Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Լիբանանից 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով և 1 տարով տուն տրամադրել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Բեյրութում պայթյունից տուժած 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով։
Այս մասին Ավետիքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Ես չեմ գրում Pray for Beirut: Աղոթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ՝ Ձեռք առ Բեյրութ: Իհարկե, լավ է, որ հայոց կառավարությունը շուտափույթ մարդասիրական օգնություն է կազմակերպել, բայց նաև պետականություն ունենալու ողջ հմայնքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին ու նաև լիբանանցի հյուրընկալ ժողովրդին, այնպես ինչպես Բեյրութն է 1915 թվականի ջարդերից հետո ընդունել հազարավոր հայերի։ Կոչիս համահունչ հայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև 3 ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու մեկ տարի ժամկետով անհատույց տրամադրել Սարյան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել: Կոչ եմ անում նաև ԱԳՆ-ին ու Սփյուռքի գործերով հանձնակատարին հավաքագրել ու գույքագրել բոլոր նմանատիպ առաջարկություններն ու շուտափույթ կազմակերպել հուսահատված մարդկանց հյուրընկալումը»,- գրել է Ավետիքյանը:
Նա գրառմանը կից Բեյրութի քարտեզի նկարն է տեղադրել, որտեղ ընդգծել է պայթյունի վայրն ու հայահոծ թաղամասերը՝ Բուրջ Համմուդ, Հաճն, Մարաշ, Մար Միխայել, Աշրաֆիեհ և այլն: Նկարում հայկական թամամասերն առնված են կարմիր շրշանակի մեջ և այնտեղ կա մի վայր, որը կոչվում է Karantina: Ավետիքյանը նշել է, որ յդ բառը գալիս է Quarantinne բառից:
«Հենց այդ շրջանում են տեղակայվել ու երկար տարիներ ապրել ջարդերից մազապուրզ եղած տասնյակ հազարավոր հայեր, որոնց թվում նաև իմ 4 տարեկան պապիկը` Դանիել Աղան: Karantina-ում առաջին շինություններից, որոնք կառուցվել են հայերի կողմից, եղել են թիթեղյա եկեղեցին ու դպրոցը: Հետագայում, տնտեսական բարգավաճմանը զուգընթաց` հայերը Karantina-ից տեղափոխվել են մոտակա, ավելի բարեկեցիկ թաղամասեր: Ահա, թե ինչու է հայ համայնքն այդքան մոտ տեղակայված աղետի էպիկենտրոնին: Խոսելով բազմաթիվ բեյրութահայերի հետ, ակնհայտ է դառնում, որ Բեյրութում տիրում է ծայրահեղ հուսահատություն: Հույսի կորուստն ամենացավալին ու վտանգավորն է: Այո, մարդկային կյանքի կորուստը ամենածանրն է, բայց նվազ ծանր չէ մարդկանց կացարանների ու եկամուտի աղբյուրների կորուստը: Իսկ մեր հայրենակիցները դրանք մեծ մասամբ կորցրել են (ըստ որոշ հաշվարկների 40%-80%)»,- գրել է Վարուժան Ավետիքյանը: