Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր. Լրանում է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված սպաների՝ Գյումրիում գտնվող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման 10 տարին
10 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին, Գյումրիում տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր-գերեզմանատան՝ վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը, որին ներկա են եղել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Հուշարձանի վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Վիկտոր Կրիվոպուսկովը և Անդրանիկ Նիկողոսյանը:
168.am-ը նախաձեռնության հեղինակներից Անդրանիկ Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ծնվեց հուշահամալիր կառուցելու գաղափարը, արդյո՞ք այս տարի, քանի որ լրանում է հուշահամալիրի հիմնադրման 10 տարին, լինելու են դրան նվիրված միջոցառումներ, ո՞ւմ տնօրինությանն է հանձնված հուշահամալիրը, ո՞վ է զբաղվում նրա պահպանման ու խնամքի հարցերով:
«Ամեն ինչ սկսվել է 2008 թվականին, իսկ 2009 թվականին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին գերեզմանատան վերականգնման աշխատանքները: Իսկ «Պատվո բլուրը» բացվել է 2010թ. օգոստոսի 20-ին` Ռուսաստանի ղեկավարի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում: Բացման արարողությունը շատ մեծ իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ մասնակցում էին երկու երկրների նախագահները: Միջազգային հնչողության իրադարձություն էր, կազմակերպվեց նաև ՌԴ նախագահի պետական պաշտոնական այցը, որի ընթացքում կնքվեց նաև հայ-ռուսական նոր համագործակցության ռազմական պայմանագիր, ըստ այդմ՝ մինչև հիմա 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Դա պատմության ամենամեծ իրադարձություններից մեկն էր: «Պատվո բլուր»-ը չէր կարող վերականգնվել, կյանքի կոչվել, եթե չլիներ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցությունը, և հայ-ռուսական հարաբերություններում Սերժ Սարգսյանի դերն ու կարևորությունն ամենաբարձրն է:
Օգոստոսի 20-ին ամբողջությամբ կհայտարարենք 2020-2021թթ. ընթացքում կատարվող աշխատանքների մասին»,- ասաց Անդրանիկ Նիկողոսյանը:
Նա նշեց, որ Հուշահամալիրի պահպանությունը պետական հոգածության ներքո է, իսկ ինչ վերաբերում է միջոցառումների անցկացմանը, ապա դիմել է ՀՀ ներկայիս իշխանություններին, և Կառավարության կողմից դրական պատասխան են ստացել:
«Պարզապես խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պատճառով խնդրահարույց է այցեր կատարելու հարցը: Նախատեսվում էր մեծ պատվիրակության այց Հայաստան, հետևաբար՝ հիմա մի քանի այցեր պարզապես հետաձգվել են, որոնք որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն: Իրադարձությունները, միջոցառումները լինելու և շարունակվելու են, այդ հարաբերությունները ոչ մեկ օրում են ստեղծվել, ոչ էլ մեկ օրում ավարտվելու են: Միայն «Պատվո բլուր»-ում ռուսական բանակի 10.000-ից ավելի գեներալների, զինվորների, ռազմական բժիշկների գերեզմաններ են: Ի դեպ, պատրաստվում ենք հրապարակել բոլոր ռուս գեներալների, զինվորների անունների ցուցակը: Իհարկե, գնալով ամրապնդվում են հայ-ռուսական հարաբերությունները, և դրանք ոչ թե խոսելով, այլ գործելով պետք է ապացուցել»,- նշեց նա:
Հավելենք, որ հուշահամալիրի վերակառուցումը կյանքի է կոչվել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մտահղացմամբ և Ուլյանովսկի և Շիրակի մարզերի համագործակցության արդյունքում: