Հայաստանի աշակերտների 1-ին սերունդն ավարտեց դպրոցն արհեստական բանականության ուղղությամբ
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի 1-ին շրջանավարտների ավարտական արարողությունը՝ նշանավորելով Հայաստանի առաջին սերնդի կայացումը, որն ավարտում է ավագ դպրոցն արհեստական բանականության ուղղությամբ։

2023-ից ի վեր Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համատեղ ներդնում են խորացված ԱԲ կրթությունը հանրակրթական համակարգում՝ թույլ տալով աշակերտներին որպես առօրյա դասացանկի մաս, անցնել խորացված հանրահաշիվ, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն։

«Ծրագիրը նպաստում է հանրակրթության մրցունակության բարձրացմանը՝ ձևավորելով ԱԲ կարողունակություններով օժտված շրջանավարտ։ Կարծում ենք, որ հանրակրթության ոլորտում այս ծրագրի ներդրումը շատ կարևոր նշանակություն ունի և համարվում է նորարարական մոտեցում։

Նպատակ ունենք բոլոր խոշոր բնակավայրերի ավագ դպրոցներում ներդնել ծրագիրը՝ արհեստական բանականությամբ հետաքրքրված բոլոր երեխաներին տալով հնարավորություն այս ուղղությամբ ստանալու խորացված կրթություն»,- արարողությանն իր ուղերձում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած հանդիսավոր արարողությանը Հայաստանի 7 մարզի 14 ավագ դպրոցներից ծրագրի 207 շրջանավարտ ստացել են իրենց ավարտական հավաստագրերը։

«Այսօր մենք տեսնում ենք այն սերունդը, որի անցած ուղին նոր նախադեպ է ոչ միայն մեր երկրի հանրակրթական համակարգի, այլև՝ աշխարհի շատ երկրների համար։ Սա Հայաստանից մինչև ԱՄՆ հայ մասնագիտական ներուժի և տարիների համախմբված աշխատանքի արդյունքն է։
Այս երեք տարիներն ապացույցն են նրա, որ Հայաստանի բոլոր մարզերում աշակերտները կարող են ստանալ որակյալ կրթություն և մրցունակ լինել ոչ միայն տեղի, այլև՝ միջազգային մակարդակում։ Ապագայում այս պատանիներից շատերին մենք կտեսնենք որպես AI հետազոտողներ ու նորարարներ, որոնք ունակ են խնդիրների մեջ տեսնել հնարավորությունն ու ստեղծել լուծումներ Հայաստանի և աշխարհի համար»,-նշել է FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։
Ծրագրի փորձարարական փուլը մեկնարկել է 2023-ին ՀՀ 7 մարզի 14 ավագ դպրոցներում։ 2025-ի սեպտեմբերից ի վեր «ԱԲ սերունդ»-ն ազգային ընդգրկում է ստացել՝ ընդլայնվելով երկրի բոլոր մարզերի 19 խոշոր քաղաքներում և 26 ավագ դպրոցներում։
Արդեն 2026-2027 ուսումնական տարում հիմնադրամն ու նախարարությունը նախատեսում են հասցնել դպրոցների թիվը մինչև 45-ի։ Ավելի վաղ՝ ապրիլի 12-15-ին, Սան Դիեգոյում կայացած ASU+GSV միջազգային կրթական մրցույթում ծրագիրը 2-րդն էր ճանաչվել «Ազդեցություն» կատեգորիայում՝ դարձնելով Հայաստանը ԱՄՆ-ից դուրս եզրափակչում ներկայացված միակ երկիրը մրցույթի 4-ամյա պատմության մեջ։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ինը տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 31 ծրագիր՝ հասնելով ավելի քան 27 000 շահառուի։




