում եմ՝ ներկայացված պատժամիջոցները խիստ են,  և դրանք հիմք կհանդիսանան, որպեսզի կեղծ սննդամթերք չարտադրվի»,- հիմնավորեց պատգամավորը։

Նշելով նախագծում նախատեսված պատժամիջոցները և տուգանքների չափերը, Արթուր Դավթյանն ընդգծեց, որ սննդամթերք արտադրող և ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 2-5 հարյուր հազար դրամի չափով։ Եթե այս արարքների հետևանքով մարդը մահացել է, ապա մեղավոր անձը դատավարտվում է 2 տարվա ազատազրկման։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախատեսված պատժամիջոցները անհամաչափ չեն, մասնավորապես, եթե անձին ծանր վնաս է պատճառվել, արդյո՞ք նախատեսված տուգանքի չափը մեղմ չէ, և այն պետք է ավելի խստացվի։

«Եթե սննդամթերք են արտադրել, որի արդյունքում մարդուն պատճառել են ծանր առողջական վնաս, այդտեղ նշել եք առավելագույնը 2 տարի ազատազրկում, նաև դրամական տուգանք եք նախատեսել 300 հազարից մինչև 1 մլն դրամ»,- նշեց պատգամավորը։

Արձագանքելով Սիսակ Գաբրելյանի մեկնաբանությանը, Արթուր Դավթյանը նշեց, որ, եթե պատգամավորն ունի որևէ առաջարկ, կարող է հնչեցնել, այն իր համար ընդունելի կլինի, քանի որ կեղծ սննդամթերք արտադրողը պետք է խիստ պատիժ կրի։
«Ինձ համար բոլոր փոփոխություներն ընդունելի են, որևէ խնդիր չկա»,- ասաց Արթուր Դավթյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք օրենքի նախագիծը քննարկել են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, և ի՞նչ կարծիքներ են հնչել։

Պատասխանելով՝ Արթուր Դավթյանն ասաց, որ նախագիծը բավականին երկար ժամանակ եղել է շրջանառության մեջ, և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հնարավորություն ունեին ուսումնասիրել և առաջարկներ անել, սակայն մինչև այժմ որևէ առաջարկ չի ստացել։

Նախագծի վերաբերյալ էական առարկություններ ներկայացրեց նաև կառավարության ներկայացուցիչը՝ հիմնավորելով, որ Քրեական օրենսգրքում առկա հոդվածները բավարար են ծագած խնդիրները լուծելու համար:

Ի վերջո, հանձնաժողովը չընդունեց այս տեսքով ներկայացրած նախագիծը՝ առաջարկելով լրամշակելուց հետո ներկայացնել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս