Աննա Հակոբյանն էլ խոսեց՝ բանակում սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել, առաջինը չէ. 2026թ. ճիշտ նույն բովանդակությամբ և վերնագրերով լուրեր են, ինչ 2012թ.

2018 թվականի իշխանափոխությունից հետո տարբեր ժամանակներում բանակում արձանագրված դեպքերի վերաբերյալ մեր հրապարակումներում հարցադրում ենք հնչեցրել՝  «ինչո՞ւ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը «գերագույն հրամանատար» Նիկոլ Փաշինյանին չի տալիս այն հարցերը, որոնք ժամանակին տվել է ՊՆ Սեյրան Օհանյանին»: Արդյո՞ք տրվել են դրանք, առնվազն հրապարակավ չի եղել:

Ավելին, իր պատգամավորության ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը խոսել է բանակում հանդիպող տարբեր արատավոր երևույթներից՝ զինծառայողների շրջանում վիճակախաղերով զբաղվել, խմել, թմրանյութեր օգտագործել, և դարձյալ ոչ մի ձայն, որ այս երևույթները ծաղկում են քաղաքացիական կյանքում, հասարակական կյանքում, առհասարակ, Հայաստանում, և, որի դեմ պայքարը երկրի ղեկավարության անելիքն է: Եթե այստեղ լինի ուժեղ պայքար, դրանք չեն մտնի բանակ, բայց հազարից մեկ հանդիպող կլինեն:

2023 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցավ Ազատի կացարանի հրդեհը, որին զոհ գնաց 15 զինվոր, և Աննա Հակոբյանը ոչ մի ձայն չհանեց այդտեղ զինվորների համար ստեղծված պայմաններից, ինչի՞ պետք է նորմալ պայմաններ չունեցող տունը դառնար զինվորական կացարան, թեպետ Նիկոլ Փաշինյանն էլ չէր շտապել դեպքի վայր, փոխարենը՝ շտապել էր վարկած առաջ քաշել՝ ինչից է հրդեհը բռնկվել: Այդ ժամանակ նույնիսկ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր.

«Եթե ընդդիմադիր լինեի, կպահանջեի պաշտպանության նախարարի հրաժարականը: Բայց ընդդիմադիր չեմ, Սուրեն Պապիկյանի թիմակիցն եմ, ուստի աջակցում եմ նրան՝ բանակում առկա խնդիրների լուծման հարցում»:

Կարդացեք նաև

Իհարկե, գործող իշխանության դեպքում Պաշտպանության նախարար փոխելով՝ ոչ մի լավ բան չի լինի, եթե չասենք՝ հակառակը: Չմոռանանք, որ 2018 իշխանափոխությունից հետո մի քանի նախարար ենք ունեցել՝ Դավիթ Տոնոյան, Վաղարշակ Հարությունյան, Արշակ Կարապետյան, և հիմա Սուրեն Պապիկյանն է: Նույն պատկերն է Գլխավոր շտաբի պետի դեպքում՝ Մովսես Հակոբյան, Արտակ Դավթյան (երկու անգամ), Օնիկ Գասպարյան, Էդվարդ Ասրյան, դեռ չենք հաշվում Կամո Քոչունցի ԳՇ պետի պաշտոնակատար մի քանի ամիս լինելը:

Վերադառնանք Աննա Հակոբյանին: Հուլիսի 21-ին Ճամբարակի զորամասում, ըստ Քննչական կոմիտեի, ինքնասպանություն է գործել զինծառայող Նարեկ Թորոսյանը, նա Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր: Ավելի ուշ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել են նրա երկու համածառայակիցները:

Եվ հիմա սրան Աննա Հակոբյանը որոշել է անդրադառնալ այս դեպքին:

«Օրերս հասարակությունը հերթական անգամ ցնցվեց զինված ուժերում սահմռկեցուցիչ դեպքի առիթով. զինծառայողներից մեկն ինքնասպանություն էր գործել, այնուհետ հայտնի դարձավ, որ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա երկու համածառայակիցներին: Սա առաջին դեպքը չէ, և, բնականաբար, մտահոգությունը մեծ է:

Եվ ես տեսա, որ մի շարք հասարակական կազմակերպություններ այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Եվ այդ հայտարարության մեջ նրանք նշել են, որ միայն 2026 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել են ոչ մարտական պայմաններում մահվան 8 դեպք, որոնց մեծ մասի առնչությամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրությունների, նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։

«Մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է՝ ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ՝ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Նրանք պահանջում են զինված ուժերում նվաստացնող վերաբերմունքի արգելք, բռնության կանխարգելում և խոցելի իրավիճակում հայտնված զինծառայողի պաշտպանություն: Մի շարք կետերով բազմաթիվ պահանջներ են ներկայացված, դրանցից մեկը նշվածն էր: Պահանջում են նաև հնարավորինս կարճ ժամկետներում իրականացնել բազմամասնագիտական ուսումնասիրություն՝ համակողմանի գնահատելու բռնության և ինքնասպանությունների առաջացման պատճառներն ու նպաստող գործոնները՝ ներառյալ նախորդ բռնության դեպքերի, հրամանատարական արձագանքների, հոգեբանական ռիսկերի և այլ ազդող հանգամանքների ուսումնասիրությունը, և այն հրապարակել։

Բնականաբար, այս հայտարարության հեղինակները և ոչ միայն նրանք, չափազանց մտահոգ են, լուծում են փնտրում: Ցանկացած մարդ չի կարող անտարբեր մնալ նման դեպքերի հանդեպ, և մտահոգությունը կիսում են բոլորը: Երբ բանալի բառերով փնտրում էի նշված հայտարարությունը մեջբերումներ անելու համար, նույն վերնագրով լուր հանդիպեց, բացելուց հետո տեսա, որ դա 2012 թվականի լուր էր, և հայտարարությունը, վերնագիրը, բովանդակությունը ճշգրիտ նույնն էր, ըստ էության: Անցել է 14 տարի, բայց մեր մտահոգությունը նույնն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասում է Աննա Հակոբյանը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ստեղծած բանակում նախկինների բանակի համեմատ կանոնադրական առումով բարելավում չկա՞, թե՞ սա ասվում է այն իմաստով, որ հասարակության մեջ բարքերը նույնն են մնացել: Գուցե երկուսն էլ նկատի ունի Հակոբյանը՝ մեկն անուղղակի և թիրախում տեսնելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, մյուսը՝ ուղիղ:

Ինչևէ, Աննա Հակոբյանը զինված ուժերում բռնության դեպքերի արմատների մասին խոսելով, այն տարավ դեպի ընտանեկան բռնություններ, որոնք, ըստ նրա, պաշտպանված են օրենքով: Եվ այս համատեքստում նա չանտեսեց անչափահասների շրջանում հանցագործությունների լուրջ մակարդակը, երբ քաղաքակիրթ ձևով հարցերը լուծելու փոխարեն՝ ընտրվում է ծեծը, դանակը: Եվ ավելի նպաստավոր «պայմաններով» այդ մշակույթը տեղափոխվում է Զինված ուժեր:

Հավելենք, որ անցած տարի կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով բանակում արձանագրված ոչ կանոնադրական դեպքերին և ոչ մարտական պայմաններում մահերին, նշել է

«Հա լավ, մեկ, երկու, երեք, չորս, տասը, հետո, երբ որ ուսումնասիրում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, կարդում ես, հետազոտություն ես պատվիրում, հարցնում ես, մեկ էլ ասում ես՝ մի րոպե, բայց այս պրոբլեմներից ոչ մեկը բանակում չի ձևավորվել։ Ոչ մեկը։

Այդ բոլոր պրոբլեմները քաղաքացիական կյանքից այսպես կտոր-կտոր-կտոր գալիս են, մի տեղ, փազլի կտորները մի տեղ հավաքվում են, և փազլը հավաքվում է։ Շատ պարզ տրամաբանությամբ, շատ պարզ պատճառաբանությամբ, ու մենք սա չենք հասկանում։ Գնում ենք, ասում ենք՝ էս անենք բանակում, բանակում անելը արդեն ուշ է, ժողովուրդ ջան։ Բանակում էլ չենք կարող բան անել, պիտի մանկապարտեզում, դպրոցում անենք, բուհում պետք է անենք»:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի արձագանքից հետո Փաշինյանը հավելել էր՝ բանակում էլ իր հերթին պետք է քայլեր արվեն, սա չի նշանակում, որ այնտեղ չպետք է ոչինչ անել։

Եվ այս համատեքստում Փաշինյանն անցել էր սոցիալ-հոգեբանական դասեր տալուն, թե մեր երեխաները դպրոցից դուրս են գալիս հոգեբանական պատրաստություն չունենալով, կյանք են մտնում հոգեբանական պատրաստություն չունենալով, հոգեբանորեն թույլ լինելով, թույլ կամքով:

Այդ ժամանակ մենք գրել ենք, որ վերը նշված արատավոր երևույթները ոչ միայն մտնում են բանակ, այլև բանակում ամրապնդվում և տարածվում, դրա համար միայն հասարակությունը չէ, որ մեղավոր է, հատկապես, եթե հաշվի ենք առնում այսօր դպրոցներում տիրող իրավիճակը, թմրանյութի տարածվածության մակարդակն անչափահասների շրջանում, և այն, որ օր չկա՝ կրակոցներ չլինեն: Սրա պատասխանատուն ո՞վ է, ըստ Աննա Հակոբյանի, արդյո՞ք երկրի ղեկավարը չէ առաջին պատասխանատուն, որ չի կարողանում կարգի բերել երկրում տիրող իրավիճակը:

Իսկ Աննա Հակոբյանը հետևե՞լ է Նիկոլ Փաշինյանի, իշխանության ներկայացուցիչների և նրանց մերձակա կամ հովանավորությունը վայելող անձանց վարքագիծը, պահվածքն ու խոսելաձևն իրենց ընդդիմախոսների կամ լրագրողների հետ: Ո՞վ է պատասխանատվություն կրել դրա համար: Իսկ Նիկոլ Փաշինյանի խոսույթը բռնություն չի՞ պարունակում:

Կարևոր է նաև երկրում տիրող իրավիճակը, իշխանության հովանավորությունը վայելողների դեպքում անպատժելիության մթնոլորտը:

Այնպես որ՝ երբ Աննա Հակոբյանը հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությունից հատուկ առանձնացնում և ներկայացնում է այն մասերը, որտեղ նկարագրվում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակցի ղեկավարած բանակում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է՝ ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ՝ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, պետք է կարևորել նաև վերը նշվածը, ոչ միայն ընտանեկան բռնությունը:

Ի դեպ, նույն հայտարարությունը նաև հոգեբանական բռնության մասին, կարո՞ղ ենք ասել, որ այսօր ՀՀ քաղաքացիները հոգեբանական ճնշման տակ չեն, երբ գիտեն, որ ցանկացած խոսքը կարող է դառնալ քրեական գործ, որը չի սպառնում իշխանական սադրիչներին:

Ինչ վերաբերում է բանակում դեպքերին, ապա դրանք նաև միայն բանակին առնչվող խորքային պատճառներ ունեն՝ մարդկային ռեսուրսի պակաս, կանոնավոր և սահմանված ժամանակով քուն, մարտական հերթապահությանը վերաբերող հարցեր, երբ այսօրվա զինվորը ծառայում է հակառակորդի քթի տակ և պիտի կուլ տա շատ բաներ, որովհետև խաղաղության օրակարգի ենք գնում, կամ՝ ով է այսօրվա զինվորի հերոսը, ինչ խնդիր է նրա առջև դրված, և այսպես շարունակ: Շատ նեղ մասնագիտական հարցեր կան, որոնք առանձին քննարկման թեմա են:

Իսկ Աննա Հակոբյանի արձագանքը բանակում արձանագրված վերջին դեպքին որքան կարող ենք սովորական համարել, այնքան էլ ոչ պատահական և տողատակեր պարունակող՝ ընտրված ժամանակից մինչև բառեր ու ձևակերպումներ:

Ի դեպ, օրերս իշխանական բլոգերներից մեկը ևս թիրախավորել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Այսինքն, զորահանդես այլևս չկա, բանակի հաշվին ձայներն ապահովված են… ընդ որում, քվեարկության օրը ոչ ոք չէր տեսնում զինվորների նվաստացման ոչ մի նշան, հիմա հանկարծ իշխանական շրջանակները սկսեցին նկատել այն, ինչ չէին նկատում, совпадение?… Հետընտրական ժամանակներ, յուրայինների «ատեստացիա…»:

Հ.Գ. Ի դեպ, Աննա Հակոբյանը գիտի՞, որ արդեն մի քանի տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա նախաշեմին չի գնում մարտական հենակետեր, զորամասեր՝ շնորհավորելու զինվորների և սպաների տոնը:

Սա, սակայն, բանակի հանդեպ վերաբերմունքի բավականին լուրջ ցուցիչ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031