Աննա Հակոբյանը, ըստ էության, վերահաստատում է, որ ես ճիշտ եմ․ Դանիել Իոաննիսյան

«Աննա Հակոբյանի խոշտանգման հետ կապված երեկոյան գրառումն իմ ասածներին հակասո՞ւմ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ չի հակասում․ ինքն ասում է` եկեք նայենք, թե ով կարող է իրականում տեսական խոշտանգել և մեջբերումներ է իրականացնում կոնվենցիաներից, վերարտադրում է Սահմանադրության կարգավորումները և այլն, ու չի ասում, որ ես սխալ եմ։ Նա, ըստ էության, վերահաստատում է, որ ես ճիշտ եմ»,- 168am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսպես է արձագանքում Աննա Հակոբյանի հայտարարություններին։

Իսկ Աննա Հակոբյանը նախօրեին հրատապ ասուլիս էր հրավիրել և մեղադրում էր Դանիել Իոաննիսյանին իր իրավունքների խախտման համար։

Ավելին, Հակոբյանը նշել է՝ պատրաստվում է Իոաննիսյանի դեմ հայցեր ներկայացնել և ոչ միայն․ Փաշինյանի կինն իր փաստաբանական թիմին խնդրել է նաև դիտարկել «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հեղինակաությանը, գործարար համբավին հասցրած վնասները հատուցելու պահանջով։

Իսկ առիթը՝ ապրիլի 22-ին «Անկախ դիտորդ»-ի դիմումն է վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Եթե վարչական դատարանը բավարարի դիմումը, ապա հիմնադրամին սպառնում է մինչև 6 մլն դրամ տուգանք։

Կարդացեք նաև

«Հանրահայտ փաստ է, որ «Իմ քայլը» հիմնադրամի անվանումն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և ըստ այդմ՝ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան»,- ավելի վաղ նշել էր «Անկախ դիտորդ»-ը։

Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ասուլիսում հնչած մեղադրանքներին, նկատեց․

«Մեղադրում էր և վկայակոչում էր տարօրինակ կարգավորումներ, ինչպիսին են՝ խոշտանգման արգելքը, կամ՝ խոշտանգված չլինելու իրավունքը, խտրականության արգելքը և այլն, բայց դա իր իրավունքն է։ Ցանկացած մարդ կարող է ցանկացած կարգավորում վկայակոչել, ցանկացած մարդ կարող է դիմել դատարան, ցանկացած մարդ կարող է դիմել իրավապահների»։

Արդյո՞ք սպասելի էր Ձեր հանդեպ քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունը, քանի որ, լինելով իրավապաշտպան, ամեն դեպքում, իշխանությունների հանգույն եք նայել շատ խնդիրների, իրենց նման է եղել ձեր մտածողությունը, իրենց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում եք ներառված, իսկ այսօր ձեզ փաստացի մեղադրում են Սահմանադրությունը ոտնահարելու մեջ՝ հետաքրքրվեցինք իրավապաշտպանից։

Ի պատասխան՝ նա նկատեց․ «Ինձ թվում է որոշ շրջանակների ընկալումն է, որ ես իշխանության կողմնակից եմ, որովհետև Հայաստանում դուք չեք գտնի մի մարդ, որն այդքան շատ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից իրականացված հանցագործությունների վերաբերյալ։

Չեք գտնի մի մարդ 3 միլիոն մարդու մեջ․ չկա որևիցե մեկը, ով որ գոնե իմ կեսի կեսի չափով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած լինի իշխանությունների տարբեր քայլերի մասով։ Այս առումով ես լրիվ նորմալ եմ վերաբերվում, որ տիկին Հակոբյանն էլ իմ մասով է հանցագործության մասին հաղորդում ներկայացնում։ Իհարկե, իր իրավունքն է»

«Մենք` ո՛չ ես անձամբ, ո՛չ «Անկախ դիտորդը» Աննա Հակոբյանին չենք զրպարտել, «Իմ քայլը» հիմնադրամին չենք զրպարտել․այն ինչ որ մենք ասում ենք, շարունակում ենք պնդել, և, առհասարակ, թող ինձ վրա քար նետի նա, ով կասի, որ «Իմ քայլ»-ը հիմնադրամը չի աֆիլացվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ,- արդարադատությունից սպասելիքների մասին մեր հարցադրումներին այսպես արձագանքեց իրավապաշտպանը,- Այն ամենը, ինչը որ նկարագրվում էր՝ խոշտանգում, խտրականություն, ընտրական իրավունքի իրացման խոչընդոտում․․․ նույն հաջողությամբ կարող են ինձ ծովահենության մեջ մեղադրել»։

168am-ը Աննա Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ ավելի վաղ պարզաբանումների համար դիմել էր նաև «Անկախ դիտորդ»-ի գրասենյակ։

«Իր իրավունքն է՝ ինչպես որ մեր իրավունքն էր՝ արձանագրել խախտումը և դրա մասին մեր հայցադիմում ներկայացնելը»,- Աննա Հակոբյանի՝ հնարավոր հայց ներկայացնելու մասին մեր հացադրումներին այսպես էր արձագանքել դիտորդական առաքելության ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930