Ինչը կարող է ազդել ծխախոտի օգտագործման տարածվածության վրա
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է` որպես «Ծխախոտի դեմ պայքարի
ազգային օր»:
Ծխելու դեմ պայքարը մեր երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկն է: 2010 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2010-2015 թվականների «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը», որի նպատակն է` պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` ծխախոտի դեմ պայքարի կարևորագույն գործառույթներից է գնային համապատասխան քաղաքականության իրականացումը: Գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի կողմից ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման կարևոր և արդյունավետ միջոց կարող են դառնալ: Ծխախոտային արտադրանքի սպառման նվազեցմանն ուղղված համապատասխան հարկային քաղաքականություն են իրականացնում ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիայի բոլոր մասնակից անդամները: Այսօր գրեթե բոլոր երկրները տարբեր մեթոդներով հարկ են գանձում ծխախոտի վաճառքից առաջացած գումարներից` սահմանելով բավականին բարձր հարկեր, և նպատակ ունենալով ավելացնել պետական եկամուտները: Վերջերս տարբեր պետությունների կառավարությունները հարկերի բարձրացման միջոցով զսպում են ծխախոտի օգտագործման ծավալները, ինչը, հետևաբար, նվազեցնում է ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը սպառնացող վտանգը:
Ամբողջ աշխարհում տարեկան 5 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից, ինչը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և մալարիայից մահացության դեպքերի թիվը: Ծխողների գերիշխող մասը ծխելու արդյունքում առաջացած հիվանդություններից մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում):
Սպառման տեսանկյունից ծխախոտն աննախադեպ ապրանքատեսակ է, չհանդիսանալով առաջին անհրաժեշտության ապրանք` այն լայնորեն սպառվում է, ուստի և լուրջ տեսակարար կշիռ ունի տարբեր երկրների հարկային քաղաքականության մեջ: Ծխախոտի մեկ տուփի միջին մանրածախ գինն ամենաբարձրն է Եվրոպական տարածաշրջանում, այդ թվում` նաև Հայաստանում: Մեր երկրում տարեկան սպառվում է մոտ 5 մլրդ գլանակ ծխախոտ: Դեռևս 2007թ. կատարված ուսումնասիրության համաձայն` մեզ մոտ ծխում է տղամարդկանց` 55, կանանց` 2.5 տոկոսը: Բարձր է նաև ծխողների քանակն անչափահասների շրջանում:
Ծխախոտի և ծխելու դեմ պայքարի երկու եղանակ կա. գնային և ոչ գնային: Պայքարի գնային եղանակը նախատեսում է հարկերի ավելացում, որն էլ կբերի ծխախոտի գնի ավելացման և ծխողների մի մասին կստիպի հրաժարվել ծխախոտից: Պայքարի ոչ գնային եղանակով նախատեսվում է ծխախոտը քիչ հասանելի դարձնել մարդկանց համար, այսինքն` ծխախոտը չվաճառվի որտեղ պատահի: Ցանկացած սուպերմարկետում այսօր ծխախոտն ամենատեսանելի տեղերում է դրված, կամ հասարակական տրանսպորտի վարորդը մեքենան կանգնեցնում է ցանկացած վայրում, իջնում է և ծխախոտ է գնում առաջին հանդիպած կրպակից:
2010թ. տվյալները փաստում են, որ և Հայաստանում արտադրվող, և ներմուծվող ծխախոտի սպառման ծավալներն ավելացել են մոտ 30-34 %-ով: ՀՀ Պետեկամուտների նախարարության պաշտոնական կայքի տվյալներով` ներմուծվող ապրանքներից ակցիզային հարկի գումարում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ծխախոտի և սպիրտային խմիչքներից ապահովված ակցիզային հարկը: Եթե 2008թ. ակցիզային հարկի մուտքերը ներկրվող ծխախոտից կազմել են 3,9 մլրդ դրամ, 2009թ. այս թիվը նվազել է մինչև 2,5 մլրդ դրամի, սակայն 2010-ին կրկին ավելացել է` հասնելով 3,4 մլրդ դրամի:
Սրանից բացի, ծխախոտի ներմուծումը հարկվում է նաև հաստատագրված վճարով: 2010թ. ծխախոտի արտադրանքից հաստատագրված վճարի մուտքերը կազմել են 24,9 մլրդ դրամ, որը 17.6 %-ով կամ 3.7 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: ՀՀ-ում արտադրված ծխախոտի համար հաստատագրված վճարը 2010թ.-ին 2009-ի համեմատ աճել է 4.2%-ով, իսկ ծխախոտի ներմուծումից հաստատագրված վճարը` 29.6%-ով: 2010թ.-ին ՀՀ-ում արտադրվող ծխախոտի հաստատագրված վճարի 415.4 մլն դրամ աճը պայմանավորված է 2010թ.-ին 2009-ի համեմատ ՀՀ-ում արտադրված ծխախոտի ծավալների 24.7% աճով և Հայաստանում արտադրված և իրացված ծխախոտի արտադրատեսակների իրացման 30.8% աճով: 2010թ. ՀՀ ներմուծվող ծխախոտի հաստատագրված վճարի 3.3 մլրդ դրամ աճը պայմանավորված է 2010թ. 2009-ի համեմատ ՀՀ ներմուծվող ծխախոտի ծավալների 34.3% աճով: 2011թ. տվյալները պաշտոնական կայքում դեռևս բացակայում են:
Եթե Հարավ-Արևելյան Ասիայում, Ավստրալիայում կամ Նոր Զելանդիայում կան առողջապահական որոշակի կառույցներ, որոնք ստանում են ծխախոտից գանձվող հարկերի մի մասը և դրանք ուղղում են կոնկրետ առողջապահական ծրագրերի իրականացմանը, Հայաստանում նման փորձ գոյություն չունի: Մեզ մոտ բոլոր եկամուտները հավաքվում են մեկ տեղում և ծախսվում ըստ կառավարության առաջնահերթությունների: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով 2014թ.-ի հունվարի 1-ից ծխախոտի հարկումը կկատարվի ադվալորային սկզբունքով, այսինքն` չի հարկվի հաստատագրված վճարով, այլ կլինի ակցիզային և ավելացված արժեքի հարկ: Ֆինանսական հարցերով անկախ փորձագետ Արտակ Քյուրումյանի գնահատականներով, սա լրացուցիչ 3 մլրդ դրամով կավելացնի պետբյուջեն, որն էլ կարելի է ուղղել առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը:
R