Փոխնախարարը՝ ուղևորափոխադրումների և նախատեսվող տուգանքների մասին. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը  

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով ընդդիմության հնչեցրած հիմնավորումներին, որ արտակարգ դրությունը չերկարաձգող նախագիծը մարդու իրավունքների հետ կապված հակասահմանադրական դրույթներ ունի, արձագանքեց. «Սահմանադրության խախտում այստեղ առկա չէ»:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նշենք, որ օրենքի երկրորդ ընթերցմամբ  ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

Փոխնախարարն ընդգծեց, որ նախագիծը նոր տուգանքների ավելացում չի նախատեսում. «Նոր տուգանքների մասին չէ խոսքը, այլ,  քանի որ Արտակարգ դրության ռեժիմից դուրս ենք գալիս, իսկ այդ տուգանքները վերաբերում էին արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումներին, ապա անհրաժեշտ է սահմանել համանման տուգանքների կիրառում, որպեսզի ուղղակի այդ պայքարը հնարավոր լինի կազմակերպել»,- պարզաբանեց փոխնախարարը՝ հավելելով նաև, որ պարետի ինստիտուտը վերանում է։

Ռաֆիկ Գրիգորյանը նաև կոչ արեց չմոլորեցնել հասարակությանը՝ ասելով, թե բժշկական գաղտնիքը հասանելի է դառնում տարբեր պետական մարմիններին.

«Բժշկական գաղտնիքի վերաբերյալ ինֆորմացիա նախատեսված է միայն բժշկական հաստատությունների կողմից մշակելուն, օգտագործելուն, ինչպես նաև՝ միայն վարակված լինելու մասին ինֆորմացիան կարող է փոխանցվել ոստիկանությանը կամ տեսչական մարմնին, որպեսզի կարողանան հսկողությունն իրականացնել մեկուսացվածի կամ ինքնամեկուսացվածի նկատմամբ»:

Նա տեղեկացրեց, որ հանրային միջոցառումների, հավաքների, ռեստորանների սահմանափակումն օրենքով նախատեսված է, սակայն այն կիրառելու-չկիրառելու հարցը Կառավարության իրավասության դաշտում է.

«Նախնական քաղաքականությունն այնպիսին է, որ սահմանափակումները շարունակելու են պահպանվել, սակայն՝ ինչ ռեժիմով, ինչպիսի կիրառմամբ՝ կֆիքսվի Կառավարության որոշմամբ»:

Անդրադառնալով  դիմակի կրման հարցի առնչությամբ օրենսդրական կարգավորումներին՝ փոխնախարարն այստեղ ևս նշեց  Կառավարության դերը. «Կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը:

Նախնական՝ նորից կարանտին սահմանելու որոշմամբ դիմակի հետ կապված կարգավորումները շարունակելու են գործել՝ այսինքն՝ այս օրենսդրական փաթեթը չի նշանակում, որ դիմակի կրման պարտադիր պահանջը հանվում է»:

Ի դեպ, Ռ. Գրիգորյանը շեշտեց՝ սահմանների հետ կապված՝ օրենսդրությամբ արգելք նախատեսված չէ այժմ, և  կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով:

«Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ երկրների կողմից մեր քաղաքացիներին չընդունելուն,  ապա դա պայմանավորված է միայն համաճարակային իրադրությամբ մեր երկրում: Բարեբախտաբար, համաճարակային իրադրությունը բարելավվում է, և բանակցություններ են տարվում այդ երկրների հետ, որպեսզի թույլատրեն մեր քաղաքացիների մուտքը»,- ամփոփեց փոխնախարարը:

Կառավարության ներկայացուցչի եզրափակիչ ելույթից հետո տեղի ունեցավ քվեարկություն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու մասին օրենսդրական փաթեթը:

Տեսանյութեր

Լրահոս