Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը կստեղծեն համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Համաձայնագրի մասին հայտարարվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի միջև Թեհրանում կայացած հանդիպումից հետո։

«Գովաբանելով Հայաստանին դժվարին ժամանակահատվածներում Իրանի կողքին լինելու համար՝ Պակնեջադը վերահաստատեց Թեհրանի պատրաստակամությունը ամրապնդել համագործակցությունը իր հյուսիսարևմտյան հարևանի հետ՝ իր տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակներում»,-նշում է իրանական լրատվամիջոցը։

Իրանի նավթի նախարարի խոսքով՝ երկու կողմերը քննարկել են էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանի կառուցումը և նավթամթերքի մատակարարումը Հայաստան։

Պակնեջադը նաև հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը համաձայնել են ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ և առաջարկել են հնարավորինս շուտ սկսել աշխատանքները, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլում կարողանան գնահատվել կոնկրետ արդյունքները։

Իրանի նավթի նախարարը հիշեցրել է, որ երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում գործող գործընկերությունը հիմնված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031