Կաբո-Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան կարիերան կշարունակի չիլիական «Կոլո-Կոլո» ակումբում
Կաբո-Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան, ով դարձավ 2026 թվականի Աշխարհի առաջնության գլխավոր հայտնություններից մեկը, կարիերան կշարունակի չիլիական «Կոլո-Կոլո» ակումբում։
Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ակումբի նախագահ Անիբալ Մոսան՝ նշելով, որ կողմերն արդեն համաձայնության են եկել։ 40-ամյա դարպասապահն առաջիկա օրերին կժամանի Չիլի, բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կներկայացվի թիմի երկրպագուներին «Մոնումենտալ» մարզադաշտում։ Ըստ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ պայմանագիրը նախատեսված է լինելու 1,5 տարով։
«Սա պարզապես մարքեթինգային քայլ չէ։ Այո, նրա հայտնիությունն իր դերն ունի, բայց նախևառաջ նա հիանալի աշխարհի առաջնություն անցկացրեց և դեռ ի զորու է օգնել թիմին։ Իսկ նրա համաշխարհային ճանաչումը թույլ կտա լրացուցիչ ուշադրություն գրավել մեր ակումբի նկատմամբ»,- նշել է Մոսան:
«Կոլո-Կոլոն» իր հերթին սոցցանցերում արդեն ակնարկել է տրանսֆերի մասին՝ հրապարակելով Վոզինյայի ֆիրմային սանրվածքի ուրվագիծը։
Մինչև ԱԱ-2026-ի մեկնարկը Վոզինյան հանդես էր գալիս Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շավեշում», իսկ հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում էր: Սակայն Մունդիալում նրա փայլուն ելույթներն արմատապես փոխեցին իրավիճակը:
Կաբո-Վերդեի հավաքականը խմբային փուլում տպավորիչ արդյունքներ գրանցեց՝ ոչ-ոքի խաղալով Իսպանիայի (0:0), Ուրուգվայի (2:2) և Սաուդյան Արաբիայի (0:0) հետ և դուրս գալով փլեյ-օֆֆ: Իսպանացիների դեմ խաղում Վոզինյան 7 սեյվ կատարեց՝ անառիկ պահելով դարպասը: 1/16 եզրափակչում աֆրիկյան թիմը միայն լրացուցիչ ժամանակում զիջեց Արգենտինային՝ 2:3 հաշվով: Մրցաշարում անցկացրած 4 խաղում դարպասապահը բաց թողեց 5 գնդակ:
ՖԻՖԱ-ի վարկածով 40-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում, որը կազմվել էր երկրպագուների քվեարկության արդյունքում: Մրցաշարի ավարտից հետո Transfermarkt պորտալում Վոզինյայի տրանսֆերային արժեքն աճեց տասնապատիկ՝ 50 հազարից հասնելով 500 հազար եվրոյի:
Աննախադեպ էր նաև աճը վիրտուալ տիրույթում. ընդամենը երեք շաբաթվա ընթացքում Instagram-ում նրա հետևորդների քանակը 50 հազարից հասավ 29,5 միլիոնի: Այս ցուցանիշով նա դարձավ աշխարհի ամենապահանջված և հայտնի դարպասապահներից մեկը սոցցանցերում:
Ֆուտբոլիստի գործակալ Ադիլսոն դոս Սանտոս դա Կրուզը նշել էր, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք ակումբներ, սակայն Կաբո-Վերդեի լեգենդը որոշեց կարիերան շարունակել Չիլիի ամենատիտղոսակիր ակումբում։

