![](/banners/BeFunky-design.jpg)
«2016-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, իսկ 2020-ի հուլիսին տեղի են ունեցել առանձին մարտական գործողություններ». Արծրուն Հովհաննիսյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/arcrun-1.jpg)
Այս տարիների ընթացքում տարածաշրջանում անվտանգային մարտահրավերները չեն փոխվել, դրանք մնացել են նույնը՝ պատերազմի վտանգ, Ադրբեջանի մեծ ռազմականացում, մեր սահմաններից ոչ մեծ հեռավորության վրա մարտական գործողություններ, Սիրիայում բավականին խառը և հախուռն քաղաքացիական պատերազմ, Թուրքիայում քրդերի խնդիր և այլն:
168.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր տարածաշրջանում սպառնալիքները մեզանից անպակաս են, մշտական: ՀՀ զինված ուժերն ուշադրություն են դարձնում ամեն ինչին, ուշի ուշով հետևում տարածաշրջանի զարգացումներին, հակառակորդի գործողություններին, զորավարժություններին, հայտարարություններին: Ըստ էության, բոլոր պրոցեսները մեր հետաքրքրության և ուշադրության շրջանակում են, և մենք հստակ այդ ամեն ինչը տեսնում ենք»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ հայկական իրականության մեջ ՀՀ-ի և Արցախի հատվածում մարտական գործողություններին տարբեր որակումներ են տրվում՝ պատերազմ, դիվերսիա, լայնամասշտաբ ռազմական գործողություններ, արդյոք կա՞ հստակ սահմանում, կանոն՝ ո՞րն է դիվերսիա, որը՝ պատերազմ:
«Ցավոք սրտի, հստակ տարանջատում, սահմանում չկա: Այն, ինչն էլ եղել է ժամանակին, այն ակադեմիական ճշմարտությունները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Մենք այսօր շատ հաճախ չենք տեսնում դա, այսինքն՝ հստակ սահմանում դնելը շատ դժվար է»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հակադարձմանը՝ նախկին և ներկա պաշտոնյաներից որոշները 2016-ի ապրիլյան գործողությունները համարում են պատերազմ, բայց կան, որ ապրիլին տեղի ունեցածը դիվերսիա են համարում, ո՞րն է ճիշտ այս դեպքում, ծավալային առումով կարող ենք, չէ՞, կոնկրետ որակում տալ, թե ապրիլին ինչ ունեցանք՝ պատերա՞զմ, թե՞ դիվերսիա, ռազմական վերլուծաբանը պարզաբանեց.
«Պատերազմի և այլ տիպի մարտական գործողությունների բնորոշումների համար դասական ընկալումներն արտահայտվում էին առաջին հերթին հենց ծավալով, բայց դրանք աշխարհում այսօր շատ կտրուկ փոփոխության են ենթարկվում, և դժվար է ասել՝ այս ծավալի դեպքում պատերազմ է, այս ծավալից ներքև՝ պատերազմ չէ, որովհետև այդ կանոնները, կարելի է ասել, շատ պայմանական են, փոփոխական: Ինչ վերաբերում է հարցին, թե ապրիլին ինչ ունեցանք՝ պատերա՞զմ, թե՞…, ինձ համար շատ հստակ է եղել բնորոշումը, 2016-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, և ոչ թե չորսօրյա, այլ մոտ մեկամսյա: Իսկ 2020-ի հուլիսին տեղի են ունեցել առանձին մարտական գործողություններ կամ առանձին օպերացիա, որը բավականին մեծ ծավալի էր, բայց պարզ է՝ ապրիլյանից փոքր»:
Ճշտող հարցին՝ օրեր հետո հաստատվել է հրադադար, այդ դեպքում՝ ինչո՞ւ մեկամսյա, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Հրադադար եղավ, այո, սակայն հրետանային փոխհրաձգությունները, բավականին լուրջ և ինտենսիվ կրակոցները, կարելի է ասել, շարունակվեցին ամբողջ ապրիլ ամիսը»:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյայից հետո Արցախի ՊՆ–ն՝ «2016 թ․ ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմը» վերտառությամբ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է․ «Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով ՝ Ադրբեջանը հարկադրված էր ս. թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում»։